«Սոչիում Ալիևին հասկացրել են, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել: Խնդիրը լուծվել է ոչ թե Սոչիի բանակցությունների սեղանին, այլ սահմաններին, երբ հայկական ուժերը հակազդել են նրանց ագրեսիային և խաղաղություն հաստատել: Սոչիում ընդամենը դիվանագիտական ձևակերպումներ են եղել»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում անդրադառնալով Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ սահմանին լարվածությունը Սահմանին Հայաստանը շարունակում է մնալ դոմինանտ: Քաղաքագետի կարծիքով՝ հայկական կողմի ռազմական հաջողությունը և նաև կորուստները հենց այնպես չպետք է անցնեն և պետք է ազդեցություն ունենան բանակցությունների վրա:
Այնուհետև հավելեց. «Մենք այսօր խնդիր ունենք քարոզչական տեսակետից ֆիքսելու, որ Ադրբեջանում փորձում են վերացնել հասարակական այն զանգվածը, որը կարող է հասարակական դժգոհություններ առաջացնել իշխանությունների նկատմամբ»: Քաղաքագետն ընդգծեց, որ այսօր հայկական դիվանագիտության հիմնախնդիրը պետք է լինի ֆիքսել այս թեզերը. «Եթե մենք այս պահը կորցնենք, պետք է ասել, որ իզուր էին բոլոր զոհերը»: Հարցին` արդյոք սահմանային լարվածության նվազումը պայմանավորվա՞ծ է Սոչիում նախագահների եռակողմ հանդիպմամբ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Միանշանակ համոզված եմ, որ Սոչիում Ալիևին հասկացրել են, որ ռազմական գործողությունները իմաստ չունեն: Սոչիում ընդամենը դիվանագիտական ձևակերպումն է եղել այն իրողության, որ Ադրբեջանը ռազմական գործողություններով ոչինչ չի կարող անել, միայն կվտանգի իր անվտանգությունը: Ադրբեջանը տեսավ, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի, և հասկացան, որ որևէ առումով Ադրբեջանը հայկական կողմի հետ ունակ չէ պայքարելու»:
Դիտարկմանը, արդյոք սահմանին կատարվածը իրականում մի քանի միլիոնի կռի՞վ էր, ինչի մասին ռուսական կայքերից մեկն էր գրել, քաղաքագետն արձագանքելով նշեց, թե արդեն հասկանալի է, որ դա ինֆորմացիա է, որը նետել է տեղեկատվական դաշտ Ադրբեջանին սպասարկող ռուսական կայքը և ոչ ավելին:
Aravot.am-ի դիտարկմանը, թե Կրեմլին «մոտ կանգնած աղբյուրները» հուշում են այն մասին, որ իրավիճակը 2015-ին ավելի է սրվելու և սա ժամանակավոր դադար է ընդամենը, պարոն Մելիք-Շահնազարյանն այսպես արձագանքեց. « Եթե Ռուսաստանի տեսակետից խնդրին մոտենանք, ապա միանշանակ է այն, որ պաշտոնական Մոսկվան այստեղ չվերահսկվող գործընթացներ չի ցանկանում տեսնել, իսկ պատերազմը երբեք հնարավոր չէ պահել վերահսկողության և կանխատեսելիության շրջանում: Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինայից զատ, եթե ունենա կոնֆլիկտ նաև Հարավային Կովկասում, որը սպառնալիք է նաև, որ հետագայում Հյուսիսային Կովկաս տեղափոխվի, ապա բոլոր այդ ճակատներում միաժամանակ իրենց շահերը չեն կարող պաշտպանել: Կա ընդամենը աշխարհաքաղաքական շահ, այսօր ՌԴ-ին դա պետք չէ և չկան որևէ հիմքեր, որ 2015-ին փոխվելու է իրավիճակ, և այդ ժամանակ Ռուսաստանը շահագրգռված կլինի պատերազմ տեսնել»:
Մեր հարցին՝ նպատակահարմա՞ր է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Որպես քաղաքացի՝ կարծում եմ, որ ավելի լավ է, որ այդ ֆունկցիաներն իրականացնի պետությունը: Եթե խնդիր կա ազատ զենք կրելու, ապա կողմնակից եմ, որ դա տարածվի ամբողջ բնակչության վրա: Պետք է հասկանալ, որ պատերազմը միայն Այգեպարում, կամ Կարմիրաղբյուրում բնակվող բնակչության համար չէ և տարանջատումներ անելը այնքան էլ արդյունավետ չէ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ