Լրահոս
Օրվա լրահոսը

Տիեզերական ղողանջների երկրային արձագանքները (Իրական պատմություն առանց վերջաբանի)

Օգոստոս 15,2014 17:35

Ամեն Աստծո օր, վաղ առավոտյան, տիկին Մելանյան իր ավանդական բուրավետ սուրճը խմելուց հետո, դուրս է գալիս բնակարանից ուտելիքով լի տոպրակը ձեռքին… Շքամուտքի դռան մոտ նրան իսկույն դիմավորում են Նազիկը, Ննջիկը, Քնքուշը, Սևուկը… թվով 8 կատուներ, որոնց փաղաքուշ անունները ես դժվարանում եմ մտապահել: Խառնաձայն մլավոցներով դիմավորում են իրենց բարերարին, բարի լույս ասում իրենց կատվային լեզվով, իրար հրմշտելով քսմսվում նրա ոտքերին, ճարպկորեն խույս տալով ոտքի տակ ընկնելուց, ու միացյալ խմբով ուղղվում բակային պուրակը, ուր փռված է նրանց հաստ ստվարաթղթե սեղանը կանաչների մեջ:

Մելանյան մեկ առ մեկ ճանաչում է նրանց, նրանց մայրերին, մայրերի մայրերին, տարբերում է նույնիսկ նրանց մլավոցը, բնավորությունը: Նա քնքուշ ձայնով հրահանգներ է տալիս, և նրանք իրար հրմշտելով գրավում են իրենց տեղերը կանաչների մեջ՝ փռված սեղանի շուրջը, լուռ ու անհամբեր սպասելով բարեհամբույր տիկնոջ ձեռքի շարժումներին: Զարմանալի էակներ են այս փողոցային կատուները, երբեմն ավելի գիտակից և հանձնակատար, քան մսուր-մանկապարտեզի երեխաները:

Կատուների անունը տալով Մելանյան նրանց առաջ է դնում նախաճաշը, և կատուներից ոչ մեկը չի մոտենում իր բաժին ուտելիքին այնքան ժամանակ, մինչև տիկինը ոտքի չի կանգնում: Հենց այդ պահին էլ կատուները մոռանում են, որ իրենք կիրթ, մեծի խոսքը լսող կենդանիներ են, հարձակվում են իրենց բաժին ուտելիքի վրա, վերցնում ու հեռանում սեղանից, կանաչների մեջ, ուրիշներից հեռու վայելելու առավոտյան նախաճաշը: Միայն այդ ժամանակ է Մելանյան հեռանում՝ կատուների շնորհակալական մլավոցների տակ: Նա գոհ է և բավարարված, ու շատ է զարմանում, թե ինչու շատերը անհաղորդ են այդ քնքուշ կենդանիներին:

Անչափ բարի ու զգայուն է տիկին Մելանյան, բայց պատնեշ է քաշել իր փոթորկվող հոգու ու մարդկանց միջև: Իր ներքնաշխարհում իրական կյանքին զուգահեռ հարթության վրա կա մի այլ աշխարհ, որի գոյությունը հասու չէ սովորական մահկանացուներին: Այդ աշխարհում չկա նյութական մարմին, ձգողական ուժ, ոչ ուտելու պահանջ, ոչ էլ խոսելու անհրաժեշտություն, շփվում ես մարդկանց հետ, որոնց մարմնի միջով կարող ես անցնել՝ ինչպես ֆանտաստիկ ֆիլմերում, գետերի ու ծովերի վրայով կարող ես քայլել կամ վազել, իսկ մարդիկ չար չեն, խելոքներ էլ կան, տխմարներ էլ, իրար մտքեր են հաղորդում առանց խոսքերի:

Զարմանալի դյութիչ ու հմայիչ է այդ աշխարհը: Բայց Մելանյան իրեն հողեղեն է զգում այդ աշխարհում, արյունը երակներում եռում է նյութական աշխարհի կարոտից, ուղեղի զգոն խորխորատներից գիտակցությանը հրահանգներ են հասնում հրամանի նման՝

– Դարձիր, սա քո աշխարհը չէ: Իհարկե, իմը չէ,- կրկնում է Մելանյան, բացում աչքերը և խորը շունչ քաշում, հիշում, որ այն աշխարհում ոչ շնչելու կարիք կար, ոչ էլ մարմնի տարբեր մասերը շանթող ցավեր:

Ինչ հեշտ է շնչելը՝ անցավ մտքով և նույն վայրկյանին էլ դեմքը կնճռոտվեց ծոծրակի ցավից, ծնկները ծալվեցին ու նա մեկնվեց հատակի գորգին՝ երկու ափերով սեղմելով պարանոցը: Թե ինչքան ժամանակ գալարվեց, Աստված գիտե: Աչքերը բացեց քունքերը շփող ձեռքերի ջերմությունից ու… մեղավոր ժպտաց, տեսնելով իր վրա հակված սիրելի պրոֆեսորի մտահոգ դեմքը, որին պարտական էր իր երկրային կյանքով: Հավանաբար ծնողներն էին հրավիրել: Ասես ցավերը չէին եղել:

Պրոֆեսորը մեղմորեն հարցրեց՝ խմե՞լ ես նշանակված դեղերը. պատմիր ինչպես սկսվեց, ինչ զգացիր: Նա ուշադիր լսում էր Մելանյայի կցկտուր բառերը՝ զարկերակը մատների մեջ առած: Հետո պայուսակից հանեց անձնական դրոշմով կնքված թուղթը, գրառում կատարեց, դրեց սեղանին ու պատվիրեց շփոթված ծնողներին,- վաղը կտանեք հոգեբանական հետազոտության:

Եզրակացությունը ինքս կվերցնեմ: Պրոֆեսորը հանրահայտ նյարդավիրաբույժ, երիտասարդ հրաշագործ Սուրեն Զոհրաբյանն էր: Ճիշտն ասած, ես ուզում էի գրել «լեգենդար ներվոլոգ», բայց հիշելով, որ այդ չափանիշով այսօր մեծարվում են նույնիսկ մանկահասակ երգիչ-երգչուհիները, զինվորական բարձրաստիճան տարբերանշան կրող քաջարի մարտիկներից շատերը, պրոֆեսորին պարզապես կոչեցի իր բուժած հիվանդների գնահատականով…

Շուրջ կես դար է անցել այն օրից, երբ պրոֆեսոր Զոհրաբյանը նոր կյանք պարգևեց իննամյա չարաճճի Մելանյային: 1961 թվականն էր. մանկական զբոսայգու կարուսելի զամբյուղից գետին էր գահավիժել աղջնակը՝ գլխիվայր… Հիվանդանոցում բժիշկները անօգնական ձեռքերն էին տրորում: Նրանց մեջ էր նաև Իրանից նոր վերադարձած Ս. Զոհրաբյանը, ուր հրավիրվել էր վիրահատելու շահի աղջկա գլուխը: Բոլորի հայացքները կարծես կանգ առան նրա վրա: Նա մտահոգ մոտեցավ տուժածին, հուշիկ տնտղեց բաց ջարդվածքով աղջնակի գանգոսկրը ու տագնապած ավելացրեց,- շտապ վիրահատարան տեղափոխեք… Այդ օրը նա կատարեց առաջին ծանր վիրահատությունը:

Գանգոսկրի մի հատված կոտրվել ու ներհրվել էր ավելի խորը, որից առաջացել էր էպիդուրալ հեմատոմա: Ձախ քունքագագաթային շրջանից հեռացրեց գանգոսկրի փշրված բեկորները…

Երկու տարի անց պրոֆեսորը Ճապոնիայում մասնակցելով նյարդաբանների միջազգային գիտական սեմինարին տեղեկանում է, որ Ճապոնիայի գիտական լաբորատորիաներից մեկում հայտնաբերված գյուտի շնորհիվ, արհեստական գանգոսկրը կիրառվում է գործնականում, և վերադառնալիս իր հետ նմուշներ է բերում Հայաստան, և առաջին հերթին լրացնում է Մելանյայի գանգոսկրի բացակայող մասը: Այս երկրորդ ծանր վիրահատությունից հետո, որպես լիարժեք երեխա, նա սովորում և ավարտում է դպրոցը, հետո նաև Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, և որպես անգլերեն լեզվի մասնագետ աշխատում դպրոցում, հետո նաև պետական տարբեր կառույցներում:

Նրա դպրոցական, ուսանողական կամ աշխատանքային ընկեր-ընկերուհիները, մտերիմներն ու ծանոթները երբեք չեն զգացել, թե երբեմն-երբեմն ինչ դաժան հոգեվիճակի մեջ է ընկնում նա, ինչ անտես ճառագայթներ են շանթում նրա մարմնի տարբեր մասերը, ուղեղի կիսագնդերը, թե այդ ինչու՞ է նա կանացի պայուսակում արդուզարդի փոխարեն դեղահաբեր պահում: Ոչ ոք նրան չտեսավ ֆիզիկապես թուլացած, անտարբեր՝ ուսման կամ աշխատանքի նկատմամբ, նույնիսկ տնեցիներից էր գաղտնի պահում իր տվայտանքները:

Նրա խոստովանահայրը միայն պրոֆեսորն էր, որին վստահում էր իր հոգեկան ապրումները: Տարիներ շարունակ նա մշտապես գտնվել է նյարդաբանի հսկողության ներքո և պարբերաբար ստացիոնար և ամբուլատոր բուժումներ ստացել, քանի որ նրա մոտ միշտ առկա են եղել նյարդահոգեկան խանգարման երևույթներ…

Այսօր Մելանյան թևակոխել էր իր կյանքի վեցերորդ տասնամյակը, ապրում է միայնակ, առանց աշխատանքի: Երկրի վայրիվերո վիճակի պատճառով ընտանիքի անդամները բռնեցին արտագաղթի ճանապարհը, ինքը հրաժարվեց մեկնելուց:

Ծնողներն էլ հեռացան կյանքից: Մելանյան երբեմն նրանց հանդիպում է իր հայտնաբերած աներևույթ աշխարհում, մանկան պես ուրախանում, բայց երբեք չի ընդառաջում նրանց հորդորներին՝ մնալ իրենց մոտ, ապրել անհոգ ու անվիշտ, առանց մտածելու վաղվա օրվա մասին: Տարիների ընթացքում Մելանյան սովորեց կառավարել անկառավարելի հույզերն ու գիտակցությունը, պայքարել ցավածին բջիջների հարձակումների դեմ: Այս արտասովոր ինքնատիրապետման արվեստին նա հասել է պրոֆեսոր Ս. Զոհրաբյանի կեսդարյա ջանքերի շնորհիվ և շնորհակալ է միայն նրան:

Բայց արի ու տես, որ ՀՀ բժշկասոցիալական հանձնաժողովի մասնագետ անդամները բոլորովին այլ կարծիքի են:

Նրանք ոչ ընդունեցին, ոչ էլ հերքեցին ԵՊԲ համալսարանի նյարդաբանական ամբիոնի, Երևանի № 2 կլինիկական հիվանդանոցի համակարգչային ЭЭГ-ի եզրակացությունները, «Դիագնոստիկա» բժշկական միավորման ЭХО և էլեկտրաուղեղագրության տվյալները, ինչպես նաև բժշկապետ, կես դարից ավելի իր հիվանդի առողջական վիճակին հետևող Ս. Զոհրաբյանի բժշկական եզրակացությունը:

Անհասկանալի տարակուսանք է առաջացնում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի ղեկավարների մասնագիտական մոտեցումը: 2008 թվականից 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչած Մ. Եդիգարյանին 2014 թվականին հանձնաժողովը համարեց առողջ, այսինքն` նա չունի 3-րդ կարգի հաշմանդամության օրենքով նախատեսված հիվանդության չափանիշները, այսինքն` մեկ տարում ապաքինվել է 50 տարի կլինիկական հիվանդանոցի և նյարդաբանի մշտական հսկողության տակ գտնվող հիվանդը:

Այդ կարծիքին է հատկապես մասնագետ, հիշյալ հանձնաժողովի նախագահ Ս. Պետրոսյանը, որը մեկ տարի առաջ որպես տեղամասային հանձնաժողովի նախագահ, այդ նույն հիվանդության հատկանիշներով Մ. Եդիգարյանին համարել էր 3-րդ կարգի հաշմանդամ, իսկ այս տարի, նույնիսկ կրկնակի փորձաքննության ընթացքում ականատես լինելով Ռոմբերգի դիրքում նրա անկայուն վիճակին, նաև ձեռքի տակ ունենալով դոկտոր պրոֆեսոր Ս. Զոհրաբյանի բժշկական եզրակացությունը, որ «Ծանր գանգուղեղային վնասվածքից հետո նրա մոտ (Մ. Եդիգարյանի) առկա է կայուն մնացորդային երևույթներ. աջակողմյան պիրամիդալ անբավարար նշաններով, հետվնասվածքային լեցեֆալոպաթիա, հաճախակի դիէնցեֆալ կրիզի նոպաներով: Խորհուրդ է տրվել շարունակել բուժումները, ընդունել օրական 400 մգ ֆինլեպսին»:

Ս. Պետրոսյանը չի հաստատել Մ. Եդիգարյանի հաշմանդամ լինելու փաստը, համարելով նրան լիարժեք աշխատող: Աշխատանքի նկատմամբ հիվանդի ունեցած պատասխանատվության զգացումը փաստորեն սխալ մտահանգում է հոգեպես ուժեղ մարդկանց նկատմամբ:

Արդեն 3-4 ամիս է, տիկին Մելանյան առավոտները ոչ սուրճ է խմում, ոչ էլ բնակարանից դուրս գալիս իրեն սպասող կենդանիներին կերակրելու համար: Ամուր փակում է լուսամուտները, որ իրեն չհասնի կատուների կարոտի սիմֆոնիան, և զրույցի է բռնվում պատշգամբում շարված ծաղիկների հետ, հետո մեկ-մեկ ձեռքն է առնում հարյուրից ավելի քարատեսակներից մի քանիսը, շոյում, իր ջերմությունը հաղորդում նրանց, փոխարենը բավարարվում նրանցից ստացած էներգիայով, այնուհետև համակարգչով թափառում տիեզերքի անհունի մեջ…

… Այստեղ ես բազմակետ եմ դնում, որովհետև ինձ հայտնի չէ այս պատմության վերջաբանը… Վերջաբանը, հավանաբար, կգրեն պատկան նախարարությունները, մարդու իրավունքների պահապանները, թեև այնքան էլ հույս չունեմ, թե նրանք կկատարեն իրենց պարտականությունը: Երկիրն, այո, շուռ է եկել… Երկնի անհունում և երկրագնդի վրա մութ խորխորատներ են բացվել, որոնք հավանաբար ազդում են որոշ ինքնիշխանների անըմբռնելի ուղեղի վրա:

Այլապես ինչպես բացատրես, թե ինչու՞ 6-7 տարի առաջնորդվերով 2003թ. ՀՀ կառավարության «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչների մասին» որոշումով, ուր օրգանիզմի ֆունկցիաների խանգարման բնութագրման համար նախատեսված է 4 աստիճանի խանգարումներ, որի ԱՌԱՋԻՆ կետը հաստատագրում է «Որևէ ֆունկցիայի աննշան խանգարումներ», սակայն ուսյալ բժկաքուրմերը հիվանդին ապաքինված են համարում: Այ քեզ զարմանալի զարմանք:

Համլետ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լրագրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031