Հաճախ Ֆեյսբուքում ամեն գրառում կատարող իրեն գրող է երեւակայում: Նրանց զուգահեռ՝ իրական գրողներն էլ են «հանգրվանել» Ֆեյսբուքում: Օրինակ, Հովհաննես Թումանյանի անունով Ֆեյսբուքում 6 էջ կա: Ամենաշատ՝ 5941 հավանություն արժանացած թումանյանական էջում, բացի Թումանյանի ստեղծագործություններն ու նրան վերաբերող հոդվածները, նաեւ բացառիկ նկարներ կան, ինչպես, օրինակ, մեկը, որտեղ Թումանյանը յափնջիով է ու հովվի գլխարկով:
Վերջին թարմացումն այս էջում կատարվել է հունիսի 19-ին:
Ավետիք Իսահակյանի անունով եւս Ֆեյսբուքում մի քանի էջ կա, ամենաշատ հավանության արժանացածի (1413 like)` վերջին թարմացումը կատարվել է օգոստոսի 12-ին, այն ասույթ է Իսահակյանից. «Կյանքը շոշափելի երազ է, երազը՝ անշոշափելի կյանք»:
Կարդացեք նաև
Իսահակյանի ֆեյսբուքյան էջում նաեւ հետաքրքիր դրվագներ կան վարպետի կյանքից, ինչպես այս պատմությունը. «Երկար տարիներ բացակայելուց հետո, Ավետիք Իսահակյանն այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակ) վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը, թե վա՛յ, Ավո՜ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում…
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը եւ, դառնալով նրան, հարցնում է. «Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ»: Իսահակյանը, թե՝ Վարդա՛ն ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:
Հովհաննես Շիրազի ֆեյսբուքյան էջը 8,163 like ունի: Վերջին թարմացումը կատարվել է օգոստոսի 12-ին. հրապարակվել է բանաստեղծի լուսանկարը՝ Անահիտ Սահինյանի հետ:
Ֆեյսբուքում կա Պարույր Սեւակ գրական ակումբ, որը 3599 հետեւորդ ունի: Այստեղ վերջին թարմացումը կատարվել է օգոստոսի 14-ին, այն սեւակյան հետեւյալ միտքն է. «Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ, դատարկ մարդն է գոռոզանում»:
Գրիգոր Զոհրապի էջին հավանություն է տվել 2265 օգտատեր: Էջը պասիվ է. այստեղ վերջին թարմացումը կատարվել է անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին:
Եղիշե Չարենցը բազմաթիվ էջեր ունի Ֆեյսբուքում, նրա՝ ամենաշատ՝ 15035 հավանություն ստացած էջում վերջին թարմացումն էլ կատարվել է օգոստոսի 14-ին: Չարենցյան էջը ակտիվ է եւ հագեցած:
Համո Սահյանն էլ մի քանի էջ ունի Ֆեյսբուք հարթակում, նրա ամենաշատ հավանություն ստացած էջին հետեւում է 11321 մարդ: Սահյանական էջը, բացի բանաստեղծին վերաբերող նյութերից, հրապարակում է Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքին վերաբերող նույթեր:
Վահագն Դավթյանի էջը «like»-ել է 3874 օգտատեր: Այն թարմացվում է օրական մի քանի անգամ: Այս էջը եւս անտարբեր չէ Հայաստանի դարդուցավին, օրինակ, վերջերս զոհված հայ զինվորների լուսանկարները հրապարակվել են Վահագն Դավթյանի համապատասխան բանաստեղծությունների համադրությամբ:
Հայ ժամանակակից գրողներից Գուրգեն Խանջյանի էջին հավանություն է տվել 782 օգտատեր, այն վերջին անգամ թարմացվել է հունիսի 29-ին ու շատ ակտիվ է: Լեւոն Խեչոյանի ֆեյսբուքյան էջին հավանություն է տվել 1925 մարդ, իսկ Լեւոն Ջավախյանի էջին՝ 243:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.08.2014 թ.
Սիրելի Գոհար կարծում եմ թերություն կա հոդվածում, նախ Պ.Սևակի էջը 65000 հոգի հետևող ունի, որը իմն է, ինձ են պատկանում նաև Շիրազի, Չարենցի, Նժդեհի, Դինքի, Հայկ Ասատրյան, Անդրանիկ, Վարուժան էջերը: Նաև ինձ էր պատկանում Տերյանի էջը, որը վերջերս նվիրեցի իր ծողանը:
Սևակի և Նժդեհի էջերը ամենամեծ էջեին են, 65000 և 11000 հետևողով:
Այս մասին մի անգամ Առավոտը ինձ հետ հարցազրույց կատարել էր, խնդրում եմ շտկեք հոդվածը, ինչպես կարեծի է Սևակի նման մտավորականի էջը 3600 հետևող ունենա, այդ մեր էջի վիա այս պահին 5 հոգի օրը 24 ժամ աշխատում են:
Հարգանոք`
Արթին
Սիրելի Արթին, հոդվածում խոսքը վերաբերում է Պարույր Սեւակ գրական ակումբին՝ https://www.facebook.com/paruyr.sevak.grakan.akumb?fref=ts, այն իսկապես մոտ 3600 հետեւորդ ունի: Կարող եք նայել եմ համոզվել ինքներդ:
Հարգանքներս