Սահմանագոտու բնակիչներին արտոնություններ տալու հարցն ուսումնասիրվում է
Օգոստոսի 16-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Գուրգեն Արսենյանը, Արմեն Ռոստամյանը, Ռուբիկ Հակոբյանն այցելել են Բերդի սահմանագոտի: Բերդի սահմանամերձ համայնքների ղեկավարներն ասացին, որ խորհրդարանի խոսնակն ու պատգամավորները մասնակցել են Մեհրաբի զորամասի 14-ամյակի միջոցառմանը, որի ժամանակ պարգեւներ են հանձնվել սահմանապահ զորամասի ներկայիս եւ նախկին մի շարք զինծառայողների:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանից տեղեկացանք, որ Այգեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանագոտում բիզնես հիմնողներին հարկերից ազատելու, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդները փոխհատուցելու, նրանց բնական գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչելու հարցեր: Նշվել է , որ այդ հարցերը քննարկման փուլում են: Ներքին Կարմիրաղբյուրում հանդիպման ժամանակ հարց է տվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին խորհրդային ավանդների գումարները փոխհատուցելու վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարն ասել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է: Գալուստ Սահակյանը եւ վերոհիշյալ պատգամավորները հանդիպում են ունեցել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչների հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանաբար խոսքը պետք է վերաբերվի ոչ թե ինչ-որ արտոնությունների ու վարձեր զեղչելուն, ինչն անշուշտ շատ կարևոր է, այլ սահմանամերձ բնակավայրերին և այնտեղ բնակվողներին օրենքով սահմանված կարգով հատուկ կարգավիճակ տալուն, որն իր մեջ արդեն կներառի արտոնություններ, զեղչեր, բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտ և այլն: Ի վերջո իշխանությունները պետք է հասկանան, որ ՀՀ սահմանագծի վերջին երկու-երեք ամիսների լարվածությունը ոչ միայն հակառակորդին ի ցույց դրեց հայ զինվորի արիությունը, այլև լուրջ բացթողումներ հայտնաբերեց տարածքային կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների թե գործունեության և թե մինմյանց հետ համագործակցության գրեթե բացակայության առումով: Նշված թերություններն ու բացթողումները, ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի նախատեսել ու կանոնակարգել սահմանապահ բնակավայրերին հատուկ կարգավիճակ տալու մասին օրինագծի շրջանակներում:
Սահմանամերձ գյուղին եւ սահմանագոտուն լավ նայելը շատ կարեւոր է…. Սկսեք այդ հատվածներում արդարություն հաստատելուց` ընտրություն չկեղծելուց…..