Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «ազգայնականություն» (Տեսանյութ)

Օգոստոս 16,2014 15:30

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանը

Արամ Աբրահամյան.- 50 տարի առաջ խորհրդային դատարանը վճիռ կայացրեց Մերուժանի դեմ: Խնդրում եմ, հիշեցրեք, ի՞նչ վճիռ էր դա, քանի՞ տարով եւ ինչի՞ համար:

Մերուժան Հովհաննիսյան.- ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան, քննության առնելով իմ նկատմամբ հարուցված քրեական գործը, ինձ եւ իմ ընկերներին, որոնք ինձ հետ միասին 7-ն էին, դատապարտեց տարբեր չափերի ազատազրկման, այդ թվում ինձ` 5 տարվա ազատազրկման՝ քրեական օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասով, որը նշանակում էր հակասովետական ազգային ագիտացիայի պրոպագանդա, եւ 67 հոդվածով, որը նշանակում էր խմբակային բնույթի արարք:

Ա. Ա.- Ի՞նչ էր նշանակում այն օրերին ազգայնական:

Մ. Հ.– Այն օրերին որեւէ միտք, որն արտահայտում էր ազգային գաղափարախոսություն, այսինքն` ազգային լեզվի պահպանություն, ուծացման, ձուլման դեմ պայքար եւ նման այլ արարքներ, որակվում էր որպես ազգայնական: Իմ նկատմամբ հարուցված գործում հետաքրքիրն այն է, որ Սայադյանը, այն ժամանակ կոչվում էր Սայադով, որը որակավորողն էր այդ արարքների, տեղակալն էր Բաղրամյանցի, գրեց, թե Մերուժանի հոդվածները «թթու նացիոնալիստական» են: Ես հոդվածներ եմ տպագրել «Սփյուռք», «Նաիրի» շաբաթաթերթերում, դաշնակցական «Երիտասարդ Հայաստան» թերթում՝ այն օրերին հակասովետական համարվող, սակայն հայրենասիրական թերթերում:

Ա. Ա.- Ազգայնականության հանդեպ վերաբերմունքը այս 50 տարվա ընթացքում փոխվել է: Ի՞նչ է ազգայնականությունը ընդհանրապես, լա՞վ բան է, թե՞ վատ:

Ամատունի Վիրաբյան.– Ազգայնականությունն, իհարկե, լավ բան է, ազգայնամոլության հետ մենք պետք է չշփոթենք, որովհետեւ վերջինս մոտավորապես ֆաշիզմին, նացիզմին համարժեք գաղափար է, որը մի ազգի բարձր է դասում որոշակի այլ ազգերից: Ազգայնականությունը ազգային սովորույթների, ազգային գաղափարախոսության, լեզվի պահպանումն է, որը սակայն, Խորհրդային Միությունում համարժեք էր նույն ազգայնամոլությանը, որովհետեւ Խորհրդային Միությունը համարում էր, որ 1930-ական թվականներին այլեւս սոցիալիզմը կառուցվել է, եւ որեւէ ազգի պատկանելությունը շեշտելը համարում էին նացիոնալիզմ: 30-ականներին ազգայնամոլության մեջ էին մեղադրում նույնիսկ կոմունիստների, օրինակ՝ Աղասի Խանջյանին: Անհրաժեշտ էր նրանց ինչ-որ «իզմի» մեջ մեղադրել. ասենք, եթե տրոցկիստ չէին, դաշնակցական չէին, հետեւաբար միակ բանը մնում էր ազգայնականության մեջ մեղադրելր:

Ա. Ա.– Խոսքը, այնուամենայնիվ, 1964թ. այլախոհների մասին է: Նրանք բոլորը «ազգայնակա՞ն» էին, թե՞ կային այլ տեսակի այլախոհներ:

Մ. Հ.- Մեր յոթի խումբը իր գործունեությունը սկսել է 1962թ. ապրիլի 5-ից, այդ օրերից սկսել էինք հանդիպումներ ունենալ տարբեր հայրենասիրական խմբավորումների եւ անհատների հետ, որոնք գտնվում էին սփյուռքում եւ հայրենիքում: Մենք առաջնորդվում էինք ազգայնական մտածողությամբ, այսինքն` ոչ թե նախընտրելի էինք համարում կամ գերադասում մեր ազգը, այլ ուզում էինք տեսնել այն մեծ եւ արժանավոր ազգերի շարքում:

Ա. Ա.- Դուք հանդես չէի՞ք գալիս խորհրդային կարգերի դեմ:

Մ. Հ.- Անպայման հանդես էինք գալիս, իմ դատավճռում գրված էր, եւ ճիշտ էր գրված, ես այսպես եմ արտահայտվել` ուզում եմ Հայաստանը տեսնել առանց սովետական կարգերի, եւ միակ անձը ես եմ եղել, որ այդպես եմ արտահայտվել: Ես այսօր էլ ճիշտ եմ գտնում ոչ թե նրա համար, որ այսօրվա հայրենիքում իշխող գաղափարախոսությունն ու քաղաքականությունը իմ ցանկալին է, ոչ: Ես ուզում եմ տեսնել այն հայրենասիրական շարժման գաղափարախոսությունը, որի կրողն են եղել Ավետիս Ահարոնյանը, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը, Անդրանիկը:

Պատրաստեց Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

15.08.2014
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031