Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ Վեհափառ հայրապետի նամակին ի պատասխան՝ նամակ է ստացվել Ադրբեջանի հոգևոր առաջնորդից: «Այո, հաստատում ենք, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակին ի պատասխան՝ Վեհափառին առաքված Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշա-զադեի նամակը:
Ցավալի է, որ հոգևոր առաջնորդի նամակն ամբողջապես կրկնում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերը: Մյուս կողմից, հասկանալի է, որ նման ավտորիտար հասարակության մեջ, որտեղ նաև պետական մակարդակով հակահայկական թշնամանք է հրահրվում, նա այլ տեսակետ չէր էլ կարող արտահայտել և բարձրաձայնել ճշմարտությունը»,-պատասխանեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ