Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, փոխ-գնդապետ Սամվել Մկրտչյանը ներկայացրեց վերջին սահմանային միջադեպերի հետ կապված բավականին խորը վերլուծություն՝ մատնանշելով, թե որն էր ադրբեջանցիների նպատակը եւ ինչ սխալներ թույլ տվեց հայկական կողմը մարտական գործողությունների ժամանակ:
Նրա խոսքերով՝ «2014-ի սկզբից մինչ այսօր համարենք մի ժամանակամիջոց, որն իր նախադեպը չէր ունեցել 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո: Հայկական բանակը հանձնեց խաղաղ ժամանակվա համար աննախադեպ մի քննություն, որի նմանը չէր կարող լինել ոչ մի զորավարժությունների ժամանակ: Հայ սպան, զինվորը, հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքը՝ որքան էլ թշնամին բարբաջի նախորդ պատերազմում կրած պարտության դիմաց ռեւանշի հասնելու եւ իր գերազանցությունը ցույց տալու «ունակությունների» մեջ: ԶԼՄ-ներով տեսնելով նրանց նախագահի վիճակը՝ ակամայից մտածում ես՝ մի՞թե սա այն լկտի, ամբարտավան ու մեծամիտ արարածն է, որ հորից նվեր ստանալով գահը՝ անընդհատ հոխորտում է, որ ես կջարդեմ հայերին, որ ես նրանցից կխլեմ իրենց երկիրը, որ ես ոնց ուզեմ, այնպես էլ կվերաբերվեմ նրանց հետ: Ժողովրդական խոսքով ասած «Էշից ընկած էր» եւ դարձել էր «խոնարհ հարս»: Այդպես էլ պետք է լիներ: Եվ այդպես էլ կլինի միշտ, քանի դեռ նա չի հասկացել, թե ով է հայ ժողովուրդը: Այդպես եղավ եւ նրա հոր հետ: Նրա հորը մենք 20 տարի առաջ ստիպեցինք ստորագրելու իր եւ իր ժողովրդի համար նվաստացուցիչ զինադադարը, իսկ սրան, եթե այդպես շարունակի, կստիպենք ստորագրելու կապիտուլյացիայի փաստաթուղթը: Եվ ինչպես վերջերս արտահայտվեց մեր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ «թուրքի հետ պետք է վարվել թուրքավարի»:
Փոխգնդապետն ասաց, որ որպես նախկին պատերազմ անցած սպա, ցանկանում է վերլուծել եւ հասկանալ այս վերջին դիրքային մարտերը, որոնք տեղի ունեցան սահմանի վրա. «Փորձենք հասկանալ թշնամու մտադրությունները եւ ի վերջո նրա նպատակները:
- Դիրքային մարտերը տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հենակետերում: Սա խոսում է այն մասին, որ թշնամին փորձեց գտնել գոնե մեկ թույլ պաշտպանություն ունեցող հենակետ, սակայն դա նրանց չհաջողվեց, որովհետեւ մեր բոլոր հենակետերն ունեն տեղանքին առավել նպաստավոր դիրքեր, անձնակազմի զինվածությունը լրիվ համապատասխանում է տվյալ դիրքը առավելագույնս պաշտպանելու հնարավորությանը, իսկ անձնակազմի մարտական պատրաստվածությունը երեւաց հենց այդ դիրքերի պաշտպանության ժամանակ: Այդ հենակետերի վրա հարձակման ժամանակ թշնամին չունեցավ հաջողություն, եւ ընդհակառակը, տալով մեծաթիվ սպանվածներ ու վիրավորներ, խուճապահար հետ վերադարձան իրենց ելման դիրքերը:
- Իմ կարծիքով, մեր հենակետերի վրա հարձակումները ոչ միայն զուտ հետախուզական էին, այլեւ հեռու գնացող նպատակային: Հավանաբար, նրանք որեւէ հենակետ գրավելուց հետո խնդիր ունեին ամրապնդվել այնտեղ, որը սակայն, այդպես էլ նրանց չհաջողվեց: Ես հեռուստատեսությամբ լսեցի ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ լեյտենենտ Մ. Հակոբյանի հարցազրույցը, որտեղ նա այսպիսի միտք արտահայտեց, որ «թշնամին ներկայումս էլ գործում է անցյալ պատերազմի նույն մարտաոճով, որ նրա մոտ դեռեւս մնացել է նախկինում պատերազմելու ձեռագիրը»: Եթե դա այդպես է, իսկ ես հավատում եմ ՊԲ հրամանատարի խոհեմությանը, քանի որ նա պատերազմով անցած սպա է, ուրեմն նրանք դեռ շատ ու շատ անելիքներ ունեն՝ իրենց բանակին կռվել սովորեցնելու գործում:
- Թշնամու անձնակազմը եւ հրամանատարությունը համոզվեց՝ այն քարոզչությունը, որը տանում է իրենց քաղաքական վերնախավը ադրբեջանցու «գերազանցության», հայերի «տկարության» վերաբերյալ՝ ճիշտ հակառակն է: Եվ իրենք հիմա կանգնած են «կոտրած տաշտակի» առջեւ: Նպատակ ունենալով թեկուզ տեղային մի քանի ռազմական հաջողություններով նեցուկ լինել իրենց «ամենակարող» խանին, առաջինն իրենք համոզվեցին, որ այն խնդիրները, որոնք դրվել են իրենց առջեւ քաղաքական ղեկավարության կողմից, այն է, ռազմական ճանապարհով տիրել Արցախին եւ «կոտրել» Հայաստանին, իրենց ուժերից վեր է, իրենք ի զորու չեն այսօր հավասարը հավասարի պայմաններում կռվելու հայերի դեմ: Այս մարտական գործողությունները իրականացնում էին Բաքվում տեղակայված էլիտար հատուկ նշանակության զորամասի սպաներն ու զինվորները, որոնք համեմատաբար ունեն շատ ավելի բարձր մարտական պատրաստվածություն, քան սովորական զորամասերի անձնակազմերը:
- Հայկական բանակը եւս մեկ անգամ ապացուցեց հայտնի կարգախոսը «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: Նման փորձություններ անընդհատ լինելու են եւ կլինեն՝ թշնամին մեր դարավոր ոսոխն է, այդպես է մեր ազգային ճակատագիրը եւ դրանից մենք ոչ թե պիտի վախենանք, այլ ընդհակառակը՝ լինենք միշտ պատերազմին պատրաստ, ինչ-որ տեղ նաեւ նախահարձակ, զգոն, աչալուրջ, ֆիզիկապես եւ հոգեպես ուժեղ: Կային նաեւ թերություններ, որ երեւացին մարտերում, որը եւ պետք է լիներ, քանի որ որքան էլ զորավարժությունները իրենց բնույթով մոտեցվեն մարտական իրավիճակին, անհնար էր լիովին այն դարձնել իրական մարտական գործողություններ: Իսկ իրական մարտում սխալվել չի կարելի, այն կյանքերով է հատուցվում: Հրամանատարը զոհեր եւ վիրավորներ քիչ կունենա, եւ կհասնի հաղթանակի, եթե ամենօրյա մարտական պատրաստվածությունը առավելագույնս մոտեցնի մարտական իրավիճակին, իսկ արդեն մարտում զգա մարտի զարկերակը, սառնասրտորեն տիրապետի մարտի կենսական աղբյուրներին, ակամայից սովորելով եւ սովորեցնելով՝ անիմաստ չզոհվել:
Ըստ փոխգնդապետի, եւս այսպիսի մի քանի հաղթանակներ, եւ աշխարհի «տերերը» ուզեն-չուզեն մեզ հետ հաշվի կնստեն, ինչպես եղավ հիմա, ինչպես եղավ արցախյան պատերազմից հետո:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Զգացվեց, որ այս խոսքերի հեղինակը հայի փոխգնդապետ կլինի:Բնորոշ է:Պատերազմից առաջ ոգին բարձրացնել էր պետք, հավատացնել, որ հաղթելու ընդունակ եք և առա~ջ …Ճտերն աշնանն են հաշվում, եթե իհարկե լինում են:
Հարգելի Դավիդ ցավում եմ, որ դու այդպես ես մտածում և չեմ կարծում, որ դրա համար բավարար հիմքեր ունես: Ինչևէ, ես չեմ ճանաչում այդ հայ փոգնդապետին, սակայն լիովին համամիտ եմ նրա հետ և հպարտ, որ Հայ սպան հենց այդպես է մտածում: Ինչ վերաբերվում է պատերազմից առաջ ոգին բարձրացնելուն, ապա հայ զինվորներն ապացուցեցին, որ դրա կարիքը չունեն, որ մարտական ոգին իրենց արյան հետ եկել ու միայն հոգու հետ կգնա, որ նրանք կռվում են ոչ թե իշխանության, այլ իրենց Հայրենիքի պաշտպանության համար, իսկ դա հավատա, որ վեհ գաղափար է: