Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ , բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով այն տեսակետին, թե Սեւանա լճից ջրառը կատարվում է Արարատյան դաշտը ոռոգելու նպատակով՝ նշեց, որ, իրոք, Արարատյան դաշտը հիմա անապատացման եզրին է: «Չեմ հերքում, այդ իրավիճակը կա, բնակլիմայական պայմանների վատացում կա, բայց համոզված չեմ, արդյո՞ք դա է հիմնական պատճառը»:
Բնապահպանը համարում է, որ արտեզյան ավազանից ջուր վերցնելու թույլտվություն ստացած ձկնաբուծարանները անվերահսկելիորեն են օգտագործել ջուրը. «Եվրոպական երկրներում նման պարագայում ջուրը մինչեւ 90 տոկոս շրջապտույտ է իրականացնում, նորից չի վերցվում, իսկ մեզ հաջողվեց ընդամենը 7-8 տարվա մեջ խմել այդ ամբողջ ջուրը»:
Նրա խոսքով` չնայած որ ասում են, թե փոքր ՀԷԿ-երը աշխատում են միայն ոռոգման ռեժիմով, այնուամենայնիվ, շատ հազվագյուտ ՀԷԿ-եր են պահպանում էկոլոգիական-սանիտարական հոսքը. «Ամբողջ ջուրը վերցնում եւ անապատացնում են տարածքը` գյուղացիներին կտրելով ջրից»:
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանն էլ հավելեց, որ ոռոգման համակարգերը Հայաստանում խիստ անմխիթար վիճակում են . «Հասնել մինչեւ 60 տոկոս ջրային ռեսուրսների կորստի, նշանակում է` պարզապես ջրերը լցնել գետը եւ ուղարկել հարեւան երկրներ: Ոչ ոք նման շռայլություն իր երկրում թույլ չի տալիս: Եթե գոնե 20 տոկոսի խնայողություն ունենանք, հաստատ կարող ենք կլիմայի փոփոխման պայմաններում պահպանել հավասարակշռությունը եւ չենք թողնի մակարդակը իջնի»:
Կարդացեք նաև
Տիկին Ղուկասյանը լճի մակարդակի բարձրացման մասին անգամ չի խոսում. «Համոզված չեմ , որ մի քանի օր հետո 270 ցուցանիշը չեն դարձնի 300 մլն, պատճառաբանելով, որ Արարատյան դաշտավայրը ջրի կարիք ունի»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ