Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չուլանի» հարցով էլ են դիմում նախագահին

Օգոստոս 18,2014 14:30

Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները մոռանում են, որ իրենց գործը  ոչ թե ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելն է, այլ բնակչի հարցով զբաղվելը, այդ թվում նաեւ՝ «չուլանի»:

Այսօր վերելակի, աղբի, ջրի խողովակի, անգամ «չուլանի» հարցով մեր քաղաքացիները դիմում են հանրապետության նախագահին: Տարրական հարց է առաջանում, թե ինչի՞ եւ ո՞ւմ համար են գործում հարկատուներից սնվող տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց բուն գործառույթը բնակչի խնդիրներով զբաղվելն է: Շատ քաղաքացիներ իրենց այս կամ այն կենցաղային հարցով այսօր չեն էլ փորձում դիմել համատիրություն, թաղապետարան կամ քաղաքապետարան եւ ուղիղ նամակ են գրում նախագահին: Նախագահականից էլ նոր միայն մարդկանց դիմումները մակագրվում են ստորին օղակներ: Այսինքն՝ մեր երկրում դիմումները ուղղելու ճիշտ հակառակ ընթացակարգ է գործում, կամ էլ քաղաքացիները հետեւում են նախագահ Սերժ Սարգսյանի համոզմունքին՝ «պետք է գլխից բռնել»:

Քաղաքացի Զիլինա Մնացականյանի վնասված ջրի խողովակի հարցն էլ հասել է նախագահի նստավայր: Բայց միեւնույն է՝ լուծում չի ստացել՝ անկախ այն բանից, որ գործին նախագահականն էլ է խառնվել: Նախագահի վերահսկողական ծառայությունից գնացել խնդրին ծանոթացել են եւ համոզվել, որ տիկին Զիլինան ճիշտ է: Աղայան 7 հասցեի թիվ 3 բնակարանում ապրող Զիլինա Մնացականյանը տարիներով զրկված է լոգարանում ջուր ունենալու հնարավորությունից: Բանն այն է, որ նույն շենքի առաջին հարկի ընդհանուր օգտագործման տարածքում՝ հենց մուտքամասում, թիվ 5 բնակարանի սեփականատերը, տիկին Զիլինայի խոսքերով, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի երկաթյա հավաքովի ենթակառուցվածքով փակել է թիվ 3 բնակարանի պատը, որի մեջ է գտնվում բաղնիք֊զուգարան հատվածի ջրագծի եւ կոյուղագծի վթարային հորանը (շախտա)։
Զիլինա Մնացականյանի խոսքերով՝ հարեւանի կողմից ստեղծված տեխնիկական խոչընդոտը թույլ չի տալիս, որպեսզի համատիրությունը վերականգնի ջրամատակարարումը: Համատիրությունը պատճառաբանում է, թե հնարավոր չէ մոտենալ ջրագծի կանգնակին։

«Մուտքամասում ապօրինի ենթակառուցվածքը առկա է եւ փաստ է, որ իմ բնակարանի պատը ապօրինաբար զավթված է, այսպիսի փաստի վրա քաղաքային իշխանությունը իրավունք չունի աչք փակելու, անտեսելու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է տիկին Զիլինան՝ մեկ առ մեկ ցույց տալով ՀՀ նախագահի, քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի ու համատիրության անպտուղ պատասխանները: Զիլինա Մնացականյանը խնդրի վերաբերյալ տասնյակ ահազանգեր էլ թողել է Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի թեժ գծերին. երբ հետաքրքրվել է բողոքների «ճակատագրով», պատասխանել են՝ ձեր հարցն ընթացքի մեջ է: Քաղաքացին դժգոհություն է հայտնել նաեւ կառավարության թեժ գծին, ապա դիմում գրել ՀՀ վարչապետին:

Տիկին Զիլինայի խոսքերով՝ հարեւանի «չուլանի» պատճառով իր բնակարանի մուտքամասը զրկված է նաեւ բնական լուսավորությունից։ Սակայն համատիրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում ընդհանուր օգտագործման տարածքը կարգի բերելու եւ անօրինականությունը վերացնելու ուղղությամբ: Տիկին Մնացականյանը դիմել է դատարան, որն էլ քաղաքացու դիմումը չի ընդունել՝ պատճառաբանելով, թե համատիրությունն է շենքի տերը, նա էլ պետք է դիմի: Տիկնոջ խոսքերով՝ համատիրությունն էլ չի դիմում. բնակչին համատիրության նախագահը պատասխանել է՝ համատիրությունը քանդող չէ, սարքող է:
«Ինձ էլ ասում են՝ պետք է քո բնակարանից գանք քանդենք, ջրագիծը վերանորոգենք, բայց ինչու պետք է ես նյութական վնասներ կրեմ, եւ հետո լոգարանը վերանորոգեմ, երբ այդ գործողությունը կարող են մուտքից անել: Հարեւանն իրավունք չուներ ընդհանուր օգտագործման տարածքը զավթելու՝ այն էլ այնպիսի հատված, որտեղով անցնում է ջրի խողովակը: Թող էլի կառուցեր, բայց ինձ վնաս չտար կամ շախտը չփակեր»:

Տիկին Մնացականյանը վստահեցնում է, որ իր խնդիրը լուծում չի ստանում, քանի որ այս գործին խառնված է հարեւանի որդու ընկերը՝ երգիչ Մարտին Մկրտչյանը, որն ամեն տեղ, այսպես ասած, բարեխոսում է ու գործն առաջ տանում. «Ուր գնում եմ, ասում են՝ մենք էդ հարցով չենք կարող զբաղվել, ի՞նչ է, այս երկրում չկա՞ մի կառույց, որ ի վիճակի է այս հարցին լուծում տալ, ես որքա՞ն պետք է մնամ առանց ջրի: Ի դեպ, «չուլանը» կառուցելու համար պետք էր ամբողջ շենքի բնակիչների համաձայնությունը, քանի որ դա ընդհանուր օգտագործման տարածք է, սակայն ես հետաքրքրվել եմ՝ բնակիչները, այդ թվում եւ ես համաձայնություն չենք տվել»:

Զիլինա Մնացականյանը պատմում է, որ նույն շենքի թիվ 9 բնակարանի սեփականատերն էլ, կրկին առանց համապատասխան փաստաթղթերի, ապամոնտաժել է իր բնակարանի ընդհանուր օգտագործման օդափոխության ուղղաձիգ բետոնե համակարգը. «Տասը տարուց ավելի զրկված եմ բազմաբնակարան շենքի օդափոխության հորանի նպատակային օգտագործումից։ Բնակարանում չկա ցիրկուլացիոն օդափոխություն, եւ զրկված եմ բնական գազ ունենալու հնարավորությունից»։

Նշենք, որ օդափոխության համակարգի վերականգնման մասով կա դատարանի վճիռ։ Մինչդեռ, տիկին Զիլինայի խոսքերով, «Կենտրոն» համատիրության մասնագետները դատարանի վճիռը կատարել են մասնակի եւ լուրջ թերություններով:
Սա հաստատել են «Երվա-Գազ» ՍՊԸ-ի եւ քաղաքաշինական պետական տեսչության կողմից տրված եզրակացությունները: Ըստ տեսչության՝ Երեւան քաղաքում ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման իրավասությունը վերապահված է Երեւանի քաղաքապետին։

Տիկին Մնացականյանը դիմում է Տարոն Մարգարյանին. «Ջուր չունեմ, չկա օդափոխություն։ Իմ բողոքների պարագայում ձեր ղեկավարած կառույցը իրականում ոչինչ չի ձեռնարկում անօրինականությունների վերացման համար։ Կրկին անգամ խնդրում եմ ձեզ՝ դիմումս վերցնել հսկողության տակ՝ վերը նշված անօրինականությունները վերացնելու, հարցը առարկայական ձեւով շուտափույթ լուծելու, միաժամանակ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

«Առավոտի» հարցին, թե ընդհանուր օգտագործման տարածքը «բռնագրավելու» համար ինչո՞ւ համատիրությունը չի դիմում դատարան, «Կենտրոն» համատիրության ինժեները, որը քաջածանոթ էր Զիլինա Մնացականյանի խնդրին, ասաց, որ հարցն ամենեւին էլ «չուլանի» հետ կապված չէ: Ըստ ինժեների՝ համատիրությունը մեկ անգամ չուլանի միջից քանդել է, որպեսզի Զիլինա Մնացականյանի խողովակը վերանորոգի, սակայն հնարավոր չի եղել աշխատանքներ իրականացնել. «Չուլանի հատվածից փորձեցինք, սակայն քանի որ առաջինը ջրաթափն էր, հետո կոյուղու խողովակը, ապա՝ կանգնակը, այդ կողմից չենք կարողանում մոտենալ, եւ բնակչին առաջարկել ենք իր բնակարանից: Բաղնիքում մի քանի սալիկ ենք հանելու՝ աշխատելով հնարավորինս քիչ վնաս հասցնել, բայց նա չի համաձայնում»:

Ինչ վերաբերում է դատարան դիմել-չդիմելուն, ապա ինժեներն ասաց, որ այդ հարցին միայն համատիրության նախագահը կարող է պատասխանել, որն էլ մինչեւ աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չարձագանքեց:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031