Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճռում բացակայում են ապացուցման ենթակա հանգամանքները

Օգոստոս 16,2014 14:30

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանն իր պաշտպանյալ, թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող Արմեն Թ.-ի նկատմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Նա պահանջում է բեկանել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռն ու արդարացնել Արմեն Թ.-ին` ճանաչելով եւ հռչակելով հանցանքի կատարման մեջ նրա անմեղությունը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, 5 տարվա ազատազրկման է դատապարտել թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող Արմեն Թ.-ին:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա սեպտեմբերին Արմեն Ե.-ից, գործով անհայտ անձին վաճառելու եւ վաճառքից ստացված գումարից Ա. Ե.-ի կողմից իրեն պարտք եղած 40000 ՀՀ դրամը ստանալու նպատակով, ապօրինի ձեռք է բերել եւ իր պայուսակի մեջ է պահել 8 առանձին փաթեթների մեջ փաթեթավորված խոշոր չափի՝ 42.11 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ նախապես խոստանալով Արմեն Ե.-ին՝ օժանդակել նշված թմրամիջոցն իրացնելու գործում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ չի հասցրել վաճառել այն, քանի որ գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ թմրամիջոցը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Արմեն Թ.-ի մոտ առկա պայուսակի միջից՝ նրա անձնական խուզարկության ընթացքում։

Փաստաբանն ի սկզբանե համաձայն չի եղել նաեւ առաջադրված մեղադրանքի հետ: Նա պնդում է, որ իրացման հանցակազմի բոլոր տարրերը չեն առկա գործում, հետեւաբար՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Կարինե Գասպարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` պահանջելով կարճել քրեական գործով վարույթը եւ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն՝ ապարդյուն:

«Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, ավելին, մեղադրանքի ապացուցման եւ կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:

Նախաքննական մարմինը, սակայն, խախտել է օրենքի պահանջը, եւ նախաքննական ցուցմունքի հիմքում դրվել է մասնակի մեղսունակ ճանաչված, անգրագետ անձի` իր իսկ դեմ գրված բացատրությունը, որը եղել է ծեծի, սպառնալիքի ազդեցության տակ՝ որոշակի նորմերի խախտմամբ: Ընդ որում՝ բացատրությունն ընդդեմ իրեն, իր վերաբերյալ ցուցմունք է, որից ակնհայտ երեւում է, որ իմ պաշտպանյալը քննվել է կասկածյալի կարգավիճակով, իսկ կասկածյալի իրավունքները նրան չեն բացատրվել, չի բացատրվել լռելու իրավունքը: Արմենը ինձ հայտնել է, որ իրեն ժամերով թելադրել են` ինչ գրել, անգամ հուշել են, թե որն է այս կամ այն տառը: Ի վերջո, բացատրությունն ապացույց չի կարող դիտվել, եւ այն դնել ցուցմունքի հիմքում, առավել եւս՝ պնդել այն, ճիշտ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Նա տեղեկացնում է, որ եթե անգամ ինչ-որ մեկը իր պաշտպանյալին է տվել թմրամիջոցով փաթեթը, դա դեռ ապացույց չէ, որ վերջինս ցանկացել է այն իրացնել: «Չկա որեւէ մեկը, որին ինքը իրացնի կամ օժանդակի իրացմանը, այդ դեպքում այս հոդվածը դնելը բացառվում է, իրացման հանցակազմի համար անհրաժեշտ բոլոր տարրերն առկա չեն: Երկու մեղադրյալներ կան գործում, Արմեն Ե.-ն հրաժարվել է ցուցմունք տալ, ստացվում է` իմ պաշտպանյալը իր իսկ դեմ գրված բացատրությամբ մեղադրվում է հանցանքի մեջ»,- ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Նա նաեւ նշում է, որ վերոնշյալ բացատրությունը դատաքննության փուլում չի հետազոտվել, ուստի եւ չէր կարող որպես ապացույց վերաբերելի լինել այս գործով:
«Դատաքննությամբ բացատրությունը չի հետազոտվել, կնշանակի, որ որպես ապացույց այն այս գործով վերաբերելի չէ, կնշանակի նաեւ, որ որպես կասկածյալ հարցաքննվելիս իմ պաշտպանյալի անվամբ լրացված ցուցմունքը եւս հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ նշված է, որ պնդում է նախկինում իր կողմից տրված բացատրությունը: Ավելին, անգամ դատարանի կողմից դժվարությամբ ընթերցված այս ցուցմունքը չէր կարող կարդալ անգրագետ, սահմանափակ մեղսունակ ճանաչված Արմեն Թ.-ն, ում անունից նշված է, թե կարդացել է: Եթե բացատրությունը չի հետազոտվել որպես ապացույց, չի դրվել դատավճռի հիմքում, այդ դեպքում, դատավոր, ի՞նչն ես հիմք ընդունում, որ իմ պաշտպանյալի` որպես կասկածյալի եւ որպես մեղադրյալի ցուցմունքները դնում ես դատավճռի հիմքում որպես ապացույց»,-նշում է փաստաբանը:

Ըստ նրա ` դատարանը վերը նշված, ինչպես նաեւ գործում առկա այլ կոպիտ խախտումների հիման վրա ուներ հնարավորություն անհրաժեշտ հետեւություն անելու, սակայն չի արել:

«Չանել նման հետեւություններ, կնշանակի, որ դատարանն իրականացրել է միակողմանի քննություն, խախտել է կողմերի հավասարության սկզբունքի պահանջը` լրիվ անհիմն արձակած դատավճռի հիմքում դնելով նախաքննական մարմնի ենթադրությունները` անտեսելով մեր կողմից վկայակոչած այն լուրջ, անհերքելի փաստարկները, որոնք լրիվ բավարար էին իմ պաշտպանյալին արդարացնելու համար: Դատարանի դատավճռում բացակայում են ապացուցման ենթակա հանգամանքները»,-եզրափակում է փաստաբանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

15.08.2014 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031