Դավիթ Հակոբյանը Սևանից է: Նա արդեն քանի շաբաթ է՝ ծառայում է Գորիսում տեղակայված զորամասում: Ու հիմա եկել է ցանկալի պահը. նա և իր ընկերները զինվորական երդում են տալիս: Եվ դա՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Երդվելուց հետո յուրաքանչյուր զինվորի զորամասի սարկավագը՝ տեր Ավետիսը, նվիրում է աղոթագիրք: «Գարեգին Նժդեհն ասում էր՝ ես 2 հենարան ունեմ՝ աստված և հայրենիք: Եվ այսօր զինվորները երդվեցին ոչ միայն հայրենիքին, այլև աստծուն: Այս զիվորներից յուրաքանչյուրը երբեք չի մոռանա Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ իրենց տված երդումը և հարկ եղած դեպքում նրանցից յուրաքանչյուրը կկռվի ինչպես մի-մի առյուծաձև Մհեր»,-ասում է Ավետիս սարկավագը: «Այս աղոթագիրքը մենք ոչ միայն կկարդանք, ամեն օր կաղոթենք, այլև այն կդառնա մեր թալիսմանը»,- ասում են Դավիթն ու նրա ընկերները: Զինվորների երդման արարողությանը մասնակցում էին նաև տղաների ծնողները, հարազատները, ընկերները: «Մեր երեխաները սրբի դռանը երդվեցին, նրանց հավատն անկոտրում կլինի,նրանց ուժին նոր ուժ ավելացավ,-ասում է զինվորի ծնող Անահիտը,- և բոլոր զինվորներին մաղթում անփորձանք ծառայություն»:
Ալվարդ Մեսրոպյան