ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել Շիրակի մարզի բոլոր անձնագրային բաժանմունքներում: Նա պաշտոնազրկել է 90-ական թվականների սկզբներից այս համակարգում որպես անձնագրային բաժնի պետ աշխատողներիներին` նրանց փոխարեն, սակայն պաշտոնների նշանակելով այլ թոշակառուների:
Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատել ու կադրերի ռեզերվ է ուղարկել Գյումրու անձնագրային բաժնի մոտ 15 տարվա պետին` Գագիկ Խաչատրյանին: Ոստիկանապետը վերջինիս փոխարեն պաշտոնի է նշանակել Աշոցքի անձնագրայինի պետին, իսկ մեկ այլ ստաժավորի` փոխգնդապետ Արտակ Բարսեղյանին նշանակել է Արթիկի անձնագրայինի պետ: Վերջինս նախկինում զբաղեցրել է Գյումրու անձնագրային բաժնի պետի պաշտոնը, այնուհետ աշխատել է Շիրակ օդանավակայանի ոստիկանությունում` որպես ավագ օպեր-լիազոր, այստեղից թոշակի է անցել`որպես ոստիկան ու նորից աշխատանքի տեղավորվել Գյումրու անձնագրային բաժնում:
Նշենք, որ անձնագրային բաժնի աշխատակիցները ոստիկանությունում քաղաքացիական համակարգի աշխատակիցներ են համարվում:
ՀՀ ոստիկանապետը անգործ չի թողել նաև թոշակի գնացած մեկ այլ աշխատակցի: Նա Գյումրու անձնագային բաժինը կիսելով երկու մասի`պետ է նշանակել նաև Շիրակի մարզի քննչական բաժնի միակ կին քննիչին` Ջուլիետա Քալաշյանին, որը թոշակի էր գնացել քննչականում:
Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխությունները սրանով չեն ավարտվել. նա ազատել է Ախուրյանի անձնագրային բաժնի պետին, որը 16 տարի է այս համակարգում է. Արթիկի անձնագրային բաժնի պետ Ռուզաննա Բաղդասարյանին տեղափոխել է Մարալիկ, Մարալիկի պետին էլ ուղարկել է կադրերի ռեզերվ:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս համակարգի աշխատակիցների բնութագրմամբ, անձնագրայինի պետի պաշտոնը համարվում է ամենաեկամտաբերներից մեկը, անձնագրայինի պետերը Հայաստանի պայմաններում ստանում են բավական բարձր աշխատավարձ` 280-320 հազար դրամի կարգի, չհաշված դրսևորվելու համար ընձեռված կողմնակի հնարավորությունները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ