Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դորֆմանի պարի թատրոնը մարմնի լեզվով խոսեց հակամարտությունների մասին (տեսանյութ)

Օգոստոս 18,2014 10:53

Այս տարի մայիսին Հայաստանում էր հռչակավոր պարուսույց Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը՝ ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակներում:

Հայաստանում կայացան ոչ միայն պարի թատրոնի ներկայացումները, այլեւ Դեյվիդ Դորֆմանը վարպետության դասեր տվեց տեղի պարողներին, եւ նրանց միջից ընտրեց երկու պրոֆեսիոնալ պարողների, որոնց հրավիրեց ԱՄՆ-ում մասնակցելու վեցշաբաթյա ծրագրի:

dorfman-2

Հայաստանից հետո Դորֆմանն իր խմբով մեկնեց նաեւ Թուրքիա եւ Տաջիկստան ու նույն ծրագրի շրջանակներում վարպետության դասընթաց իրականացրեց այնտեղի պարողների համար, եւ նույնպես պարողներ ընտրեց՝ վեցշաբաթյա ծրագրի համար:
ԱՄՆ-ում մեր պարողները միացան թուրք եւ ամերիկացի պարողներին, ստացան համատեղ վարպետության դասեր, որի արդյունքում Նյու Յորք քաղաքի Բրուքլինի Երաժշտական ակադեմիայում շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, կայացավ խմբի ներկայացումը:

Այդ ներկայացմանն առցանց տարբերակով հետեւում էին ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի հրավերով երեւանյան «Սփիկիզի» կոկտեյլ-բարում հավաքվածները՝ ԱՄՆ դեսպանատան, միջազգային այլ կազմակերպությունների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ, պարողներ, գիտնականներ:

Ի դեպ, պարոն փոխդեսպանը տեղեկացրեց, որ հենց նույն օրը «Նյու Յորք թայմսն» անդրադարձել էր սպասվող ներկայացմանը, որը նշանակալից է ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ՝ պարողների կազմով:

Ներկայացումը պարի, թատրոնի, մնջախաղի համադրություն էր՝ պատմում էր կոնֆլիկտների, ագրեսիայի, թշնամության, կարծրատիպերի, այդ կարծրատիպերի գերին ու դրանց խամաճիկը դառնալու, եւ հակառակը՝ բարեկամության, աջակցության, համատեղելիության, իրար հետ խոսելու, շփվելու, կարծրատիպերը կոտրելու եւ իրարից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին:

Ներկայացման մեջ կարմիր թելով գնում էր հայերի եւ թուրքերի միջեւ կոնֆլիկտի մշակութային դրսեւորման՝ «Սարի աղջիկ» երգը: Երգը հնչում էր եւ հայերեն, եւ թուրքերեն, վերջում՝ նաեւ անգլերեն:

Իսկ որպես ներկայացման էմոցիոնալ ընթացքի բարձրակետ՝ մի քանի րոպե հնչող՝ “say Sorry, say I am Sorry” արտահայտությունն էր, որ ներկայացման հերոսներից մեկը գոչում էր մյուս բոլոր մասնակիցներին, որոնք հակամարտող կողմերն էին ներկայացնում:
Ներկայացումն ավարտվեց ծափողջույններով, որոնք հնչեցին ոչ միայն Բրուքլինում, այլեւ հեռավոր Հայաստանում՝ առցանց հետեւողների կողմից: Ներկայացումից հետո հնարավորություն տրվեց ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ հանդիսատեսներին՝ հարցերով դիմել Դորֆմանին եւ պարի թատրոնի դերասաններին:
1985-ին հիմնադրված Դորֆմանի պարի թատրոնն արդեն ութ անգամ արժանացել է այդ ոլորտում հեղինակավոր «Բեսսի» մրցանակին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031