Վերջին մի քանի տարիներին Երեւանում շատացել են ինչպես սուշի մատուցող սրճարաններ-ռեստորանները, այնպես էլ՝ սուշիի սիրահարները: Իսկ ինչո՞ւ չպատրաստել սուշին տանը, մանավանդ, որ Երեւանի սուպերմարկետներում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, ինչ պետք է դրա համար, իսկ պատրաստելն էլ շատ հեշտ է:
Միակ խնդիրն այն է, որ իրական, ճապոնական սուշին պատրաստվում է հում, շատ թարմ ձկից, մենք այդ հնարավորությունը չունենք, սակայն, բարեբախտաբար, կարելի է գնել թույլ աղ դրած սաղմոն կամ մարինացված մանրածովախեցգետիններ, եւ սուշին պատրաստել դրանցով: Ձեզ եմ առաջարկում սուշի-ռոլի պատրաստման եղանակը:
Անհրաժեշտ մթերքները
Բրինձ (պետք է գնել կլոր, օսլայի մեծ պարունակությամբ բրինձ, դա կարող է լինել «ճապոնիկա», «իտալիկա» կամ «արբորիո» տեսակի)- 250 գրամ
Կարդացեք նաև
Բրնձի քացախ- 1-2 ճաշի գդալ
Շաքար-1 ճաշի գդալ
Աղ-ըստ ճաշակի
Չորացրած ջրիմուռների հավաքածու «Նորի»- 1 տուփ
Թույլ աղ դրած կամ մարինացված սաղմոն- 100-150 գրամ
Ավոկադո- 1 հատ
Թարմ վարունգ-2 հատ
Կանաչ սոխ- 2 ճյուղ (պարտադիր չէ)
Վասաբի- 25 գրամ
Սերուցքային պանիր- 50-100 գրամ
Կարմիր կամ սեւ ձկնկիթ -50 գրամ (պարտադիր չէ)
Մարինացված մանրածովախեցգետիններ (криветки)- 100 գրամ (պարտադիր չէ)
Մարինացված կոճապղպեղ (имбирь)- 1 բանկա
Սոյայի սոուս
Ծղոտե փոքր սփռոց
Պատրաստման եղանակը
Բրինձը խաշել մեծ քանակությամբ ջրով եւ շատ քիչ աղով: Ջրքամել, թողնել մի քիչ սառչի: Երբ հասնի մոտ 40-42 աստիճանի, ավելացնել շաքարավազն ու բրնձի քացախը, լավ խառնել:
Ծղոտե անձեռոցիկի վրա դնել «նորի»-ի մի թերթիկ: Վրան լցնել բրձից մի քանի գդալ, եւ ոչ շատ հաստ շերտով տարածել չորացրած ջրիմուռի վրա: Եզրից մի մատ թողնել ազատ:
Բրնձի վրա բարակ գծով քսել վասաբի: Վասաբիի վրա մի քիչ ավելի հաստ գծով քսեք սերուցքային պանիր: Սկսեք շարել լցոնը՝ երկար բարակ կտրատած ավոկադոն, վարունգը, կանաչ սոխը, ձկնամթերքները:
Ծղոտի օգնությամբ զգուշությամբ բայց շատ ամուր սկսեք փաթաթել ռոլլերը: Հենց այդպես փաթաթած էլ թողեք մի որոշ ժամանակ մնա, որպեսզի ամրանա:
Կտրատեք շատ սուր դանակով: Մատուցեք մարինացված կոճապղպեղի, վասաբիի եւ սոյայի սոուսի հետ: Ի դեպ, կարող եք վասաբին եւ սոյայի սոուսը խառնեք իրար 1:10 հարաբերությամբ, առանձին փոքրիկ ամանում, եւ սուշին թաթախելով այդ խառնուրդի մեջ ուտել:
Բարի ախորժակ: Պատրաստման եղանակը ամբողջությամբ եւ մանրամասներով՝ տեսանյութում.
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչ որ մի տեղ ժամանակին կարդացել եմ, որ սուշին սոուսի մեջ թաթախելը էթիկայի խախտում է եվ անհարգալից վերաբերմունք խոհարարի հանդեպ: Եթե սուշիի վրա թոփփինգ կա, ապա թոփփինգը թաթախելը էթիկայի խախտում չէ: Wikipedia-ն էլ նույն է ասում:
https://en.wikipedia.org/wiki/Sushi#Etiquette