Ամերիկյան Capital Cities ինդի-փոփ խմբի վոկալիստ և մեր հայրենակից Սեպուհ Սիմոնյանը հայրենիքում է:
«Հայաստանն իմ հայրենիքն է, որը ես շատ եմ սիրում և անհամբերությամբ էի սպասում այս այցելությանը»,- Մեցցո ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Սիմոնյանը:
Սա նրա առաջին այցը չէ Հայաստան, բայց համերգային ծրագրով առաջին անգամ է ներկայանում հայաստանյան հանդիսատեսին. «Ուրախ եմ այստեղի հանդիսատեսին ներկայացնելու իմ ստեղծած երաժշտությունը և կրկնակի ուրախ եմ, որ պիտի հանդես գամ նաև հայաստանցի երաժիշտների՝ Ջիվան Գասպարյան կրտսերի, Բամբիռ խմբի Նարեկի և ուրիշների հետ: Ի դեպ, մեզ կմիանա նաև Սոսե Քեշիշյանը ԱՄՆ-ից, որը հիանալի ձայն ունի և շատ լավ երգչուհի է»,- ասաց Ս. Սիմոնյանը:
Համերգային ծրագրի մեկնարկը կտրվի այսօր՝ ժամը 21:00-ին, UPtown ակումբում:
Բացի այսօրվանից, հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու նրան նաև օգոստոսի 17-ին՝ Մեցցո ակումբում և օգոստոսի 20-ին՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Ս. Սիմոնյանն ասաց, որ Capital Cities խումբն արդեն երկու տարի է, ինչ ակտիվ համերգային շրջագայություններ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, և նախատեսվում է դրանք շարունակել մինչև տարեվերջ: Ասաց նաև, որ նոր երգ են գրել Սերժ Թանգյանի հետ, որը շուտով կներկայացվի հանրությանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ