Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիշանի» գազի նոր հաշվիչները 200-500 հազար դրամ պակաս են գրում

Օգոստոս 16,2014 14:45

Գործարանի սեփականատեր Սերժիկ Մոսեսյանն ասում է՝ ինչ նոր հաշվիչներ են տեղադրվել, սպառված գազի խելամիտ հաշիվներ են գալիս. նախկինում «Գազպրոմը» կեղծում էր հաշվարկման թվերը

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը ամիսներով «կոկորդ էր պատռում», որ «ՀայՌուսգազարդը» մոտ 3 տարի այս ընկերությունից գազի սպառման դիմաց ավելի գումարներ էր պահանջում: Ապացուցելու համար, որ գործարանն այդքան գազ չի սպառել, այն ժամանակ «ՀայՌուսգազարդը», որի անունը հիմա «Գազպրոմ-Արմենիա է», կեղծում էր հաշվարկման թվերը, իրանահայ գործարարը է՛լ ասուլիսներ էր հրավիրում, է՛լ պետական գերատեսչությունների դռներն էր ծեծում, սակայն արդյունքի չէր հասնում: Հիմա գործարանում գազի սպառման հաշվարկման համար նոր հաշվիչներ են տեղադրվել, այս անգամ թվերից պարոն Մոսեսյանը չի դժգոհում: «Առավոտի» հետ զրույցում գործարանի սեփականատերն ասաց. «Երբ համեմատում ենք նախորդ թվերի հետ, 200, 300, 500 հազար դրամի չափով պակաս է գալիս: Սա նշանակում է, որ ես ճիշտ էի, իրենք ինձ խաբում էին»:

«Գազպրոմ-Արմենիայի» «երեսից», ինչպես գործարարն ասաց, մոտ 50-60 միլիոն դրամ վնաս է կրել: Երբ գործարարը հրաժարվել էր վճարել սպառած գազի դիմաց, գործարանի գազամատակարարումը դադարեցվել էր, հետեւաբար նաեւ՝ արտադրությունը: «Մի քանի ամիս գործարանը չէր աշխատում, բայց ես աշխատավարձեր էի վճարում: Մարդկանց պահում էի ու հույս ունեի, որ վերջիվերջո ամեն ինչ կկարգավորվի: Դիմել էի էկոնոմիկայի նախարարություն, մրցակցության կոմիտե (նկատի ունի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով-Ն. Բ.), կարծում էի, թե դրանք մի բան կանեն, բայց՝ չէ: Նախարարությունից էլ իմ դիմումից 6 ամիս հետո եկան, հատուկ սարքերով ստուգեցին, բայց էլի բան չփոխվեց, վնասներս էլ չվերականգնվեցին»:

Իրանահայ գործարարը դատարանի միջոցով փոխհատուցում պահանջելու մտադրություն էլ չունի, այսինքն՝ առայժմ՝ չունի. ասաց, որ հիմա «գլուխը խառն է», ժամանակ ու հավես չունի դատարանի դռներն ընկնելու. «Դա էլ մի ուրիշ պատմություն է, բայց կդիմեմ, մի քիչ գործերս թեթեւանան՝ կդիմեմ»:

Դեռ գարնանը պարոն Մոսեսյանն այնքան հուսահատ էր, որ հայտարարել էր Իրան վերադառնալու մասին. մոտ 10 տարի Հայաստանում բիզնեսով զբաղվելուց հետո այս գործարարը «Գազպրոմ-Արմենիայի» պատճառով Հայաստանը գործարարությամբ զբաղվելու համար անհուսալի երկիր էր համարում ու մտադիր էր գործարանը փակել ու գնալ այստեղից, բայց հիմա կամաց-կամաց ոտքի է կանգնում, գործարանը սկսել է աշխատել:

Ռուսական շուկան մեծ հույսեր է արթնացրել այս գործարարի մոտ:
Վերջերես Ռուսաստանում եվրոպական, ամերիկյան, կանադական, նորվեգական, ավստրալական մի շարք ապրանքատեսակների ներմուծումն ու իրացումն արգելվեցին. պարոն Մոսեսյանը վստահեցրեց, որ ռուսական այդ էմբարգոյից փորձելու է օգտվել: «Անպայման արտահանելու եմ Ռուսաստան, վ շանս է հիմա, արդեն սկսել եմ արտադրությունը, ու արտահանելու ուղղությամբ ենք աշխատում»:

Հուսալի համարո՞ւմ է ռուսական շուկան, քանի որ, ըստ էության, այդ երկրում քաղաքական նպատակներով տնտեսական սանկցիաներ են կիրառվում, ինչը կարող է մի օր էլ նաեւ Հայաստանի դեպքում կիրառվել՝ մեր այս հարցին էլ պարոն Մոսեսյանն ասաց՝ «Էհ, չգիտեմ, բայց հիմա էդ շուկան մեզ համար նոր շանս է. լավն է, վատն է, հուսալի է, թե ոչ՝ ստիպված, ճարահատյալ պիտի աշխատենք էդ շուկայում: Տեղում քիչ է վաճառվում, պակասել է իրացման ծավալը, ժողովուրդ քիչ է մնացել Հայաստանում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031