Մինչ Սոչիում տեղի ունենալիք Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը Սոչիից պատերազմի բոթով է վերադառնալու, բայց նախագահն այդպիսի հայտարարություն չարեց: Այդ առնչությամբ զրուցեցինք պարոն Եղիազարյանի հետ: Նա նշեց, թե չգիտի կուլիսներում նախագահներն ի՞նչ են խոսել, բայց տեղյակ է ադրբեջանցի փորձագետների հայտարարություններից, թե պատերազմը չի վերջացել, այն դեռ շարունակվում է.
«Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը բան չուներ ասելու, եթե նա չի ասել պատերազմ չի լինելու, ուրեմն` այն լինելու է: Անմիջականորեն նա չէր կարող ասել, թե պատերազմը սկսվել է, Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե ադրբեջանցիներն իրենց լավ չպահեն, մենք իրենց քաղաքները կռմբակոծենք կսարքենք Աղդամ, ուրեմն` պատերազմն ամեն դեպքում չի վերջացել, եթե այսօր չի սկսել, նշանակում է անխուսափելի է»:
Նրա խոսքերով`Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը չեն կարող որոշել իրենց անելիքները: Մեր նկատառմանը, թե Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո սահմաններում վիճակն հանդարտվել է, Մանվել Եղիազարյանը հայտարարեց.
«Այո’, այո’, խաղաղ կլինի 1 շաբաթ, 1 ամիս, տա’ Աստված, թո’ղ խաղաղ լինի, բայց դա չի նշանակում, որ չի կարող վաղը կամ մյուս օրն այնպես անի, որ ափերից հանի մեզ էլ, Ադրբեջանին էլ: Այնպես, որ խաղաղությունը մեկ օրով չի որոշվում. Խաղաղությունը որոշվում է դարերով. Մեկ ամսով խաղաղությունը խաղաղություն չէ, մեկ տարով խաղաղությունը խաղաղություն չէ, խաղաղությունը պետք է դարերը բերի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը` պարոն Եղիազարյանը հայտարարեց, որ համարում է` նախագահներին ասված է, որպեսզի դադար տան մինչեւ որոշվի, թե ի՞նչ է անում Ռուսաստանը, որին Կովկասում այս վիճակը խանգարում է.
«Այդ պատճառով էլ Ռուսաստանը ժամանակավոր դադար է վերցրել, ես կարծում եմ մի այսպիսի խոսակցություն է եղել, որը չի լուսաբանվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ