Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ֆաշիզմ, որը չի գործում «Ուրագի» պես

Օգոստոս 18,2014 11:15

Ֆաշիզմի արքետիպերը՝ ըստ Ումբերտո Էկոյի, եւ հայկական իրականությունը

Վերջերս ռուս նեոնացիստ Մաքսիմ Մարցինկեւիչը, որը հայտնի է «Ուրագ» մականունով, Մոսկվայի դատարաններից մեկի կողմից հերթական անգամ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով: Նախորդ դատավարություններից մեկի ժամանակ «Ուրագն» իր ընկերների հետ բացականչել է «Հայլ Հիտլեր», իսկ վերջերս համացանցում տեղադրել է «թմրանյութ վաճառող տաջիկի ծիսական մահապատիժը» բեմադրող նյութը: «Ուրագն», այդպիսով, հանդես է գալիս ֆաշիզմի բացահայտ եւ հենց այդ պատճառով մարգինալ քարոզով: Այդ քարոզը շատ հազվադեպ է խրախուսվում պետական մակարդակով: Թերեւս՝ միայն հատուկ հանգամանքներում եւ Ադրբեջանի նման երկրներում:

Բայց դա, ինչպես ասում են, այսբերգի երեւացող գագաթն է: Մարդիկ կարող են չհագնել սեւ վերնաշապիկներ, չոռնալ զանգվածային էքստազի մեջ, նույնիսկ ագրեսիա չիրականացնել հարեւան երկրի նկատմամբ, բայց իրենց երկրներում, առաջին հայացքից բավականին ժողովրդավարական, կարող են նկատվել ֆաշիզմի տարրեր:

Ֆաշիզմն իրականում շատ բազմազան երեւույթ է, տարբեր երկրներում այն դրսեւորվել է տարբեր ձեւերով, եւ պարտադիր չէ, որ այն ուղեկցվի նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությամբ, համակենտրոնացման ճամբարներով, աշխարհը նվաճելու զառանցանքներով: Կան դրսեւորումներ, որոնք բոլոր երկրներում քիչ թե շատ միատեսակ են, եւ դրանց համակցությունն է ժամանակ առ ժամանակ բերում մի ողբերգական պայթյունի, որը ցնցում է այդ երկիրը, իսկ երբեմն նաեւ՝ ամբողջ աշխարհը: Եվ այդ դրսեւորումները կարող են լինել Հայաստանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Գրենլանդիայում՝ ամենուր:

Իտալացի գրող եւ փիլիսոփա Ումբերտո Էկոն փորձել է առանձնացնել ֆաշիզմի այս կրկնվող առանձնահատկությունները, գիտական լեզվով ասած՝ արքետիպերը: Իտալացու էսսեն հատկանշական անվանում ունի՝ «Հավերժական ֆաշիզմ»: Անդրադառնանք գրողի նշած մի քանի կետի, որոնք, իմ կարծիքով, անմիջական կապ ունեն Հայաստանի հետ:
Եվ այսպես. ըստ Ումբերտո Էկոյի՝ ֆաշիզմի կայուն առանձնահատկություններից մեկն է իռացիոնալիզմը: Ըստ այդմ, մտածելը տղամարդու գործ չէ, պետք է միշտ գործել, ցանկալի է՝ հերոսաբար: Ֆաշիզմին հատուկ է կասկածամտությունը ինտելեկտուալ աշխարհի հանդեպ՝ «ես չեմ սիրում գիրք կարդալ»: Խորհրդային Հայաստանում կար որոշակի ակնածանք մտավոր կարողություններ ունեցող մարդկանց հանդեպ, հետագայում շուկայական հարաբերությունների զարգացումը բնականորեն մղեց նրանց երկրորդ պլան: Կուսակցությունների կառուցվածքն էլ մեզանում միանգամայն համապատասխանում է այդ սկզբունքին՝ «առաջնորդը» սովորաբար չի հանդուրժում մտածող մարդկանց իր կողքին՝ նրան իրենով հիացողների «երգչախումբ» է պետք: Եվ մասամբ դրանով է պայմանավորված կուսակցությունների առատությունը՝ «դառնամ առաջին դեմք՝ ես էլ մի քանի հոգու «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ կասեմ»:

Իտալացի փիլիսոփայի կարծիքով՝ ֆաշիզմի հենարանը ֆրուստրացիայի ենթարկված միջին դասակարգն է, որը տուժել է որեւէ տնտեսական կամ քաղաքական ճգնաժամից: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը վերջին 25 տարիների իր կյանքը պատկերացնում է որպես աղետ, որի մեղավորը, բնականաբար, իշխանություններն են: Հիասթափված, կոտրված մարդիկ չափազանց պարարտ հող են տոտալիտար գաղափարների տարածման համար՝ «էս ազգին Ստալին է պետք»:

Այստեղից եւս մի առանձնահատկություն, որ նշում է Ումբերտո Էկոն. համայնքը պետք է իրեն վիրավորված զգա, որ «թշնամիները» բավական չէ՝ ավելի հարուստ եւ բարեկեցիկ են, քան իրենք, դեռ անընդհատ ցուցադրում են իրենց հաջողակ լինելը: Ինքը՝ գրողը, հիշում է, որ իր մանկության տարիներին (երբ իշխանության էր Մուսոլինին) անգլիացիները պատկերվում էին որպես ազգ, որն ուտում է օրը 5 անգամ: Մի երկրում, որտեղ միջին խավը չնչին տոկոս է կազմում (ինչպիսին Հայաստանն է), հարուստների նկատմամբ ատելություն հրահրելը մեկից մեկ է:

Եվ վերջապես՝ մի առանձնահատկություն, որը մեզ՝ հայերիս, ամենաշատն է վերաբերում՝ դավադրության գաղափարի երկրպագությունը, ցանկալի է՝ միջազգային դավադրության: Ֆաշիզմի «բաղադրատոմսի» մեջ մտնում է այն վիճակը, երբ մարդիկ պետք է իրենց զգան պաշարված ամրոցում: Չգիտեմ, թե որքանով էր Ումբերտո Էկոն ծանոթ հայկական քաղաքական մտքի պատմությանը, բայց ինձ երբեմն թվում է, որ «դավադրությունների տեսությունը» հենց հայերի գյուտն է:

…Այնպես որ՝ «Ուրագներ» կարող են ծնվել ամենուր, այդ թվում նաեւ մեր՝ հայկական հողում, եւ «մոլորակների որոշակի շքերթի» դեպքում նման մարդկանց կարող են եւ չազատազրկել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. david says:

    Չազատազրկել կարող են, բայց ֆաշիզմն այրել պարտավոր են:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Հետաքրքիր կլիներ իմանալ ՈՒմբերտոյի կարծիքը Յարոշի և Լյաշկոյի, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերից պարբերաբար նոր նացիստներով համալրվող ՛՛Ազով՛՛ գումարտակի մասին:
    Ցանկալի է նաև իմանալ անձամբ Ձեր կարծիքը, թե ինչու այդ ստահակները հերոսներ են համարվում ՈՒկրաինայի պես ազնիվ, ազատ և դեմոկրատական ուղի բռնած երկրում, երբ նույնիսկ Ռուսաստանի պես փիս երկրում ՛՛ուրագներին՛՛ բռնում դատում են… այն էլ հերթական անգամ:
    Ի դեպ Դուք առաջվա պես մտածում եք, որ ՛՛правый сектор՛՛ նշանակում է ոչ թե ՛՛ԱՋ՛՛, այլ ուղղակի ՛՛Ճիշտ՛՛.. կամ ՛՛արդար՛՛ սեկտոր?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինձ թվում է, մենք Ձեզ հետ կարող ենք պարզունակ մակարդակից՝ «Ռուսասատանհ լավն է, Արեւմուտքը վատը», կամ հակառակը, բարձրանալ մտածողության հաջորդ մակարդակի։

      • Հրանտ Պապիկյան says:

        Ես ամենևին հարցիս մեջ շեշտը լավ ու վատի վրա չէի դրել, այլ երկակի ստանդարտների, որոնց դեմ բողոքելով հանդերձ, տեղն եկած տեղը մենք ինքներս էլ դրանցով ենք առաջնորդվում…
        Նկատի ունեմ այն, որ քննարկելով ֆաշիզմը, ասելով, որ այն իր հետնորդներն ունի ՌԴ-ում, նույնիսկ ենթադրելով, որ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, որ այդ ախտը մի օր Հայաստանում էլ ծիլեր տա, Բայց թեկուզ թռուցիկ չնշել, որ հենց հիմա այդ երևույթը փթթում է ՈՒկրաինայում, ներթափանցում կառավարման ապարատ, խլում անմեղ կյանքեր… Կյանքից կտրված չէ՞ արդյոք:
        Ի դեպ միայն պետական մակարդակով է, որ արևմտյան տեսակետները ԱՌԱՅԺՄ խուսափում են այդ երևույթի իրական անունը տալ: Այն էլ ինչպես կասեին մեր բարեկամ ռուսները՝ ոզնուն էլ է հասկանալի, որ դա նրանք այսօր դիտարկում են որպես ավելի նվազ սպառնալիք, քան Ռուսաստանը, ինչպես նաև որպես ևս մի զենք այդ խաչակչաց արշավանքում, որում ինչպես երևում է իրենց ուժերը գերագնահատել են: Իսկ միգուցե այդ Ֆաշիստների կառավարելիության հարցում էլ՞ են իրենց գերագնահատել… կյանքը ցույց կտա: Բայց այսօր արևմտյան մամուլում էլ վերլուծաբանների և դեպուտատների մակարդակով էլ գնալով ակտիվանում է ֆաշիստներին աջակցող իրենց իսկ երկրների քննադատությունը
        Ասածս այն է, որ եթե քննարկեինք ասենք ԷԲՈԼԱ վիրուսը՝ մտքովս միկրոբիոլոգիա գիտությունը չի անցնում առաջին հերթին, այլ կոնկրետ Լիբերիայի ու Նիգերիայի մարդիկ…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ok, Արեւմուտքի մոտ ստանդարտները երկակի են, Ռուսաստանի մոտ՝ եզանի։

          • Հրանտ Պապիկյան says:

            Երկուսն էլ միայն ու միայն իրենց սեփական շահը հետապնդող մոնստրներ են: Բայց Ռուսաստանին մենք որպես կրտսեր բարեկամ կհամարեք, թե ֆորպոստ կանվանեք՝ հավերժ պետք ենք եղել և կլինենք, իսկ արևմուտքը միշտ էլ մեզ դիտարկել է որպես Ռուսաստանի դիրքերը թուլացնելու միջոց, այն էլ միանվագ օգտագործման…
            Մի քիչ համբերենք, տեսնենք Ուկրաինական հարցը ինչպես կավարտվի, որքան կուլմինացիան մոտենում է, մոնստրերի իրական դեմքերը ավելի տեսանելի են դառնում: Կարող է ես եմ սխալվում, կարող է՝Դուք: Կյանքը ցույց կտա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031