«Դա Եվրասիական օրակարգ մտցնելու տեսանկյունից չեմ դիտարկում: Ուղղակի ցանկացած հակամարտություն հարակից տարածաշրջաններում ձգձգում է Եվրասիական տնտեսական միության հնարավորությունը»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք այն, որ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից հետո, երբ Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որին հետևել է Նազարբաևի մամուլի խոսնակի տարածած տեղեկությունը, որ Սոչիում ԼՂ հարցում առկա բարդություններն են քննարկվել, արդյոք դա չի՞ նշանակում, որ փորձ է արվում ԼՂ հարցը տեղափոխել Եվրասիական օրակարգ, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Ուկրաինայի ձգձգվող ճգնաժամի խնդիրներից մեկն էլ է այն, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Եվրասիական միության իրականացումը կասեցվի:
Այնուհետև քաղաքագետը հավելեց. «Եթե հնարավոր է ստեղծել երկրորդ նման իրավիճակը, որը կարող է հանգեցնել Եվրասիական միության իրականացման ձգձգմանը, ապա ինչու՞ ոչ: Բայց ոչ ՌԴ-ի և Ղազախստան կողմից: Նազարբաևը փորձելու է օգտագործել ռուսական աշխարհին վերաբերող ցանկացած խնդիր՝ իր հեղինակությունը բարձրացնելու և ազդեցությունը մեծացնելու համար: Պետք է գտնել դրա հակազդեցությունը, որ դա չխանգարի մեր պետական ծրագրերին, այդ թվում նաև Եվրասիական միությանն անդամակցության ծրագրերին:
Քաղաքական եւ միջազգային հետազոտություններ իհայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը նկատեց, որ ի սկզբանե, երբ քննարկվում էր ՀՀ Մաքսային միության անդամակցության հարցը, արդեն այն ժամանակ Ղարաբաղի հարցը դարձվեց Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության նախապայման: Այնուհետև պարոն Ենոքյանը շարունակեց. «Մինչև Սոչիի հանդիպումն էր այդպես: Իսկ վտանգն այն է, որ այս դեպքում Ռուսաստանն ուզում է խնդիրը տեղափոխել իր քննարկման հարթություն, ապամիջազգայնացնել, Մինսկի խմբի, ԵԱՀԿ-ի ձևաչափից վերադարձնել ռուսական ձևաչափ, և ըստ դրա՝ լուծվեն հարցերը: Այդտեղ հաշվի կառնվեն միայն Ռուսաստանի շահերը: Ուստի Սոչիի հանդիպումը նրա համար էր, որ Պուտինը հայտարարեր, որ ինքն է Ղարաբաղյան հարցի միջնորդը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ