Կառավարությունը նախապատրաստում է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծ, առաջիկայում այն կներկայացվի ԱԺ-ի դատին:
Դրա համաձայն՝ առաջարկվում է գործող օրենքի 30-րդ հոդվածում, որով սահմանվում են հավաքի մասնակիցների պարտականությունները, ավելացնել ևս մեկը, այն է` «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները և ազատությունները կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»:
Օրենքի փոփոխության մասին խոսեցինք Վահագն Մինասյանի հետ, ով մասնակցել է հասարակական տարբեր խնդիրների բարձրաձայնմանը եւ ում դեմ մի շարք հայցեր են ներկայացվել վարչական դատարանում՝ ոստիկանության պահանջները չկատարելու հիմքով, որոնցից մեկի հակընդդեմ հայցը բավարարվել է:
Վահագն Մինասյանը կարծում է, որ «Հավաքների մասին» օրենքում լրացում կատարելով՝ այսօրվա իշխանությունները փորձում են սահմանափակել հանրահավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը: «Այժմ հանրային գիտակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ հետեւաբար նաեւ ընդվզման ալիքն է մեծանում՝ կապված տարատեսակ խնդիրների եւ առհասարակ՝ գլոբալ խնդիրների հետ: Այսօր տեսնում ենք, որ անընդհատ նոր դեմքեր են ավելանում, խելացի երիտասարդները պայքարի տարբեր օջախներում են, եւ դա, բնականաբար, այսօրվա իշխանությունների համար մտահոգության առիթ է դարձել,- ասում է Վահագն Մինասյանը՝ նշելով, որ այդպիսի քայլերով հասարակական ընդվզումները ճնշել իշխանություններին չի ստացվի:- Միանշանակ չեն կարող, կարծում եմ՝ ճիշտ հակառակ էֆեկտը կլինի»:
Կարդացեք նաև
Առաջիկայում սպասվող հանրահավաքներին Վահագն Մինասյանը սպասում է ավելի «ռադիկալ քայլերի». «Ճիշտն ասած, ես կողմ եմ իրավունքի գերակայության դաշտում ռադիկալ գործողությունների՝ խնդրի առարկայից կախված, դա կլինի «Դեմ եմ» շարժում, թե տրանսպորտի, թե էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված շարժում, էական չէ:
Կարծում եմ՝ շատ ավելի ռադիկալ գործողություններ պետք է արվեն՝ կազմակերպված: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ փորձվելու է սահմանափակել հավաքների ազատությունը, պետք է ասեմ, որ դա չի աշխատելու եւ իր ազդեցությունը չի ունենալու այն շերտի վրա, ովքեր որ խրոխտ տեսակ են եւ սովոր են իրենց իրավունքները նվաճել կամ իրացնել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.08.2014 թ