Այսօր Առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր վերափոխման տոնը: «Ի դեմս Աստվածամոր` կարևորվում է մայրության գաղափարը, քանզի մահկանացուներից մոր առջև Քրիստոսը խոնարհվեց», – մեկնաբանում է Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Կեչառիսի Սբ. Կաթողիկե եկեղեցում մատուցվող պատարագին հաջորդեց խաղողօրհնեքի արարողությունը: Մտաբերելով նախորդ տարիներին խաղողի համար գոյացող հերթերն ու հրմշտոցը` Տեր Հայրը գոհունակությամբ նշեց, որ եկեղեցուն աստիճանաբար հաջողվում է մարդկանց էթիկա սովորեցնել, սերմանել հարգանք դեպի հոգևորը: «Երբ եկեղեցում ինչ-որ բան է բաժանվում, մարդիկ կորցնում են ինքնագիտակցությունը` մոռանալով, որ այդ ամենը հագենալու համար չէ. այն իր մեջ խորհուրդ է կրում»,- ասաց նա:
Հայի քրիստոնեական հավատի ուժգնության հարցում բանախոսը դրական համարեց սերնդափոխությունը: Իր խոսքով` նոր սերնդի մեջ կան առողջ բանականությամբ երիտասարդներ, որոնք գիտելիքի շնորհիվ կուլ չեն գնում այլ կրոնական կազմակերպությունների գայթակղությանը: «Մեզ ժամանակ է պետք. ոչ մի սերմնացան սերմ չի գցում այն ակնկալիքով, որ հաջորդ օրը բերք է հավաքելու»:
Զրույցի ընթացքում խոսք գնաց նաև հոգևոր սպասավորների աշխարհիկ կյանքի, մասնավոր բիզնես ունենալու մասին: «Ժողովուրդը սովոր է քար շպրտելու այն ուղղությամբ, որտեղից պատասխան չի ստանալու: Եկեղեցին ինքն է մեղավոր, որ իր զավակն անդաստիարակ է»,- ասաց Տեր Հայրը: Հիշեցնելով դարեր ի վեր եկեղեցու` սեփական ռեսուրսներով մանկատներ, դպրատներ, ծերանոցներ պահելու փաստը` տեր Հովսեփը հավելեց. «Չեմ արդարացնում, սակայն եթե ժողովուրդը չի կարող պահել հոգևորականին, ապա վերջինս ստիպված է կողքից այլ բան փնտրել իր ընտանիքը պահելու համար»:
Նույն համատեքստում Սբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Համազասպ Գրիգորյանը ցավով ընդգծեց, որ մարդկանց հոծ բազմություն եկեղեցի է հաճախում միայն այն օրերին, երբ «սեղանից» ինչ-որ բան է բաժանվում: Նրա հավաստմամբ` շատերը տարրական քրիստոնեական գիտելիքներ չունեն:
Անհավատության մակարդակի առնչությամբ վերջինս ընդգծեց Սյունյաց մարզի բնակչությանը: «Սովետը սովորեցրեց մեզ լինել լավագույնը անհավատության մեջ: Խորհրդային քաղցկեղը տարածվեց բոլոր մարզերում: Այսպիսի սաստկությամբ անհավատություն, ինչպիսին Սյունյաց մարզում է, ոչ մի այլ տեղ չեմ տեսել»:
Կարդացեք նաև
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Ինչ են անում աստծուն նրանք, ովքեր իրենց են աստվածացնում:Միֆը միֆի կարիք չունի:
Կարծում եմ` մեկ կամ երկու անհատների օրինակով պետք չէ դատել բոլորին: Կան ճշմարիտ և քաղքենի հավատացյալներ, ինչպես նաև` նույն բնութագրով հոգևոր սպասավորներ: Երկուսին էլ պետք է դատել իր արարքներով, խոսքի զորությամբ:
Հարգելի Անի Անտոնյան: Կարծում եմ ՛՛խորհրդային քաղցկեղը՛՛ այտեղ ոչ իմ նշանակություն չունի: Երեկ, մեր եկեղեցում, Երեւանում, ինչպես ցավով նկատեց սուրբ Պատարագ մատուցող քահանան, ամեն մեկը բերել էր ի՛ր խաղողը, պինդ պահել իր ձեռքերում եւ համարիա ոչ մեկ չէր դնում այն ընդհանուր սեղանին, որպեսզի բաժանվի հավատացիայլներին:Կածումեմ, սա ոչ թե կոմունիստական, այլ, հակառակը՝ ժամանակակից սոցիալ-տնտեսական մտածելակեպի հետեւանք է: Կոմունիստները հակառակը՝ մարդկանց մղել են ընդհանուրի, իմ քոնը չկա, այլ կա մե՛րը գաղափարին: Մենք ենք մեղավուր; Բերեք , ինչպես ասում են ՛՛շառը չգցենք հասարակարգերի վրա: Քանզի, ինչպես Դուք էլ նկատել եք, այպիսի օրերին եկեղեցի են գալիս ոչ այնքան եկեղեցուն մոտիկ կանգնած մարդիկ:Նրանց հիմնականում հետաքրքիր է ոչ թե Մարիամ Աստվածածնի վերափոխումը,այլ, ցավով եմ նշում, օրհնված խաղողը… Եւ, չնայած հոգեւորականների հորդորին, բացատրութուններին,որ այս օրհնությունը չի վերաբեորւմ հենց ձեր ձեռքի խաղողին, այլ ամբողջ մրգերին գլխավորութեամբ խաղողի, այդպես էլ հասկանալի չեղավ: Ես եկեղեցուց դուրս եկա առանց մեկ խաղողի գլա վերցնելու, քանզի, հավանաբար միքանի հոգուվրայով, այո, իսկապես բռի բուն իմաստով, պետք է անցնեի, որպեսզի հասնեի ՛՛բաղձալի բարձունքին՛՛… կարծում եմ այսպսի բաները շատ սխալ են եկեղեցում: Դրանք շեղում են տոնը իրենց բուն նպատակից,տվյալ դեպքում, կրկնում եմ,շատ շատերի համար Մարիամ Աստվածածինը մնացել էր տոնի հիմնական գաղափարից դուրս:
Ինչ վերաբերում է որեւէ մեկին դատելուն, առավելապես՝ հոգուորականներին,հարգելիեներս մենք դրա իրավունքը չունենք: Ժողովուրդը շատ է չարացած, նա հայտնում է հոգեւորականի մասին տեսակետ, որը բոլորովին չի՛ համապատասխանում իրականութեանը: Դրանք զրպարտություններով շաղախված, ինչ որ անհասկանալի մեղադրանքներ են:Մարդ արարածի ուժերից վեր է այն ամենը կատարել, ինչ մենք պահանջում ենք մեր հոգեւորակններից, նրանք էլ մարդիկ են, մեզ պես: Եկեք խնայենք, եվ սիրենք նրանց, եւ ներենք նրանց զանցանքները: Ամենակարող Աստված թող օգնի մեզ բոլորիս, եւ ողորմա մեզ մեր մեղքերի դիմաց: Ամեն: