Զրույց կոնցերտմայստեր Ռիտա Գրիգորյանի հետ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ արդեն 35 տարի. բեմում և բեմից դուրս բոլորի մտերիմ և սիրելի Ռիտա Գրիգորյանը (լուսանկարում) սիրով է աշխատում թատրոնի մեներգիչների հետ, մանրակրկիտ մշակում նույնիսկ ամենափոքր երաժշտական ֆրազը, վարպետությամբ սովորեցնում և հղկում երգիչների երաժշտական կերպարները և շարունակում…սովորել:
Տասնամյակների հեռվից Ռիտա Գրիգորյանը խոստովանում է, որ ժամանակին թատրոնն իր ծրագրերի մեջ չէր մտնում. շատ էր սիրում օպերետը և չէր կիսում տեսակետը, թե այն թեթև երաժշտություն է: Իսկ թատրոն եկել է 1979թ-ին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հրավերով:
«19 տարեկանում հորս հետ թատրոն եկա, դա 35 տարի առաջ էր, հուլիսի 4-ին: Այն ժամանակ մեր գլխավոր դիրիժորը Լևոն Աբրահամյանն էր, հոյակապ երաժիշտ և Գոհար Գասպարյանի անձնական կոնցերտմայստերը, որ երաժշտական մի քանի ֆակուլտետ էր ավարտել: Հիշում եմ, ինձ Իսպիր Ղարաջանյանին ներկայացրեց, որ զարմանքով նայեց ինձ ու ասաց՝ ջանս, գիտե՞ս, որ սա մանկապարտեզ չէ: Աբրահամյանն ասաց՝ լավ է նվագում, կսովորի: Ինքն ու գեղխորհուրդն էր՝ 15 հոգանոց կազմով, լսեցին ինձ: Այնտեղ Կարպ Խաչվանքյանն էր, Արտեմի Այվազյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, այլք և իհարկե՝ պարտկոմից: Առաջին ներկայացմանը նայում եմ՝ նվագախումբը նվագում է, իսկ ես իմ կտոր ֆրազն այդպես էլ չեմ բռնացրել, մաեստրոյին հարցնում եմ՝ ինչ անեմ, ասաց՝ մի մատով նվագի, բասը նկատի ուներ, այդպես էլ արեցի ու շատ լավ ստացվեց: Հետո ինձ բալետի նվագակցության ուղարկեցին՝ մի քանի ամսով, դա էլ ստացվեց»,-պատմում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ռիտա Գրիգորյանն այսօր էլ հաճախակի կազմակերպվող երեկոներին նվագակցում է մենակատարներին և հանդես գալիս դաշնամուրի համար գրված կոնցերտների կատարումներով: Դասական և մեր ազգային գրեթե բոլոր օպերետներին քաջածանոթ է, իսկ թատրոնի երաժշտական կյանքն առանց Ռիտայի պրոֆեսիոնալ և բարեխիղճ մասնակցության՝ ուղղակի անհնար է պատկերացնել: Առավել ևս՝ այս շրջանում, երբ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը սկզբունքորեն վերադառնում է իր ժանրի ակունքներին. հայկական և արտասահմանյան դասական օպերետների գիտակ երաժիշտ Ռիտա Գրիգորյանն անփոխարինելի է դառնում:
Արվեստագետը պատմում է, որ իրեն չի վախեցրել հայտնի մարդկանց հետ աշխատելը: Խոստովանում է, որ լավ էր զգում, որ նման մարդկանց կողքին է. «Վախ չի եղել, ուղղակի ամաչում էի իրենց ներկայությամբ նվագել: Սովորում էի ու մինչև հիմա սովորոմ եմ: Աստված ինձ տեխնիկա է տվել, բայց ես շարունակում եմ սովորել, հիմա էլ՝ երիտասարդներից. երգ լինի, պար, թե նվագ: Ես նույնիսկ փողոցում անտուն մարդկանց հետ շփվելիս եմ բան սովորում կամ կանաչի վաճառողից: Մի անգամ աղբատարի վարորդը մեքենայով կողքիս կանգնեց, բարևեց՝ Ռիտ, բարև, ոնց ես ու ուղեկիցս զարմացած ինձ նայեց. մարդկային շփումն ինձ համար վեր է ամեն ինչից»:
Թատրոնը ներսից՝ Ռիտա Գրիգորյանի աչքերով ծանր, բայց և սիրելի ու հարազատ աշխատանք է. բարդ աշխատանք, որ անտեսանելի է հանդիսատեսին:
«Իրականում ահռելի աշխատանք է կատարվում. սեղանի շուրջ շատ լուրջ ու երկար քննարկումներ են լինում, որոշվում է, թե, ասենք, երաժշտական ինչ կտորներ են լինելու ներկայացման մեջ, որ հատվածներում: Հետո փորձերն են սկսվում առանձին- առանձին. ամեն շարժում, ամեն մանրուք, երգչախմբի հետ, բալետի հետ, բեմական փորձերին եմ նվագում գործողություն առ գործողություն, նկարիչն է աշխատում բոլորի հետ, զգեստներն են ստեղծվում, ինչ լույս է պետք այս կամ այն զգեստին, դա է մանրակրկիտ որոշվում»,-ասում է նա:
Հարցին, թե չի հոգնեցնում անընդհատ նույն բեմն ու միջավայրը, Ռիտան այլընտրանքը բացառող հաստատակամությամբ պատասխանում է, որ հոգնում է ֆիզիկապես, մանավանդ, երբ բեմադրություն են ունենում, աշխատում են առանց հանգստյան օրվա, իսկ հոգեպես, բարոյապես չի հոգնում թատրոնում, այլ անընդհատ լիցքավորվում է, իր գործից հաճույք ստանում. «Ինձ ժամանակին ասում էին՝ ինչ լավ է, որ Կարպ Խաչվանքյանին ամեն օր տեսնում ես, ծիծաղեցնում է, ասում եմ՝ ոչ, աշխատանքի մեջ ուրիշ է, Կարպը շատ լուռ ու լուրջ է իրական կյանքում, այստեղ տքնաջան աշխատանք է գնում, բոլորիս աշխատանքն էլ դժվար է և ծանրաբեռնված: Այսօր ափսոսում եմ, որ իր հետ մի լուսանկար անգամ չունեմ: Գալիս էր աշխատանքի, բոլորիս հետ «դուք»-ով էր խոսում. ասում էր՝ ինձ սովորեցրեք նվագել, իսկ ինքը առանց նոտայի, լսողությամբ շատ լավ նվագում էր, այդ ռոյալը մինչև հիմա մեր ճեմասրահում է: Մեծ կուլտուրայի կրող էր Կարպ Խաչվանքյանը և մեծ դպրոց ստեղծեց: Վերջին տարիներին, երբ հիվանդ էր, գալիս էր թատրոն, բեմ էր բարձրանում ու մոռանում հիվանդության մասին, խաղում էր ինքնամոռաց: Այնինչ երկու անգամ սրտի վիրահատություն էր տարել: ԱՄՆ-ում ներկայացման ժամանակ էր վատացել: Մի օր եկավ, ասաց՝ ճամպրուկս չկա, ինքը միշտ ճամպրուկով էր գալիս աշխատանքի: Բոլորս սկսեցինք փնտրել հսկա շենքով մեկ: Գտավ ու սկսեց լացել. ասաց՝ ախր այստեղ եմ դրել ու չեմ տեսնում, մի օր այդպես իր հայտնի կանաչ պիջակն էր կորցրել…Հանճարեղ մարդ էր ու շատ զգայուն, զարմանալիորեն կարողանում էր բեմից հսկայական լիցքեր հաղորդել մարդկանց: Երբ մահացավ, լիքը ժողովուրդ էր հավաքվել, թատրոնից ծափահարություններով ճանապարհեցինք, բեմից իր ձայնն էր հնչում: Իրար ետևից մեր մեծերին կորցրինք…Այսօր էլ լավերը կան նոր սերնդից, Ղազանչյանը գտնում է շնորհալիներին»:
Ռիտա Գրիգորյանը վստահ է, որ եթե նորից սկսելու լիներ կյանքը, էլի թատրոն կգար ու Պարոնյանում կանցկացներ. Պարոնյան թատրոնի ու իր կոնցերտմայստերի համատեղ գործունեությունը ժամանակի ու հանդիսատեսի քննությունն է բռնել:
ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ
«Առավոտ» օրաթերթ
15.08.2014