Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գորգագործները ներկայացրեցին իրենց աշխատանքները
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոնը: Փառատոնին մասնակցում էին գորգագործներ ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլեւ Լեռնային Ղարաբաղից:
Լեռնային Ղարաբաղի գորգագործությունը ներկայացնում էր «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որի արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը հենց տեղում գորգ էր գործում եւ ցանկացողներին բացատրում էր գորգագործության նրբությունները: Տիկին Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գորգերով ներկայացնում են ղարաբաղյան զարդանախշերը եւ ղարաբաղյան մշակույթը.
«Այս փառատոնի շնորհիվ մարդիկ կճանաչեն արցախյան գորգերը, ամբողջ աշխարհով հայտնի կդառնա, որ ադրբեջանական գորգեր չեն, այլ հակառակը՝ արցախյան են: Իսկ արցախյան գորգերը տարբերվում են հայկական գորգերից որոշ զարդանախշերով, բայց հիմնականում իրենք էությամբ հայկական գորգեր են»:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ նման փառատոններ սկսվել են անցկացվել 2009 թվականից, բայց առաջին անգամ է, որ փառատոնը պետական աջակցությամբ է մեկնարկում: Նրա խոսքերով՝ ցանկություն կա, որ փառատոնները դառնան ամենամյա.
«Այնպես, որ փառատոնն ամեն տարի ունենա իր օրը, ճանաչելի դառնա, ե՛ւ տեղական շուկայում, ե՛ւ ընդհանրապես միջազգային շուկայում. Դառնա այնպիսին, որ մարդիկ ծրագրավորեն, որ այդ օրը գնալու են Դիլիջան թե՛ արտասահմանից, թե՛ Հայաստանի տարբեր մարզերից»:
Պարոն Ապրեսյանը փառատոնը կարեւորում է համայնքներում զբոսաշրջությունը զարգացնելու, տեղական արվեստներն ու արհեստները վերհանելու եւ զարգացնելու համար: Նրա խոսքերով՝ իրականացվող փառատոնների իմաստը միայն մեկ օրով չէ պայմանավորված, այդ օրը մարզը իր ներուժը ներկայացնելու հնարավորություն է ստանում.
«Սա իր արդյունքն արդեն տալիս է, զբոսաշրջության դինամիկ աճը նույնպես պայմանավորվում է այդ գործոնով: 2013 թվականին իրականացված վիճակագրական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նախորդի հետ համեմատած 28 տոկոսով ավելացել է 25-36 տարեկան զբոսաշրջիկների այցելությունների տեսակարար կշիռը, այսինքն՝ ավելի շատ երիտասարդները սկսում են գալ Հայաստան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ