Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներն ուզում էին մեզ հունից հանել և պատերազմի մղել». ազատամարտիկ

Օգոստոս 15,2014 17:06

Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Մարտիրոս Ժամկոչյանը համոզված է, որ հայ-ադրբեջանական սահմանին կատարված վերջին իրադարձությունները Ադրբեջանի քաղաքական խաղերն էին. «Նրանք ուզում էին մեզ հունից հանել և պատերազմի մղել, սակայն մենք չընկանք նրանց ծուղակը: Մեր զինվորներն այնպիսի պատասխան տվեցին նրանց, որին, ինչ խոսք, ադրբեջանցիները չէին սպասում: Նրանք կարծում էին, թե մենք խուճապի կմատնվենք, որոշակի զիջումների կգնանք, բայց փոխարենը լավ ապտակ ստացան»,- ասում է պարոն Ժամկոչյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի մասին՝ ընդգծելով ադրբեջանցիների վայրագությունը. «Նորից երևաց, թե նրանց նենգությունը մինչև ուր է հասնում: Թուրքը մնում է թուրք, և վայրագությունը բնորոշ է նրան: Ես հիշում եմ, պատերազմի ժամանակ մենք ադրբեջանցիներին հնարավորություն էինք տալիս իրենց դիակները տանել-թաղելու, իսկ նրանք ասում էին՝ դուք՝ հայերդ, լավ թաղում եք անում, դուք էլ թաղեք»,- հիշեց ազատամարտիկը և հորդորեց ժողովրդին նեցուկ լինել մեր բանակին, կանգնել նրա մեջքին, չհավատալ ասեկոսեներին և վստահ լինել, որ մեր բանակը հզոր է. «Ադրբեջանը կարող է աշխարհի լավագույն զենքերն ունենալ, բայց մարտունակ բանակ չունի»,- ընդգծեց նա:

«Մեզ պարտադրված վերջին իրադարձությունների ժամանակ էլ մեր տղաներն ապացուցեցին, որ պատրաստ են պատասխան տալու թշնամու կողմից պատրաստված ցանկացած անակնկալի»,- շարունակելով պարոն Ժամկոչյանի միտքը՝ ասաց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, և հավելեց, որ սահմանին կանգնած տղաները դաստիարակվել են իր հոր, նրա ընկերների, զոհված և ողջ ազատամարտիկների օրինակով:

Այնպիսի մարդկանց, որոնք իրենց երջանկությունը զոհեցին հանուն խաղաղության, և, ինչպես նկատեց Ա. Կրպեյանը, սահմանին կանգնած զինվորն այսօր պատվով է պահում այդ խաղաղությունը. «Հայրենասիրությունը չես կարող փոխանցել կամ պարտադրել որևէ մեկին, դա մարդու ներսում պետք է լինի,- ասում է Ա. Կրպեյանը:- Երբ ես փոքր էի, հայրս ինձ միշտ ասում էր՝ տես, երկինքն ինչ կապույտ է և արևն ինչ պայծառ… Հայրս իր կյանքը զոհեց, որպեսզի ես միշտ տեսնեմ կապույտ երկինքն ու արևի շողերը: Եվ ես շնորհակալ եմ սահմանը պահող տղաներին, որոնք մեզ թույլ են տալիս վայելելու երկնքի կապույտն ու արևի շողերը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031