Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Սեւանա լճի տատանումները կարող են սեյսմիկ վտանգ առաջացնել»

Օգոստոս 18,2014 12:57

Կառավարության որոշման համաձայն` այս տարի Սեւանից բաց կթողնվի ոչ թե 240 մլն խորանարդ մետր ջուր, ինչպես պետք է լիներ «Սեւանա լճի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, այլ 30 մլն խորանարդ մետրով ավելի` այսինքն 270 մլն խորանարդ մետր:

Այս թեմայի շուրջ այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ , բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ կառավարության նշած այն տեսակետի համաձայն, թե այս տարի սակավաջուր տարի էր, եւ ոռոգման խնդիրները լուծելու համար Սեւանից պետք է լրացուցիչ ջուր վերցնել, կարող է ճակատագրական լինել Սեւանի համար. « 270 մլն խորանարդ մետր ջրառի դեպքում Սևանա լճում ակնհայտ բացասական բալանս կլինի, դե իսկ անցյալ տարվա համեմատ լճի մակարդակը արդեն 10 սմ-ով իջել է»:

Տիկին Դանիելյանը Արարատյան ավազանի մակարդակի իջեցումը լուրջ էկոլոգիական խնդիր է համարում, քանի որ դրա արդյունքում է, որ ստիպված իջեցնում են Սեւանի մակարդակը: Տիկին Դանիելյան խոսքով` Սեւանա լճի ջրի մակարդակի տատանումները կարող են նաեւ սեյսմիկ վտանգ առաջացնել երկրում :

Բնապահպանը տեղեկացրեց, որ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում անկախ փորձագետների հետ,որպեսզի հասկանան, թե որ տեսակետն է ճիշտ. «Ամեն ինչ ճիշտ ենք անում, քանի որ դրանք պարզապես բնության փոփոխություններն են, եւ մյուս տեսակետն էլ, որն ամբողջ մամուլով շրջանառվում է, բնապահպան-ակտիվիստների կողմից առաջարկված տեսակետն է, որ սա դավադրություն է Սեւանի նկատմամբ»:

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանն էլ իր խոսքում նշեց, որ Սեւանը ջրամբար չէ, եւ նրանք դա բազմիցս նշել են. «Սակայն ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող պետական այրերը դժվարանում են դա հասկանալ եւ Սեւանա լճի ջրային ռեժիմը վերածել են ջրամբարային ռեժիմի` մեկ բարձրացնում, մեկ իջեցնում են»: Նրա պնդմամբ` լճերում ընդհանրապես ջրային ռեժիմների տատանումները բացասական հետեւանքներ են ունենում ամբողջ էկոհամակարգի վրա: «Սեւանը սննդի աղբյուր է, ամուր թիկունք ունենալու համար պետք է ունենանք ձկնային ռեսուրսներ, որոնց, անտարբեր վերաբերմունքի պատճառով, աստիճանաբար կորցնում ենք»:

Տիկին Ղուկասյանի խոսքով` Սեւանա լճի ջրի առավելագույն մուտքը եղել է 220 մլն խորանարդ մետր, սակայն եթե անգամ 270-ի փոխարեն, 240 մլն խորանարդ մետր ջրառ լինի, այն չի կարող չիջեցնել ջրի մակարդակը. «Ջրային ռեսուրսների փրկության միակ ուղին ջրի մակարդակի բարձրացումն է: Լճի մակարդակի այդ տատանողական իջեցումներն ու բարձրացումները բացասաբար են անդրադառնալու էկոհամակարգի վրա»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031