Այսօր՝ երիտասարդության միջազգային օրվա առիթով Ազատության հրապարակում միջոցառում էր կազմակերպվել: Միջոցառմանը ներկա Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Aaravot.am –ի հետ զրույցում անդրադարձավ երիտասարդների խնդիրներին, բայց դրանց լուծման հարցում առաջընթաց նկատեց. «Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է գործազրկության մեծ տոկոս, մի շարք երիտասարդական հիմնախնդիրների թեմաներ՝ սկսած բնակֆոնդից, կրթական խնդիրներից մինչեւ կենսական այլ բազմազան խնդիրներ: Բայց կառավարության կողմից շատ ծրագրեր արվում են, դրանց զգալի մասն արդյունավետ է: Բնակարանաշինության մասով արդյունավետ ծրագիր է՝ նախաձեռնված մատչելի բնակարան երիտասարդներին: Սա սփոփանք չէ, բայց իր դերակատարումն ունենում է եւ մեր ժամանակներում կարծում եմ՝ նպաստավոր է մի շարք ընտանիքներին»:
Նրա խոսքով, երիտասարդների սոցիալական խնդիրները համապետական բնույթ ունեն եւ չի կարելի առանձնացնել որպես երիտասարդների խնդիրներ. «Մեր երկրի ընդհանուր իրավիճակով պայմանավորված խնդիրներ են»:
Մեր հարցին, եթե երիտասարդների հիմնախնդիրների լուծման առաջընթաց եք նկատում, ինչո՞ւ է ՄԱԿ-ի տվյալներով հայ երիտասարդների 85 տոկոսը ցանկություն հայտնել հեռանալ Հայաստանից, փոխքաղաքապետն ասաց. «Կասկածում եմ, որ այդօրինակ լուրջ տոկոս լինի: Եթե որոշ երիտասարդներ նախընտրում են այլ քաղաքներում իրենց կենսագրությունն ունենալ դա միայն պայմանավորված է գործազրկությամբ»:
Միաժամանակ պարոն Սուքիասյանը ասաց, որ երիտասարդների գերխնդիրն այսօր գործազրկությունը չէ. «Որոշ հարցերում թվերը գուցե ուռճացվում են»: Նրա կարծիքով, երիտասարդների առաջնային խնդիրը ապագայի նկատմամբ հավատի բացակայությունն է:
Կարդացեք նաև
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ վստահեցրեց, որ նախորդ հինգ տարիների համեմատ երիտասարդների շատ խնդիրներ են լուծվել. «Բավականաչափ շատ խնդիրներ են լուծվել՝ուսանողական վարկեր, երիտասարդ կադրերի գործազրկության խնդիրը մասամբ լուծվել է, երիտասարդ ընտանիքների մատչելի բնակարանների հարցը: Սրանից հինգ տասը տարի առաջվա համեմատ երիտասարդների բարձրացրած խնդիրները լուծված են, այլ բան է, որ պահանջները անընդհատ փոխվում են»:
Նա չհամաձայնեց, որ աշխատանք ունենալու երիտասարդների բարձրացրած խնդիրը մնում է դեռ չլուծված, ասաց. «Գործազրկության առանձին խավ եք դիտարկում, ես չէի առանձնացնի, որովհետեւ գործազրկության խնդիր բնորոշ է ոչ միայն երիտասարդներին ամբողջ աշխարհում»: Վերջում էլ հավելեց, որ կառավարությունը գործազուրկ երիտասարդներին աշխատանքի տեղավորելու ծրագրեր ունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ