Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսլամական խալիֆաթ դժվար ստեղծվի

Օգոստոս 18,2014 14:50

Սակայն զինյալ ծայրահեղականների վերջն էլ երբեք չի գա

Հյուսիսային Իրաքում հունիսից իր ահաբեկչական գործողություններն է սկսել ծավալել Isis (The Islamic State of Iraq and Syria) սուննի մահմեդականների ծայրահեղական խմբավորումը: Այս կազմակերպությունը ժամանակին մաս է կազմել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ իր առջեւ նպատակ է դրել ձեւավորել դարեր շարունակ մահմեդականների համար փայփայվող գաղափար հանդիսացող «Իսլամական խալիֆայությունը»: Ներկայումս այդ կազմակերպությունը հաջողացրել է Իրաքում որոշ քաղաքներ վերցնել իր տիրապետության տակ, որոշ հատվածներում անգամ հատել է Սիրիայի եւ Լիբանանի սահմանները եւ օգոստոսից սկսած՝ «մաքրում է» «խալիֆայության» տարածքները «անհավատներից»՝ եզդիներից, ասորիներից, քրիստոնյա մահմեդականներից եւ անգամ շիա մահմեդականներից: Սպանվածների, սովից եւ համաճարակներից մահացածների թիվն օր օրի ավելանում է, մեծանում է նաեւ փախստականների թիվը: Համաշխարհային հանրությունը, ինչպես եւ 100 տարի առաջ, երբ թուրքական մեծապետական նկրտումների պատճառով «մաքրվում էին» տարածքները հայերից, ինչպես նաեւ ասորիներից եւ պոնտացի հույներից, արձագանքեց ուշացումով, երբ արդեն սպանվածների թիվը տասնյակներով կամ հարյուրներով չէր հաշվվում:

qartez

Սակայն ոչինչ հետ չի պահում ծայրահեղական գաղափարներով տոգորված եւ «հանուն Ալլահի» իրենց գործը տեսնող ծայրահեղականներին՝ նրանք մտադիր են ստեղծել իրենց պետությունը: Համացանցում տարածվել են անգամ այդ խալիֆայության ենթադրական քարտեզները՝ Իսպանիայից սկսած, Բալկանյան թերակղզին՝ ամբողջությամբ, Հունաստանը, Հյուսիսային Աֆրիկան, Արաբական թերակղզին, Կովկասը, Միջին Ասիան, Հնդկաստանը, Պակիստանը եւ այլն…

«Առավոտը» այս կապակցությամբ հետաքրքրվեց արեւելագետ, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանից՝ որքանո՞վ եք հավանական համարում այն վտանգը, որ այդ ծայրահեղականների կողմից սպառնում է աշխարհին, տեսնո՞ւմ եք այդ խալիֆայության ստեղծման իրական շանսեր:

«Չէ, իհարկե, նման ծրագրերը դժվար թե հնարավոր լինի իրատեսական համարել: Բայց բոլոր դեպքերում ես իմ տեսակետը բազմիցս ասել եմ. հիմա տարբեր գլոբալիզացիոն ծրագրերի, տարբեր կողմերից առաջարկված եւ տարբեր կողմերի մրցակցային դառնալու նպատակով խաղադաշտ մտած այդ գլոբալիստական ծրագրերի ժամանակաշրջանն է, եւ դա էլ սուննիական գլոբալիստական ծրագիրն է, որը տարբեր խմբեր փորձում են իրականացնել: Եվ այդ խմբերին երբեմն-երբեմն միանում են տարբեր երկրներ, որոշ ժամանակ հետո հետ են քաշվում դրանից… Չեմ կարծում, որ ժամանակակից աշխարհում նման տարածքային նկրտումները նախ՝ իրատեսական են, երկրորդը՝ իմաստ ունեն»:
Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը այս պայմաններում՝ առաջին հերթին բարեկամ եզդի ժողովրդին օգնելու համար: Տարբեր առաջարկներ են հնչում, օրինակ՝ այսօր եզդիական մի շարք ՀԿ-ներ պահանջ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ անհապաղ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանակետերում կամ այլ կերպ՝ ՀՀ տարածքում հայտնված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը, ինչպես պահանջվում է Հայաստանի կողմից ստորագրված՝ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» եւ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքներով, «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականների ազատ տեղաշարժի եւ բնակություն հաստատելու կարգի մասին» թիվ 524 եւ «Փախստականի վկայական տրամադրելու կարգի մասին» թիվ 594 կառավարության որոշումներով: Եղել են առաջարկներ՝ հումանիտար օգնություն հասցնել եզդի եւ ասորի ժողովուրդներին, անգամ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը երեկ առաջարկ է հնչեցրել Ֆեյսբուքով՝ «օգնել Իրաքի եզդիներին՝ կազմակերպել իրենց ինքնապաշտպանությունը, նրանց զենք հասցնել ու արագ սովորեցնել, թե ինչպես է պետք այն գործածել, կազմավորել ինքնապաշտպանության ջոկատներ եւ ընդհանուր հրամանատարություն»:

Մեր հարցին՝ ի՞նչ կարող է անել Հայաստանը, աջակցության, զորակցության ի՞նչ մեթոդների կարող ենք դիմել, ո՞րն է ավելի ճիշտ տարբերակ՝ Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական եւ տնտեսական օգնություն ցույց տալու, ընդհուպ մինչեւ եզդիներին Հայաստան տեղափոխելու միջոցներ եւ հնարավորություններ գտնելու, տարբեր միջազգային ատյանների դիմելու՝ այդ հարցով օգնություն ստանալու համար, բոլոր միջոցները պետք է օգտագործվեն: Իսկ ինչ առնչվում է ռազմական օգնությանը կամ ռազմական խորհրդատվությամբ օգնելուն, ես կարծում եմ, որ մենք մեր սահմանների վրա այդ մարդկանց կարիքն այսօր շատ ունենք, եւ նման բաների պետք չի գնալ: Բայց մյուս բոլոր հնարավորությունները՝ հումանիտար, տնտեսական, դիվանագիտական, ինֆորմացիոն, պիտի օգտագործենք: Ինֆորմացիոն առումով պիտի օգտագործենք ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի հնարավորությունները շատ ծանր վիճակում գտնվող այդ մարդկանց որքան հնարավոր է՝ արագ օգնելու համար: Անպայման»:

Մեր հաջորդ հարցը պարոն Հովհաննիսյանին, թերեւս, ուտոպիայի ոլորտից էր՝ հնարավո՞ր է երբեւէ որեւէ ձեւով կանգնեցնել նման ծայրահեղական զինյալ ուժերի գործունեությունը, կա՞ն հույսեր, որ նման գործունեություն ծավալող ուժեր երբեւէ այլեւս չեն լինի աշխարհում, թե՞ այդ վտանգը միշտ լինելու է: Իսկ պատասխանը շատ իրատեսական էր. «Ո՛չ, երբեք նման բան չի լինի, բնականաբար, վտանգը միշտ լինելու է, քանի որ կան ուժեր, որոնք իրենց քաղաքական-տնտեսական նպատակներն իրականացնելու համար այլ մեխանիզմներ չեն գտնում, ուստի դիմում են այս կարգի միջոցների: Մյուս կողմից, ինձ թվում է, նույն այս իսլամական պետության ստեղծումը ինչ-որ տեղ գերտերությունների շահերից էլ է բխում, որ իրենց մայրաքաղաքներից, քաղաքներից իսլամիստների կողմից սպառնացող վտանգը հեռացվի, լցվի մի այսպես «կլոակայատիպ» (կոյուղի) տեղ՝ հեռվում, եւ կամաց-կամաց կխփեն: Ներկայումս տարբեր զինյալներ տարբեր կողմերից գնում են այդ երկրները՝ պայքարելու, ահաբեկչական գործողություններ են անում՝ իրենց խալիֆայությունը ստեղծելու նպատակով: Այդ զինյալները պոտենցիալ վտանգ են, երկվորյակ աշտարակների պայթյունն էլ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն էլ չի կարող խուսափել այդ վտանգից: Ուստի, գերտերությունների կարծիքով, ի՞նչ վատ կլինի, որ հեռու լինեն, կուտակվեն մի տեղ, իսկ հետո իրենք այդ տեղը կռմբակոծեն հեռվից՝ առանց ցամաքային բախումների»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031