Այսօր Իրաքի հյուսիսում, եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել «Սահմանադրական Իրավունք միություն» կուսակցությունը: Հայտարարության մեջ ասված է, որ աշխարհի բոլոր առաջադեմ ուժերը միջազգային կազմակերպությունները ու պետությունները պետք է դատապարտեն իսլամիստների կողմից եզդի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ Իրաքի քրիստոնյաների դեմ սանձազերծած ցեղասպանությունը:
Նույն կերպ ծայրահեղ իսլամիստները, քրիստոնյաների ցեղասպանություն էին իրականացնում Իրաքի հարեւան Սիրիայում, որի ամենացայտուն դրսեւորումներից էր հայերի դեմ գործողությունները Հալեպում եւ Քեսաբում: Նշվում է, որ ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները, Թուրքիայի կողմից ստանում են ֆինանսական եւ ռազմատեխնիկական օգնություն, Թուրքիայի տարածքում ունեն ճամբարներ:
Եվ հենց Թուրքիան է, որ իսլամիստ ահաբեկիչների ձեռքով փորձում է տապալել Սիրիայի կառավարությանը, ինչպես նաեւ հարվածներ հասցնել մերձավոր արեւելքի քրիստոնեական և, հատկապես, հայկական համայնքներին, եզդիներին, քրդերն: ՍԻՄ-ը հիշեցնում է, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող իսլամիստ ծայրահեղականները ստանում էին նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցություն:
«Պետք է հատուկ ընդգծել, որ հյուսիսային Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանությունը կատարվում է հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին, եւ Արեւմտյան Հայաստանի հարեւանությամբ գտնվող տարածքներում: Եթե իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը ժամանակին կանխեր, կամ գոնե այժմ դատապարտեր հայոց ցեղասպանությունը, ապա աշխարհը չէր կանգնի նորանոր ցեղասպանությունների կատարված փաստերի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
ՍԻՄ հայտարարություն