Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Վանո Սիրադեղյանն ինձ ասաց. «Ինձ թվում էր՝ մի մեծ, տարիքով, չաղ կնիկ ա գրում»

Օգոստոս 18,2014 14:10

«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում Նարինե Դիլբարյանը

«Ես Հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ էի: Գնացի պարոն Աբրահամյանի մոտ: Արամ Աբրահամյանի մեջ զարմանալի առինքնող մի բան կար, կարծում եմ՝ հիմա էլ կա, որ ինքը սիրում է նոր դեմքերի, թարմություն. կոնստանտ միջավայրը, որը շատերի համար ցանկալի է, նրանը չէ, ինքը նոր ծովերում իրեն լավ է զգում, ուստի վերցրեց իմ առաջին նյութը եւ տպագրեց»,- «Առավոտ» օրաթերթում աշխատանքային տարիներն է հիշում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

«Առավոտ» օրաթերթի հոբելյանական «Առավոտցիներ» շարքում այս անգամ զրուցել ենք նրա հետ: Լրագրողական առաջին աշխատավայրը եղել է «Առավոտի» խմբագրությունը: Մինչ այստեղ գալն էլ բանասիրությամբ էր զբաղվում, ասում է՝ գուցե առաջին հայացքից անհամատեղելի լրագրողի եւ լեզվաբանի մասնագիտությունները ստեղծեցին ժամանակի լեզվամտածողությունը, եւ հանրապետության ձեւավորման տարիներին միայն համալսարանում դասավանդելը նրան չբավարարեց: «Ես զգացի, որ միայն դասավանդելը փոքր լսարան է, եւ փորձում էի արեւի տակ կենսական տարածքների մեծացման հնարավորություններ, եւ այդպիսի պայծառ կենսական տարածք դարձավ «Առավոտը»,- պատմում է Նարինե Դիլբարյանը: «Գրում էի քաղաքական վերլուծական նյութեր՝ հրապարակախոսության շատ թույլ շերտերով: Իմ նյութերն այն մասին էին, թե ինչպես պետք է լիներ նորանկախ Հայաստանը, ինչպիսի քաղաքականություն պետք է վարենք մենք, ինչպիսի խորհրդարան ունենանք, ինչպիսին պետք է լինեն օրենսդիր մարմինները»,- հիշում է նա:

Ըստ Նարինե Դիլբարյանի՝ որոշ ժամանակ անց, երբ սկսեց «Առավոտում» կայուն աշխատել եւ ոչ միայն իր դատողություններն ու ըմբռնումները ներկայացնել քաղաքական իրավիճակի եւ նրա զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ, որոշեց ձայն տալ ժամանակի մերժված, լսարան չունեցող ընդդիմությանը: «Դա նախեւառաջ Դաշնակցությանն էր վերաբերում: Ի՞նչն էր առինքնող «Առավոտում», որը փաստորեն իշխանական կողմի ներկայացուցիչների կողմից էր հիմնադրված. միշտ կար բազմակարծությունը: Ես այդպիսի լրագրության եմ սովոր, որ փոքրամասնությունը պետք է միշտ ձայն ունենա, եւ Արամ Աբրահամյանի մեջ ինչ կուզենայի կարեւորել, որ ինքը չունի կոնստանտ քաղաքական համակրանքներ,- ասում է Նարինե Դիլբարյանը,- գնում էի, պեղում էի մերժյալ ընդդիմադիրների, եւ Արամը դրա համար խանդավառվում էր»:
Քաղաքական թեմաներից զատ, Նարինե Դիլբարյանն անդրադարձել է նաեւ ժամանակի տնտեսական համակարգին: «Տնտեսական վերլուծությունները շատ արդյունավետ էին: Այն ժամանակ ծանոթացա շատ լավ մարդկանց հետ: Կուզեմ հիշել լուսահոգի Թելման Տեր-Պետրոսյանին: Նա ֆանտաստիկ լայնախոհ մարդ էր եւ իմաստուն, Ազգային ժողովում նա էր ասում՝ այ, դու կարող ես գրել դրա մասին. ինչպես է ընթանում սեփականաշնորհումը, ինչպիսի ճյուղերը պետք է առաջնային լինեն…… Այն ժամանակ հայտնագործեցի Հրանտ Բագրատյանին, մինչեւ հիմա հիացած եմ նրանով: Հզոր գործիչ է»,- ասում է Նարինե Դիլբարյանը:

Նարինե Դիլբարյանը ջերմությամբ է խոսում խմբագրության ներաշխատանքային մթնոլորտի մասին: «Այնտեղ կար բարյացակամության եւ հանդուրժողականության լուրջ մթնոլորտ: Եթե անկեղծ լինենք, ապա հետագայում նկատելի եղավ, որ ինչպես հասարակության բոլոր շերտերում՝ եւ քաղաքական, եւ ապաքաղաքական, անհանդուրժողականությունը դարձավ ընդգծված, բայց «Առավոտում» երբեք դա չի եղել: Այնտեղ չկային նորելուկներ եւ հնադավաններ: Այդ բախումը, որը կարծես սովորական էր հասարակության մեջ, այնտեղ չկար, ուստի ես ինձ միշտ «Առավոտում» լավ եմ զգացել»,- ասում է նա, նշում, որ հարաբերությունները ջերմ էին բոլորի նկատմամբ՝ տեխնկական եւ ստեղծագործական աշխատակիցների: Նշում է՝ բոլոր լրագրող ընկերների անունները պետք է թվել. «Աննան Իսրայելյան, որը եկավ ավելի ուշ, բայց ոլորտում կայացած էր, Գենոֆիա Մարտիրոսյանին եմ շատ լավ հիշում՝ Ժենյան, որ սկսեց գրել խմբագրականները, նրա եգիպտական ժպիտը…… Դա իսկապես ընտանիք էր»:

«Առավոտում» աշխատելու տարիներից շատ հիշողություններ կան, որոնց մասին կարելի է խոսել, դրանից մեկը հատկապես հիշարժան է: «Ես լսեցի այս արտահայտությունն իմ մասին՝ «Դու հայ չես»: Իմ տատիկը կազակ է, ես դա երբեք էլ չեմ թաքցրել,- պատմում է Նարինե Դիլբարյանը,- Վանո Սիրադեղյանը, որպես գրող, ինձ հույժ անչափ դյութել է: Իմ առաջին գրախոսականը գրել եմ Սիրադեղյանի «Կիրակի» պատմվածքների ժողովածուի մասին: Այն ժամանակ շատ հավանյալ էին այդ գրախոսականները: Մի անգամ մի հավաքույթի ժամանակ նա ուշադիր նայեց ինձ ու հարցրեց՝ դո՞ւ ես Նարինե Դիլբարյանը: Ես էլ համեստ արժանապատվությամբ ասացի՝ այո: Ոտքից գլուխ նայեց ինձ ու ասաց՝ հեչ չէի ասի: Ես որոշեցի ինձ նայել ու ասացի՝ ինչո՞ւ, ասաց. «Ինձ թվում էր՝ մի մեծ, տարիքով, չաղ կնիկ ա գրում»: Ես սկզբից որոշեցի վիրավորվել, որովհետեւ պարզվեց, որ իմ նյութերից նա տպավորություն էր ստացել, որ ես քառասուննանց կին եմ: Չգիտեմ՝ լո՞ւրջ էր ասում, թե՝ ոչ, բայց հետո պնդում էր, որ լուրջ է ասել: Հետո երբ իմացավ, որ ես կազակ եմ, Տեր-Պետրոսյանին էլ ասաց՝ գիտե՞ս ինքը հայ չէ, համ էլ կազակ է, համ էլ որ պարում է, ռսի պես է պարում: Չգիտեմ՝ ի՞նչ էր ուզում ասել, թե ուզում էր խայթե՞լ. այն ժամանակ դաշնակներին էի շատ անդրադառնում, ու հետո, որ էլի ինձ համար վիրավորական էր, ասաց՝ ինքը «վազգենական» է, բայց ես ընդհանրապես ոչ մի «ական» չեմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ դարձել»: «Առավոտից» հետո աշխատել է մի շարք այլ լրատվամիջոցներում, լրագրությամբ դադարել է զբաղվել 2005 թվականից, այժմ դասախոսում է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում՝ որպես գրաբարի դասախոս: «Որպես լեզվաբան եւ նաեւ նախկին լրագրող պիտի ասեմ, որ ներկայիս լրատվական դաշտում «Առավոտը» շարունակում է բարձր մասնագիտական որակների կրողը լինել եւ հնարավորինս հեռու մնալ անհեթեթ եւ ժամանակավոր երեւույթներից: Արամը սիրում էր որսորդներին, լրագրողները պետք է որսորդներ լինեն. գնան, գտեն այն, ինչը որ երբեք չի հնչել: Այդ որսորդական տենչը կա, որն ինձ միշտ խանդավառում է,- ասում է Նարինե Դիլբայանը եւ 20-ամյա «Առավոտին» ցանկանում է.- շարունակի լինել հայոց լեզվի դավանողն ու նրա կրողը եւ շարունակի մնալ բազմակարծության ամբիոնը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031