Շուտով Եռաբլուրի աջակողմյան բարձունքում՝ Եռաբլուրի եկեղեցու առջև ընկած տարածքում, Արգավանդի խճուղուց կերևա քարերով դասավորված և ներկված եռագույնը: «Եռագույն դրոշ՝ Եռաբլուրում» նախաձեռնության շուրջ 150 անդամներ արդեն երկու ամիս է՝ ՊՆ թույլտվությամբ սեփական ուժերով մաքրում, բարեկարգում են Եռաբլուրի աջակողմյան հատվածը, հավաքում են քարերը, որպեսզի դրանք դասավորեն, ներկեն ու ստանան 60մ երկարություն և 30մ լայնություն ունեցող եռագույնը:
Aravot.am-ն այսօր մասնակցեց նախաձեռնության աշխատանքներին: Անդամներից Անդրանիկ Բաղդասարյանն ասաց, որ քարեր են բերվելու նաև մարզերից, Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից և հույս ունեն նաև Նախիջևանից: Եռաբլուրում դրոշ ստեղծելու գաղափարը ծնվել է երեք տարի առաջ, այն ժամանակ երիտասարդները նպատակ ունեին դրոշ ստանալ ծաղիկներով, սակայն դա ֆինանսական մեծ ծախսեր էր պահանջում: Ուստի որոշել են քարերով կերտել եռագույնը:
Անդրանիկ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ եռագույնը բոլորինս է, ուստի բանվորից մինչև կռված տղա՝ կապ չունի՝ տղա, թե աղջիկ, բոլորն էլ մասնակցում են եռագույնի ստեղծման աշխատանքներին:
Ցավոք, երիտասարդների աշխատանքը զուգակցվում և Եռաբլուրի բարձունքի լռությունը խախտվում էր հարակից ռեստորանային համալիրից եկող քեֆ- ուրախության և ռաբիս երաժշտության մեղեդիներով: Այդ երաժշտությունը երիտասարդներին էլ դուր չէր գալիս: Հետաքրքրվեցինք՝ գուցե մի նախաձեռնություն էլ այդ խնդիրը լուծելուն ուղղվա՞ծ կազմակերպեն: Անդրանիկ Բաղդասարյանն ասաց. «Ինձ էլ է այդ երաժշտությունը խանգարում, քանի որ այստեղ այն տղերքն են, որոնք կերտեցին Հայաստանի և Արցախի անկախությունը, և այդ տղերքը հաստատ այս երաժշտությանը կողմ չէին լինի, քանի որ հայկական չէ: Բայց մարդկանց չենք կարող թելադրել, նրանք իրենք պիտի հասկանան, թե որն է իրենց ազգայինը: Հուսանք՝ կգա մի օր, որ նրանք կլսեն ազգայինը»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ արդյոք մեր երկրի արտաքին քաղաքականությունը համարժե՞ք է Եռաբլուրում հանգչող տղաների կատարած գործին ու մեր դրոշին, Անդրանիկը պատասխանեց. «Ուղղակի նայեք ոչ թե զոհվածներին, այլ այսօր ապրող առողջ, կռված մարդկանց: Իրենք կենսակերպին նայելով՝ Դուք ձեր հարցի պատասխանը կստանաք՝ այսօր մեր կառավարությունն արժանի՞ է այդ ամենին ու դրոշին, թե՝ ոչ»: Մեր հարցին, թե Սամվել Ալեքսանյանը հավակնություններ ունի Եռաբլուրի հարակից տարածքի հետ կապված, արդյոք երիտասարդների կարծիքով դա նպատակահարմա՞ր է, Անդրանիկը պատասխանեց. «Ճիշտ է, որ այս երկիրը մերն է, յուրաքանչյուր հայինն է ու այս տղերքինն է, ովքեր կերտել են մեր անկախությունը: Եթե ազգը համախմբվի, վերջին օրերին տեսանք՝ ինչի հասանք: Բայց մի հանդիպում նախագահների մեջ, ու ազգը ամեն մեկն անցավ իր գործին ու դարդերին: Ես ինչ անում եմ, անում եմ հանուն իմ ազգի, ու ով ինչ կանի այստեղ, դա իմ գործը չէ: Եթե ազգը համախմբվի ու պինդ կառույց դառնա,ամեն ինչի էլ կհասնի: Բայց չեմ կարծում, որ հենց այս տարածքին կպած կամ վնասող կառույց թեկուզ Սամվել Ալեքսանյանը, կամ ով ուզում է լինի, կկառուցեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ