Այսօր, ժամը 12.33 րոպեին, ստանալով ահազանգ, Գորիսի փրկարար ջոկատից մարտական 1 հաշվարկ անմիջապես շտապեց դեպքի վայր՝ Գորիսի «Թոզկապի» գերեզմանոց: Հրդեհվել էր 400 քմ խոտածածկ չոր տարածք: Հրշեջները անմիջապես մեկուսացրին հրդեհը և կարճ ժամանակամիջոցում, ընդամենը 32 րոպեում մարեցին հրդեհը: Բարեբախտաբար, ոչ մի գերեզման չի վնասվել:
«Ամռան այս օրերին մենք միշտ մարտական վիճակում ենք: Դա իր պատճառն ունի: Ամռան շոգի և մարդկանց անփութության պատճառով, այս տարվա օգոստոսի 1-ից մինչև այսօր մենք մարել ենք 17 հրդեհ: Խոշոր հրդեհներից կարելի է առանձնացնել Գորիսի տարածաշրջանի Վաղատուր գյուղի հրդեհը: Այդտեղ հրդեհվել էր 15 հա չոր խոտածածկ տարածք: Մարդիկ, մտածելով, թե չոր խոտածածկերը հրդեհելով, կարող են հաջորդ տարի շատ խոտ կամ բերք ստանալ, առանց երկար-բարակ մտածելու, հրդեհում են արտերը, դաշտերը: Նրանց մտքով չի էլ անցնում, որ իրենք նման արարքով կարող են տխուր փաստի առջև կանգնեցնել թե իրենց, թե հարևաններին: Մենք նրանց բացատրում ենք, որ այդպես չի կարելի, որ դա լավ արդյունքների հասնելու իրական ճանապարհը չէ, նրանք, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում ՝ էլի իրենց էշն են քշում: Այս արարքը պետք է վերջակետվի: Հակառակ դեպքում մենք միշտ կորուստներ կունենանք»,- ասում է Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանը:
Ալվարդ Մեսրոպյան