Տիկին Գեղեցիկի պնդմամբ՝ զբոսաշրջիկներն են աղտոտում Դիլիջանը
Գեղեցիկ Ալիխանյանին հանդիպեցինք Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում գործող խանութներից մեկում՝ որդու Արսեն Գոգչյանի պատրաստած զարդերն ու հուշանվերներն էր վաճառում: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի տարի է, ինչ որդին այստեղ իր ձեռքի աշխատանքները վաճառելով հացի փող է աշխատում, սակայն մյուս որդին այդպես էլ աշխատանք չգտնելու պատճառով արտագաղթել է.
«Դիլիջանի խնդիրն այն է, որ աշխատանք չկա»,- ցավով նշեց տիկին Գեղեցիկը:
Նրա խոսքերով՝ այդ է պատճառը, որ դիլիջանցի երիտասարդները ստիպված լքում են իրենց քաղաքը, իսկ եթե աշխատանք լիներ իրենք կկարողանային պահել իրենց ընտանիքը եւ մնալ իրենց հարազատ քաղաքում.
Կարդացեք նաև
«Դիլիջանի բնակիչները փայտից էին օգտվում, ծառերից, բայց դա էլ թույլ չտվեցին, բայց դե ինչպե՜ս թույլ տային, դա սիրուն չէ. վերջ ի վերջո այդ ծառերը թթվածին են արտադրում: Հիմա էլ ո՛չ գործարան կա, ո՛չ աշխատատեղ կա, նոր-նոր հանգստյան տներ են բացվում, ով որտեղ ճարում է մի կերպ յոլա է գնում»:
Նրա խոսքերով Դիլիջանում բանկ է բացվել, դպրոցի շինարարություն է սկսվել, երիտասարդների մի մասը կարողանում է այնտեղ աշխատանք գտնել, սակայն այդտեղ էլ Դիլիջանից շատ քչերն են այդտեղ աշխատում: Անդրադառնալով քաղաքի վիճակին՝ տիկին Գեղեցիկը նշեց, որ շատերն են բողոքում Դիլիջանի աղտոտվածությունից, բայց դա քաղաքի բնակիչների մեղքը չէ, այլ Դիլիջանը այցելած զբոսաշրջիկների.
«Էս վերջերս ոչինչ, վիճակն համեմատաբար լավ է, բայց որ զբոսաշրջիկները գալիս են այդ գործողությունները կատարում են, արդյունքում՝ Դիլիջանն աղտոտվում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ