Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախություն և մաքսային միություն

Օգոստոս 18,2014 10:47

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ու հետխորհրդային այն հանրապետությունները, որոնք նպատակադրվել են մտնել Մաքսային միություն, զգալիորեն ու շոշափելիորեն կորցնելու են իրենց անկախությունը:

Առաջ ընկնելով ասենք, որ անկախությունը ոչ միայն վեհաշունչ ու սրբազան գաղափար է, այլև` իրական ու ռեալ իրողություն, որի գոյությունը կախված է շատ ու շատ այլ հանգամանքներից:

Ղազախները, թուրքմենները, ուզբեկները ու հարակից մյուսները, որոնք ոչ Միքայել Նալբանդյան են ունեցել և ոչ էլ նույնիսկ Զատիկյան ու Հայրիկյան, այսօր ավելի անկախ են, քան մենք: Նույնը վերաբերում է ուրիշ շատերին:

Կյանքն ու ժամանակը ցույց տվին, որ անկախությունը նաև նավթ է, գազ է, տնտեսություն է և բազմաթիվ այլ բաներ: Անկախությունն, իհարկե, նաև քաղաքականություն է: Միգուցե` առաջին հերթին:

Կարող է Եվրոմիության անդամ լինես, բայց անկախ չլինես: Կարող ես Մաքսային միության մեջ լինել, բայց հնարավորինս անկախ լինել: Ղազախստանի ու Նազարբաևի օրինակը դա է ցույց տալիս: Այսինքն, ոչ միայն պիտի ճիշտ տեղում հայտնվես, այլև պիտի քեզ ճիշտ դրսևորես:

Բելառուսն ու անձամբ Լուկաշենկոն էլ Մաքսային միության անդամ դառնալով` իրենց անկախությունն առանձնապես չեն նվազեցնելու:

Ռուսաստանի ու անձամբ Պուտինի մասին չենք խոսում, որովհետև Ռուսաստանն ու անձամբ Պուտինն էդ Մաքսային միություն կոչվածի տերուտիրականն են:
Այսինքն, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը Մաքսային միություն մտնելով` ոչ միայն իրենց անկախությունը չեն կորցնում, այլև որոշակի շահեր են հետապնդում և որոշակի էլ ակնկալիքներ ունեն տվյալ համագործակցությունից:

Միանգամայն տարբեր ու միանգամայն այլ են Հայաստանի անդամակցության պարագան ու հանգամանքները: Ակնհայտ է, որ Հայաստանն այդ միության մեջ ընդգրկվում է, որովհետև այլ ելք չունի: Եվ պատահական չի, որ մեր ամենաարմատական ընդդիմադիրներն անգամ գտնում են, որ Հայաստանի մաքսային միությանն անդամագրվելն անդառնալի իրողություն է, իսկ մեր ամենաթունդ արևմտամետներն էլ, հիմնականում իրարից անկախ, արևմուտքի ու Եվրոպայի մերկապարանոց գովքն են անում` Ռուսաստանին ու Մաքսային միությանը հակադրելով, և հիմնականում Հայրիկյանն ու մի քանի հայրիկյանականներն են Ազատության հրապարակում և Ռուսաստանի դեսպանատան առաջ Հայրիկյանի ազատատենչ երգերը երգում, և կողմնակի մեկին կարող է թվալ թե` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն է Հայաստանի անկախության դեմն առնողը, և կողմնակի մեկին կարող է նաև թվալ թե` Հայաստանի անկախության համարժեքը Հայրիկյանի ազատաշունչ ու ազատատենչ երգերի իմացությունն է:

Մինչ մենք էստեղ մեզ համար երգում ենք, ուրիշները միանգամայն քաղաքականորեն ու շահախնդրորեն են մոտենում իրենց պետությանն ու իրենց պետության անկախությանը վերաբերող հարցերին: Ի տարբերություն մեզ:

Ինչ վերաբերում է մեզ, անկախությունը մեզ համար դեռևս ու թերևս երգ է: Իշխանականների ու ընդդիմադիրների համար հավասարապես: Իշխանականները տոն օրերին են մեր անկախությունը հիշում, իսկ ընդդիմադիրները` Մաքսային միության հետ կապված և նման առիթներով:

Նույնիսկ մեր ամենաարմատական ընդդիմադիրները լուրջ վերլուծության չեն ենթարկում Մաքսային միության հետ կապված խնդիրները, և իրենց ելույթներից ենթադրվում է, որ իրենք ոչ էնքան Մաքսային միությանն են դեմ, ինչքան` Սերժ Սարգսյանին: Եվ մեր իշխանականների ու իշխանամետների` Մաքսային միությանը կողմ լինելն էլ առանձնապես չի զգացվում ու չի գիտակցվում. նրանք ավելի շուտ Սերժ Սարգսյանին են կողմ, քան` Մաքսային միությանը:

Մի խոսքով, մեծ հաշվով ու ընդհանուր առմամբ (բացառիկ բացառությունները չհաշված), իրար արժանի ենք: Ալարում ենք մտածել, վերլուծել ու հասկանալ` ինչն է մեր երկրին ձեռնտու և ինչը` ոչ: Որովհետև մեր անձնական շահերն ու մեր երկրի շահերն իրար չեն համընկնում: Առանձնապես չենք էլ ուզում, որ համընկնեն: Էդ ուղղությամբ առանձնապես չենք էլ մտածում: Եթե մտածում ենք էլ, լրջորեն չենք մտածում:

Իսկ ժամանակն անցնում է: Ժամանակը չի սպասում` մինչև մենք բարեհաճենք լրջանալ:
Մինչև բարեհաճենք լրջանալ, կարող է շատ ուշ լինի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031