Բեմադրիչ Գոհար Փոքրիկյանը կրկին իր մասին խոսել կտա
Գարնանը Սանկտ Պետերբուրգում ավանդաբար անցկացվող «Հանդիպումներ Ռուսաստանում» թատերական փառատոնում ներկայացվեց Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում 2011թ. Գոհար Փոքրիկյանի (լուսանկարում) ռեժիսուրայով բեմադրված Պյոտր Գլադիլինի «Ուրիշ մարդը» պիեսը։ Ներկայացմանը մասնակցում էին դերասաններ Լիլիա Մուկուչյանն ու Մանվել Խաչատրյանը։ Փառատոնի ավարտին հրավիրված մասնագիտական քննարկումներին ճանաչված թատերագետ Ելիզավետա Ռոնգինսկայան ասել էր, թե այդ ներկայացումով ամբողջովին փոխվեց իր կարծիքը հայ երիտասարդական թատրոնի մասին։ Նշել էր նաեւ, որ պիեսը բեմադրությամբ ներկայացնելու համար թույլ էր, եւ սա եզակի դեպքերից է, երբ երիտասարդ ռեժիսորի ու դերասանների մեկնաբանությունը փրկեց պիեսը։ Թատերագետը հայտնել էր նաեւ, որ հիշյալ պիեսը իր համերկրացիների ընթերցմամբ երբեւէ չի հավանել։
«Առավոտին» երկար ժամանակ պահանջվեց «գտնելու» Գոհար Փոքրիկյանին։ Թատրոնի մարդիկ նշում էին, որ երիտասարդ բեմադրիչը 2011թ. «Ուրիշ մարդը» պիեսից հետո կարծես անհետացել էր՝ չհաշված ստեղծագործական դադարից հետո «Դպրոցականի ֆիլհարմոնիայում» ըստ հայկական առակների բեմադրած ներկայացումը։ Զրուցակիցները հայտնեցին նաեւ, որ Գոհար Փոքրիկյանը, որն ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գրիգոր Մկրտչյանի արվեստանոցը, ինքնամփոփ, խելոք, ինչ-որ տեղ քաշված ուսանող է եղել։ Նրան կարելի էր հանդիպել ինստիտուտում եւ դրսում՝ միայն գիրք ընթերցելիս։ Եվ 2008 թ., չորրորդ կուրսում այդ ինքնամփոփ աղջիկը մասնակցելով «Գիսանե» միջբուհական փառատոնին, իր հայկական կրթությամբ ներկայացրեց ռուս ժամանակակից դրամատուրգ Ալյունա Չուվարովայի «Երիտասարդություն՝ մեկ գիշերում» պիեսը, ինչը զարմանք առաջացրեց մեր թատերական դաշտում։
«Առավոտը» հանդիպեց Գոհար Փոքրիկյանի հետ։ Հարցին ի պատասխան, թե՝ ինչո՞ւ է հայկական կրթությամբ բեմադրիչը ուսանողական տարիներին եւ հետո ընտրել ու ներկայացել ռուս հեղինակներին՝ բնագրերով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախընտրում եմ ռուս թե՛ դասական եւ թե՛ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները»։
Իսկ ինչո՞վ է բացատրում ռուսական թատրոնում իրականացրած իր բեմադրության հաջողությունից հետո տեւական լռությունը: Այս հարցին Գոհար Փոքրիկյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց։ Միայն ասաց, որ «Ուրիշ մարդը» ներկայացումը ծանոթ է հայ հանդիսատեսին՝ Գյումրիում կայացած «Դուետ» միջազգային եւ հայաստանյան այլ փառատոներից։
Մեր զրուցակիցը հիշեց իր մասնակցությունը 2012 թ. Մոսկվայում կայացած ժամանակակից արվեստների «Տերիտորիա» դպրոց-փառատոնին։ «Փառատոնի գեղարվեստական ղեկավարն էր Մոսկվայի «ՁպՈՑՐ վՈՓՌՌռ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Եվգենի Միրոնովը։ Իսկապես մեծ դպրոց էին փառատոնային օրերը, որոնք վարում էին ռեժիսորներ Կիրիլ Սերեբրյանիկովը, Կամա Գինկասը, Անդրեյ Մագուչին, դերասանուհի Չուլպան Խամատովան, թատերագետ Ռոման Դոլժանսկին եւ անվանի շատ արվեստագետներ։ Այդ օրերին դիտեցինք ոչ միայն ռուս եւ եվրոպացի ժամանակակից բեմադրիչների աշխատանքներ, մասնակցեցինք վարպետության դասընթացների»,- հայտնեց բեմադրիչը։
Իսկ թե ինչի՞ հետ է կապված բեմադրիչի ստեղծագործական դադարը, եւ երբ կավարտվի այն, Գոհար Փոքրիկյանն առանց մանրամասնելու ասաց. «Դադարն ավարտված է… Այս պահին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ ընթանում են Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսի բեմադրական աշխատանքները, որին հրավիրված եմ իբրեւ ռեժիսորի ասիստենտ»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.08.2014
Գոհար ջան, չգիտեի, որ ,,Էլի մեկ զոհի,, ռեժիսորն ես: Ուրախ եմ շատ: Երևի նաև հասկանում ես, թե ինչու: Ես քեզ շատ սիրում եմ, գնահատում, ուստի հպարտ եմ, որ Գաբրիել Սունդուկյան-Լևոն Մութաֆյան ,,համագործակցության,, արդյունքում ծնված ստեղծագործության ռեժիսորն ես: Հաջողություն, աղջիկս…