Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ օգոստոսի 8-ին է դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հետ կապված, սակայն այս մասին հրապարակավ չի հայտնել, քանի որ դեռ արդյունքներ չկան: NEWS.am-ի հետ զրույցում ՄԻ պաշտպանն ընդգծեց, որ Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ ինքն իրավական գնահատականներ տալ չի կարող:
«Ռուսաստանի գործընկերոջս մանրամասն ներկայացրել եմ խնդիրը եւ խնդրել եմ իր աջակցությունը: Մենք լիազորություններ չունենք Ռուսաստանում, մեր գործունեությունը սահմանափակվում է միայն Հայաստանով, հետեւաբար մենք կարող ենք միայն գործընկերոջ միջոցով որեւէ օժանդակություն ցուցաբերել: Հասարակությանն այս մասին տեղյակ չենք պահել, որովհետեւ ժամանակատար գործընթաց է, այս պահին որեւէ արդյունք չունենք, ընդամենը մի քանի օր է անցել: Մենք սպասում ենք արձագանքի, չնայած հեռախոսային կապ կա մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց նա:
Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ինքը, որպես ՀՀ քաղաքացի, մեծ ցավ է ապրում Լեւոն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի համար, սակայն իրավական գնահատականներ՝ կապված իրավունքների խախտման հետ, տալ չի կարող, քանի դեռ չի ստացել գործընկերների արձագանքը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: