Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Գոհար Գասպարյանին 25 օրով Լոռի գործուղեցին

Օգոստոս 16,2014 14:00

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 2000 թ. հիմնեց «Արվեստի հայ մեծերը» մատենաշարը, որի 13-րդ գիրքը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին, արդեն պատրաստ է եւ տպագրության է հանձնված Գոհար Գասպարյանին նվիրված աշխատությունը՝ լեգենդար օպերային երգչուհու 90-ամյակի առիթով։ Արվեստաբանի հեղինակած գրքերը ծավալուն են, վավերագրություններով հարուստ, պատկերազարդ եւ, որ ամենակարեւորն է՝ մինչ օրս անհայտ, անտիպ նյութերով։

«Առավոտը» Սերգեյ Առաքելյանին խնդրեց 1-2 անհայտ դիպված ներկայացնել Գոհար Գասպարյանի կյանքից։ Հիշեցնենք, որ մատենաշարի հեղինակը մեծանուն երգչուհու կենսագիրն է։

«Երբ ժամանակին նախաձեռնեցի «Շերամ» գրքի հրատարակումը, ձեռքս ընկավ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ պատմական գիտությունների դոկտոր Համազասպ Համբարձումյանի անտիպ հուշերը Շերամի մասին ու հանկարծ հանդիպեցի Գոհար Գասպարյան անվանը։ Պարզվում է՝ 1950 թ., երբ մեր ակադեմիան քննարկել է «Պրավդայում» տպագրված Ստալինի պատմական հոդվածը լեզվի մասին, ավարտին կայանում է մեծ խնջույք։ Հանկարծ դռան արանքում հայտնվում է 1948 թ. Եգիպտոսից հայրենադարձված Գոհար Գասպարյանը։ Առաջինը երգչուհուն ընդառաջ է գնում Ավետիք Իսահակյանը ու նրա խնդրանքով Գոհարը հայերեն երգում է Ալյաբեւի «Սոխակը»։

Ավարտին ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին բաժակ է բարձրացնում՝ ի պատիվ Հայաստանի սոխակի… Հետո, ինչ-ինչ անհասկանալի հանգամանքներից ելնելով, վեճ է ծագում գիտնականների միջեւ։ Հենց այդ պահին Գոհարը բարձրանում է աթոռին եւ իր կոլորատուրային սոպրանոյով հնչեցնում «Հայաստան, երկիր դրախտավայրը»։ Առաջին հնչյուններից հետո կրքերը հանդարտվում են։ Այդ ժամանակ Օրբելին երկրորդ անգամ է բաժակ բարձրացնում՝ ի պատիվ երգչուհու ու ասում. «Ահա ձեր առջեւ կանգնած է հայ երգի Օրփեոսը, որն իր տաղանդով սանձեց այս ամբոխը…»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Պարոն Առաքելյանը հիշեց, որ 1949 թ. Դելիբի «Լաքմե» օպերայի պրեմիերայից հետո, Լաքմեի շլացուցիչ դերերգով հանդես եկած Գոհար Գասպարյանին հանձնարարվում է Անուշի դերերգը։ «Գոհարը ներքին վախ ուներ՝ կկարողանա՞, արդյոք, արտահայտել Անուշի վիշտը, թախիծը… Ի վերջո, նրան դեռ ծանոթ չէին հայկական օպերաները։ Անուշի պարտիայի հանձնման օրը ներկա էին մեծանուն արվեստագետներ՝ դիրիժոր Միքայել Թավրիզյանը եւ ռեժիսոր Արմեն Գուլակյանը, Թիֆլիսից էլ Երեւան էր եկել Արմեն Տիգրանյանը։ Այս մասին գիտեին մի քանի հոգի։ Կոմպոզիտորին անհանգստացնում էր Երեւանի օպերային թատրոնում իր «Դավիթ-Բեկի» պրեմիերայի վտանգված ճակատագիրը… Ես Արմեն Տիգրանյանին թաքուն ուղեկցեցի յարուս, որտեղից նա գաղտագողի հիացած ունկնդրում էր Գոհարին։ Երբ երգչուհին հանդես եկավ խելագարության տեսարանով, որի կադենցիան, ի դեպ, իրենն է, Տիգրանյանն ինձ ասաց. «Ես այսպիսի կադենցիա չեմ գրել, այ քեզ երգչուհի…»։ Անուշի պարտիան հանձնելուց հետո Գուլակյանը Գոհարին ասաց. «Աղջիկս, որքան չքնաղ երգում ես, արդյոք այդպես էլ կարո՞ղ ես խաղալ…»,- պատմեց մեր զրուցակիցը։ Հետո էլ հավելեց, որ երգչուհուն 25 օրով գործուղել են Դսեղ եւ Ուզունլար գյուղերը, որպեսզի նա տեղում ծանոթանա գյուղական միջավայրին։

Սերգեյ Առաքելյանի խոսքերով, երբ 1950 թ. Մեծ թատրոնում երգչուհին հանդես է գալիս Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայում՝ Ռոզինայի դերերգով, երկրորդ գործողության ընթացքում, երբ, ըստ հեղինակի՝ «Ռոզինան» պետք է իր ընտրությամբ հանդես գար վոկալիզով, իսկ Գոհարը ընտրել էր Մոցարտ, դրանից հետո ծափերը պարզապես չեն դադարում։ Մեծ թատրոնի տնօրենը ստիպված բեմ է բարձրանում, ընդհատում ներկայացումը։ Գոհար Գասպարյանը հանդես է գալիս մենահամերգով, որից հետո շարունակվում է ներկայացումը։

Մեր զրուցակիցը հիշեց 1979 թ., երբ երգչուհուն ուղեկցում էր Մոսկվա։ Մոսկվայի պետական սիմֆոնիկ եւ Մեծ թատրոնի միացյալ նվագախմբերի հետ նա պետք է «Մելոդիա» ֆիրմայում ձայնագրեր 8 արիա։ «Երբ հյուրանոցից շարժվում էինք ձայնագրման ստուդիա, զարմացած հարցրի, թե ինչո՞ւ է Գոհարը բեմական զգեստով։ Նա էլ պատասխանեց, թե՝ դա հարկավոր է իրեն անկեղծ ու ջերմ համերգային մթնոլորտ ստեղծելու համար։ Երբ ներս մտանք ստուդիա, տեղաց նվագախմբի երաժիշտների բուռն ծափահարությունների տարափ, ինչն ավելի բուռն էր ձայնագրությունից հետո: Ընդ որում, Գոհարն առանց փորձի իրար հետեւից 8 արիա ձայնագրեց»,- հիշեց պարոն Առաքելյանը։
Պարոն Առաքելյանը հիշեց նաեւ 1956 թ., երբ աշխարհահռչակ օպերային դիվա Մադո Ռոբենը երեւանյան մենահամերգից հետո հայտարարել էր. «Ինչո՞ւ եք ինձ հրավիրել Երեւան, դուք Գոհար ունեք»:

Իմիջիայլոց, Գոհար Գասպարյանն ու Մադո Ռոբենը Եգիպտոսում սովորել են նույն ուսուցիչների մոտ։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում. Սերգեյ Առաքելյանը՝ Գոհար Գասպարյանի հետ, 1959թ:

«Առավոտ» օրաթերթ

15.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031