Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Դա կազմակերպված, խուլիգանական հարձակում էր ՕԵԿ-ի վրա»

Օգոստոս 15,2014 19:21

«Ես այսօր իրավապահ մարմիններին հաղորդագրություն արդեն տվել եմ, քանի որ դա իրենց կողմից պարզ մանիպուլյացիա է: Կամ համալսարանի տնօրինությունը միտումնավոր թաքցրել է որոշ փաստաթղթեր կամ համալսարանի ռեկտորը պիտի բժշկական հետազոտություն անցնի` միգուցե տարիքի հետ կապված խնդիրներ կան` հիշողության հետ կապված: Իհարկե, այդտեղ երկու հասցեների տարբերություն կա, օրերս դա պարզ դարձավ, բայց դեռ որեւէ պատկան մարմին չափագրություն չի արել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն` անդրադառնալով այսօր մամուլի ասուլիսում Ագրարային համալսարանի պրոռեկտորների հնչեցրած տեսակետներին` ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճի մասին: Ներկայումս դատարանում վիճարկվում է քաղաքապետի 2008 թվականի որոշումը, որով վիճելի տարածքը տրամադրվել է ՕԵԿ-ին` վարչական շենք կառուցելու համար:

Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ օրերս իրենք արխիվից կարողացել են մի փաստաթուղթ ստանալ, որը թաքցնում էր համալսարանի ռեկտորը: Այն վերաբերվում է տարածքը ՕԵԿ-ին տրամադրելու մասին համալսարանի խորհրդի համաձայնությանը: «Եթե իրենք վարչական դատարան ներկայացնեին իրենց տնօրինության տակ գտնվող այդ փաստաթուղթը, դատարանը կկիրառեր վաղեմություն եւ չէր ընդունի այդ գործը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը`հավելելով, որ ինքն արդեն այդ առիթով հայտարարություն է ներկայացրել: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ այդ ութ տարիների ընթացքում ՕԵԿ-ը բարեխղճորեն վճարել է տարածքի բոլոր վարձավճարները:

«Ամսի 10-11-ին իրենք ինձնից տեղեկացան, որ իրենց համաձայնությունը կա: Այլ բան է, թե ոնց է համաձայնվել իրենց ռեկտորը, բայց իմացեք, որ ինքը եղել է համաձայնության կողմ, դա իրենց բորբոքեց իրենց: Հիմա շեղվեցին 43/1 տարածքից, ասում են մյուս հասցեով մի փոքր տարածք կա ու որոշեցին սպառնալ մեզ, որ քանդեք ութ տարի առաջ կառուցած պարիսպները»,- ասաց Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ իրենք են հորդորել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին սպասել մինչեւ դատական ընթացքի ավարտը: Մարգարյանի պնդմամբ, օրական մոտ տասը ահազանգ են ստացել, ապա մամուլով են սպառնալիքներ հնչել` իրենց կառուցածը քանդելու համար, ինչն էլ երկու օր առաջ ի կատար ածվեց. «Դա կազմակերպված, խուլիգանական հարձակում էր ՕԵԿ-ի վրա: Իհարկե,մենք սաստել ենք մեր բոլոր կուսակցականներին, որովհետեւ գործ ունենք կրթական օջախի հետ»:

Մեր զրուցակցին կասկածելի է թվում, որ այդ տարիքի մարդը դեռեւս շարունակում է պաշտոնավարել: «Էդքան բուհ կա, մենակ ագրարային համալսարանն են հիմնադրամ դարձրել, մյուսները պօակ են»,-ասաց նա` հավելելով, որ տարբերությունը պաշտոնավարելու տարիքային ցենզի մեջ է

Ի դեպ, Հովհաննես Մարգարյանն, ով երկու օր առաջ եղած ընդհարման ժամանակ վնասվածք էր ստացել, վիրահատությունից հրաժարվել է. «Ցավեր կան, բայց մեղմ են, ողնաշարի հետ կապված խնդիր է առաջացել, ոտքս ոլորվեց»:

Կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն էլ մեզ հետ զրույցում անհեթեթություն որակեց համալսարանի պրոռեկտորների այն պնդումները, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Հեղինե Բիշարյանի որդին հայհոյել է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահրամ says:

    Ամոթ է: Եղածով բավարարվեք ու ԲՈՒՀ-ին մի խանգարեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031