Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պատրաստ լինել պատերազմի»

Օգոստոս 16,2014 15:15

Սոչիում կայացած նախագահներ Սարգսյանի, Պուտինի եւ Ալիեւի եռակողմ հանդիպումից հետո ռուսական քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումները Արեւմուտքի դրդմամբ էին եւ ուղղված էին ՌԴ-ի դեմ: Երեկ, մասնավորաբար, նման կարծիքներ հնչեցին նաեւ Երեւանում` ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի եւ ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւի կողմից: «Վերջին սրացումները Ղարաբաղում միանշանակ ձեռնտու էին Արևմուտքին, որպեսզի թուլացնի Ռուսաստանին`ուկրաինական զարգացումների ֆոնին: Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Արևմուտքը անբարոյական խաղ է տանում, և ուղղակի պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում»,- ասաց Վլադիմիր Եվսեևը` հավելելով. «Արեւմուտքի հաշվարկն այն էր, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, եւ հնարավոր կլինի հաջողել այս տարածաշրջանում` թուլացնելով Ռուսաստանի դիրքերը, բայց ՌԴ-ն մշտապես պաշտպանելու է իր եւ իր գործընկերների շահերը: Ադրբեջանում, դա, ցավոք, չեն հասկանում»:

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ռուս փորձագետների դիտարկումներին եւ պատասխանելով հարցին` արդյոք որոշակի ճշմարտության չկա՞ այդ ամենում՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին շրջանի հայտարարությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահող երկրների դանդաղկոտ եւ մեղմ արձագանքը սահմանային միջադեպերին, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց. «Ռուսական իշխող քաղաքական և տնտեսական վերնախավին այդպես էլ չհաջողվեց դառնալ արևմտյան աշխարհի կառավարող ընտրանու մասը՝ նրան թույլ չտրվեց ինտեգրվել եվրո-ամերիկյան համակարգին՝ որպես իրավահավասար ու նույնական բաղադրատարր, որը կունենա իրավունքներ ու կկիսի պարտականությունները գործընկերների հետ: «Անառակ որդու» վերադարձը չկայացավ, ու դրա փոխարեն սկսվեց նրա նոր վտարման գործընթացը: Այս համատեքստում ռուս փորձագետները կարող են ՌԴ-ին սահմանակից երկրներում պատերազմական ակտիվության աճը դիտարկել որպես Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք, բայց նաև պետք է հիշեն, որ Ռուսաստանում ինչ-որ մի բան սխալ էր հաշվարկվել ժամանակին, և այդ սխալ հաշվարկի պտուղները հիմա հասունացել են, ու եկել է բերքահավաքի ժամը»:

Հիշեցնենք. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նախ հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն այլեւս վտանգավոր է դառնում: Ապա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էր հայտարարել ղարաբաղյան կարգավորման խնդրում պաշտոնական Վաշինգտոնի նոր հայեցակարգի մասին ու ասել, որ Սպիտակ տունը մտադիր է նոր թափ հաղորդել Ղարաբաղյան կարգավորմանը եւ այլն: Ամերիկյան կողմի այս եւ մի շարք այլ հայտարարություններին հետեւեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ իրականացվող դիվերսիոն գործողությունները` սահմաններում աննախադեպ լարվածություն ստեղծելով:

«Առավոտի» հարցին` կարելի՞ է փաստել, որ իր պրովոկացիոն գործողություններում Ադրբեջանին ոգեւորում էր Արեւմուտքը. Սոչիի եռակողմ հանդիպումն էլ, արդյոք, որոշակիորեն չհստակեցրե՞ց այդ պատկերը, թեեւ իրենց վարքագծի համար Արեւմուտքի եւ Ադրբեջանի մոտիվացիաները կարող էին էականորեն տարբերվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրանց (դիվերսիոն գործողությունների եւ սահմանային լարվածության- Ն. Գ.) միջոցով Ադրբեջանը ժամանակ է փորձում շահել, ձգտում է այնպես անել, որ իր առջև դրված ճամբարի ընտրության անհրաժեշտությունը հետաձգվի՝ Ալիևը վախենում է կանգնել Ռուսաստանի կողքին կամ հստակորեն սատարել Արևմուտքին՝ հասկանալով, որ ցանկացած որոշում կարող է աղետալի լինել իր իշխանության և ընտանիքի համար»:
Երեկ Հայաստանում ռուս-հայկական համատեղ զորավարժություններ էին անցկացվում ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զինծառայողները գործել են մարտականին մոտ պայմաններում: Թեեւ նման զորավարժությունները բացառիկ բան չեն, բայց ներկայիս իրավիճակում ի՞նչ է դա նշանակում` «Առավոտի» հարցին Արման Մելիքյանն արձագանքեց. «Պետք է պատրաստ լինել պատերազմի՝ հատկապես առաջիկա երկու-երեք տարիները ռազմաքաղաքական զարգացումների առումով շատ բարդ են լինելու»:

Նախագահների եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են ավելի քան տասն անգամ: Դա փաստում են եւ հայկական, եւ ղարաբաղյան պաշտոնական աղբյուրները: Սա նշանակո՞ւմ է, որ հանդիպումն ինչ-որ արդյունք, այնուհանդերձ, տվեց: «Անհրաժեշտ էր նախ լարել իրավիճակը, որպեսզի հանդիպումից հետո հնարավոր լիներ գոնե ինչ-որ արդյունք գրանցել, մի դրական շարժ արձանագրել»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցին էլ` տարածաշրջանային ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն, մասնավորաբար, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող, եթե նկատի ունենանք ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլեւս չի կարելի համարել սառեցված, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասաց. «Լարումն աճելու է հատկապես ՌԴ սահմանների ողջ երկայնքով: Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում կարող է գոնե քաղաքական հարձակումների պատճառ դառնալ, իսկ Ղարաբաղյան հիմնախնդիրը ապասառեցնելու միջոցով ամերիկացիները թերևս նախազգուշացնում են ռուս գործընկերներին վերջիններիս սպառնացող հնարավոր բարդությունների բովանդակության և ուղղվածության մասին»:

Ստեղծված բարդ իրավիճակում առավել առանցքային է դառնում ռուս-իրանական կամ հայ-իրանական ալյանսների ձեւավորումը: Մեր զրուցակիցը, սակայն, ռուս-իրանական ռազմավարական ալյանսի հեռանկար այս պահին գոնե չի տեսնում. «Իրանը շատ պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարելու ավանդույթ ունի և գերադասում է իրեն ավելորդ պարտավորություններով չծանրաբեռնել` հատկապես խոշոր պետությունների հետ ունեցած իր հարաբերություններում»: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, Արման Մելիքյանը կարծիք հայտնեց. «Հայաստանը Իրանի համար հատուկ նշանակություն ունեցող երկիր է, և այս պարագայում շատ բան կախված կլինի հենց Երևանի պահվածքից»: Թե ի՞նչ զարգացումներ կունենան հայ-իրանական հարաբերությունները՝ արդեն կուրվագծվի հավանաբար հենց սեպտեմբերին: Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցն Իրան, իսկ տարվա ընթացքում նախատեսված է Իրանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Վերջերս մամուլի ասուլիսում դա հաստատեց նաեւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը` հավելելով, որ ժամկետները դեռ հստակեցվում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Կլռի Իրանն իր երկրորդ հիբրիդ ,,պետության,, հետ, հիմա դեռ խոսելու ունակ է:Սերժահայի Կրան, պարսիկ հայի Իրան:Շոգ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031