Սահմանամերձ գյուղի բնակիչներն այսօր Տավուշի մարզի Բերդ համայնքում Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից արձակվող ակտիվ կրակոցները Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նվազել են։ Համայնքի բնակիչները հույս են հայտնում, որ հանդիպումը տվել է իր ցանկալի արդյունքը եւ որ այլեւս նման կրակոցներ չեն կրկնվի։
Aravot.am-ը այսօր Բերդ քաղաքում հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, որից հետաքրքրվեցինք՝ արդյոք Սոչիի հանդիպո՞ւմը նպաստեց այն բանին, որպեսզի կրակոցները դադարեցվեն։
Պրն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցները, նախ եւ առաջ, լռել են սահմանին կանգնած հայ զինվորների պարտադրանքով։ «Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ, թե ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի կողմից կատարվող այդ քայլը, սակայն եթե նպատակն այն էր, որ թեկուզ լոկալ պարտություն պարտադրեր, ապա Ադրբեջանը իսկապես պարտվեց, մեր զինվորը ցույց տվեց, որ ինքը կանգնած է մեր դիրքերում»։
Պրն Հակոբյանի խոսքով՝ Սոչիի հանդիպումը արձանագրել է այս փաստը. «Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ եթե Ադրբեջանը վստահ լինի իր ուժերի վրա, չի նայի ո՛չ Սոչիի հանդիպմանը, ոչ էլ այն բանին թե ինչ է կատարվում աշխարհում»։
Կարդացեք նաև
Պրն Հակոբյանի պնդմամբ՝ ավելի լավ է լինեն ձեւական հանդիպումներ՝ ստանդարտ ձեւակերպումներով, հակամարտությունների լուծման խաղաղ կոչերով, քան լինեն դիվերսիոն հարձակումներ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ