Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գոնե այս հարցում պետք չէ շահարկել»

Օգոստոս 18,2014 14:40

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ պատգամավոր
կանանց զինվորական հագուստներով նկարները սոցիալական ցանցերում տարածելու մասին

-Սոցիալական ցանցերում շատ քննադատվեց այն, որ ՀՀԿ խմբակցության կանայք սահմաններում լարված օրերին այցելեցին սահմանամերձ զորամասեր, ապա զինվորական հոսպիտալում այցելեցին վիրավորված զինվորին, զինվորական հագուստներով նկարվեցին ու այդ նկարներն անմիջապես հայտնվեցին սոցիալական ցանցերում: Այդ կանանցից մեկն էլ Դուք էիք:

– Եկեք չմոռանանք, որ խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է, եւ գոնե այս հարցում պետք չէ անտեղի շահարկել, թե որ կուսակցության անդամ ես, կին ես, թե տղամարդ, որ խմբի շահերն ես պաշտպանում: Այսօր մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր շահ` հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության շահը: Թշնամու դեմ կռվելը միայն զինվորի խնդիրը չէ: Մեզանից յուրաքանչյուրն իր կռիվը պետք է տա` մեր ձեւով ու մեթոդներով, մեր խոսքով ու գործով, հայոց բանակի, զինվորի հանդեպ հոգատարությամբ ու մեծարանքով: Մեր զինվորների սխրագործությունը նաեւ հայրենասիրական դաստիարակության լավագույն օրինակ է, որը պետք է խրախուսել, եւ այն պետք է անմասն չմնա մեր հոգածությունից: Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հայ զինվորի անկոտրում ոգին խուճապի մատնում հակառակորդին, իսկ այդ ոգին նրանց մեջ կերտել են նրանց մայրերը: Մեր այցելությամբ մենք խոնարհվում ենք բոլոր զինվորների մայրերի առջեւ, որոնց ափերի մեջ է կերտվում ազգերի ճակատագիրը:

– Թեպետ հայկական կողմերը պաշտոնապես փաստում են, որ Սոչիի հանդիպումից հետո մոտ տասն անգամ նվազել են սահմանային միջադեպերը, բայց տեսակետ կա, որ նախագահներ Սարգսյանի, Պուտինի եւ Ալիեւի եռակողմ հանդիպումը չի նպաստի սահմանային լարվածության թուլացմանը եւ միառժամանակ անց Ադրբեջանը նորից կսկսի ակտիվ գործողություններ իրականացնել հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային հատվածներում: Ձեր կարծիքով՝ նման նախանշաններ կա՞ն:

– Ակնհայտ է, որ լարված իրավիճակն արդեն նվազել է. կարծում եմ՝ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ 20 տարուց ավելի տեւող հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը ոչ միայն Ադրբեջանում, Հարավային Կովկասում, այլեւ ամբողջ Եվրասիայում: Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ռուսաստանի նախագահի հետ, հատկապես, որ ՌԴ նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ նշեց, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, եւ այդ հարցում համբերատար եւ իմաստուն պետք է լինել:

Պետք է նշեմ, որ շատ դիպուկ էր մեր նախագահի հարցադրումը` ուղղված Ադրբեջանին ՄԱԿ-ի չորս բանաձեւերի կիրառման վերաբերյալ, որը մեկ անգամ եւս բացահայտեց ադրբեջանական անհիմն եւ կեղծ քարոզչությունը:

– Ի՞նչ դիվանագիտական զարգացումներ են, ըստ Ձեզ, սպասվում ԼՂ խնդրի շուրջ: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ջանքերը` Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու, ի չիք դարձան, փոխարենը ՌԴ նախագահը բավականին արագ հաջողեց այդ հարցում: Կարծում եք Արեւմուտքը կուլ կտա՞ դա:

– Կարծում եմ՝ կարեւորն այն է, որ հանդիպումը կայացավ: Պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք առավելապես հանդիպումից ստացվող արդյունքների վրա: Ավելին՝ այսօր մենք պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք այն երկրի վրա, որտեղ մարդու իրավունքների կոպիտ խախտումը դարձել է սովորական երեւույթ, որտեղ նախագահ Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացման քայլը բարձր է գնահատվում իր իսկ թվիթերյան էջում, որտեղ մի քանի տասնյակ հակահայկական գրառումներ են արվում:
Հետեւաբար անհրաժեշտ է վերը նշված երեւույթներին տալ օբյեկտիվ գնահատական, որպեսզի ունենանք ցանկացած կոնֆլիկտի խաղաղ լուծում:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031