«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ:
– Ընդհանուր դաշտում՝ թե՛ տեղեկատվական, թե՛ ռազմական, պատերազմ էր: Որքանո՞վ էր Հայաստանի լրատվական դաշտը կարողանում ճիշտ լուսաբանել: Օրինակ՝ համեմատություն են անցկացնում Ադրբեջանի լրատվության հետ և ասում, որ մենք այս առումով առավելություն ունենք: Դուք ինչպե՞ս եք գնահատում:
– Ես կարող եմ ասել, որ Հայաստանի լրատվական դաշտն ավելի բաց է՝ մեզ մոտ գրաքննություն չկա: Հատկապես խոսքը ինտերնետային լրատվամիջոցների, ինտերնետային դաշտի մասին է՝ նկատի ունեմ սոցցանցերը և ընդհանրապես ինտերնետային լրատվությունը՝ դա կարող է լինել ինտերնետ-TV կամ ամսագիր, օրագիր, թերթ: Դրանք, ըստ էության, Հայաստանում գրաքննության չեն ենթարկվում, և այս իմաստով մենք մեծ առավելություն ունենք: Օրինակ՝ ադրբեջանցիների մոտ, ինչպես գիտենք, ցանկացած լրատվամիջոց, այդ թվում նաև՝ ինտերնետային, բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են կառավարության կողմից: Այստեղ մենք ունենք գրաքննության առավելություն՝ այն իմաստով, որ մարդիկ ազատորեն շփվում են սոցիալական ցանցերում, խոսում են, քննարկում, քննադատում իշխանության գործողությունները, նույնիսկ զինվորական իշխանությունների:
Կարդալով անգլերեն կամ ռուսերեն տեղեկատվությունը՝ Արևմուտքում տպավորությունն ավելի դրական է, քանի որ տեսնում են՝ այստեղ մամուլը բաց է, մարդիկ ազատ են, հասարակությունը բաց է, և քննարկում են բոլոր խնդիրները՝ առանց որևէ տաբուների: Այս իմաստով Արևմուտքում հայկական տեղեկատվությունը ավելի վստահելի է գնահատվում: Նրանք տեսնում են, որ մարդիկ ազատ քննարկում են, ազատ քննադատում են իշխանություններին, որ ընդդիմությունն ազատ իր լրատվամիջոցներն ունի, և մեր բոլոր լրատվականները անգլերեն, ռուսերեն էջեր ունեն՝ եթե չեմ սխալվում, ուստի Արևմուտքից որևէ մեկը այցելում է՝ տեսնում, որ այդտեղ ազատ քննարկումներ են ընթանում:
Կարդացեք նաև
Հետևաբար այն տեղեկատվությանը, որ հրապարակվում է ռազմադաշտում՝ սահմանային շրջանում տեղի ունեցող բախումների մասին, նրանք վերաբերվում են արժանահավատորեն: Դրա համար հայկական կողմից ստացվող տեղեկությունները հաճախ գնահատում են որպես ճշմարիտ տեղեկատվություն:
Մինչդեռ ադրբեջանական կողմից ստացվող տեղեկատվությունը միշտ կասկածի տեղիք է տալիս, ու ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները շատ խիստ գրաքննության են ենթարկում. մենք գիտենք, որ բազմաթիվ բլոգերներ այնտեղ բանտերում են: Որքան գիտեմ՝ երեկ, թե այսօր ձերբակալվել էր ադրբեջանցի իրավապաշտպան, ում Պրահայում մրցանակ է սպասվում: Եվ այս ամենը շատ բացասաբար է դիտվում:
Ինչ վերաբերում է տեղեկատվության ոլորտում մրցակցությանը կամ, ինչպես Դուք եք ասում, պատերազմին, ապա ես կարծում եմ, որ այդտեղ մեր լրատվամիջոցները ավելի շահեկան դիրքում են՝ հենց այն առումով, որ ավելի ազատ են:
Սիրանուշ ՊԱՊՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում