ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հալեպի Կրթասիրաց մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, Հալեպի Կրթասիրաց մշակութային միության խնամակալության հաշվապահ Ջորջ Քասարյանը, միության հոգաբարձության անդամ Վաչե Դիշոյանը:
Հյուրերը պատմեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին` շեշտելով, որ հպարտ են հայրենիքում իրենց նկատմամբ առանձնակի մոտեցումների համար: Սիրիահայերը իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին նախարարին լավ վերաբերմունքի և ցուցաբերվող աջակցության համար: Նշեցին, որ չափազանց կարևոր է ինչպես առողջապահական խնդիրների, այնպես էլ բուժաշխատողների զբաղվածության խնդրի լուծումը:
Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Ստեփանյանը: Նա ՀՀ սփյուռքի նախարարության և սիրահայերի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը` սերտ համագործակցության, օպերատիվ աշխատանքի և սիրահայերի հանդեպ հոգատար աշխատանքի համար:
«Համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք օգնել սիրիահայերին: ՀՀ առողջապահության նախարարությունը` որպես ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, մշտապես օգնության ձեռք է մեկնում սիրիահայերին»,- նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը` ընդգծելով, որ իրենք բարձ են գնահատում նախարարության աշխատանքը:
Կարդացեք նաև
«Ընդամենը մեկ զանգով, մեկ գրությամբ մարդկանց առողջության և ճակատագրի հետ կապված հարցեր են լուծվում: Ամենակարևորն այն է, որ ոչ միայն առողջապահական համակարգում, այլև տարբեր որոտները ներկայացնող մասնագետները գտնեն իրենց տեղը հայրենիքում»,- ընգծեց Ստեփանյանը` հայտնելով, որ իրենց հաշվարկով` վերջին երկու տարիների ընթացքում 700-ից ավելի սիրիահայեր ստացիոնար բուժում են անցել Հայաստանում:
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար»,- ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ, Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի հոգաբարձության երկարամյա հաշվապահ Ալեքսան Կարադանայանը` նշեց, որ բազմից առիթներ է ունեցել այցեցելու ՀՀ առողջապահության նախարարություն և տպավորված է աշխատակազմի հոգատար և ջերմ վերաբերմունքով:
Նախարար Արմեն Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշեց, որ հպարտանելու առարկա է այն, որ նախարարության աշխատանքը նկատելի է:
«Կարծում եմ, որ դա շարունակական է լինելու: Շատ սիրիահայ բժիշկներ աշխատում են ամենապատասխանատու վայրերում` Երևանում և մարզերում` զարդարելով այդ առողջապահական կառույցները: Դրանով լուծվում է նաև մարզերի համաչափ զարգացման խնդիրը, ինչը երկրի և կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է և մեծ օգուտ է բերում մեր երկրին»,- հավելեց նախարարը:
Սիրիահայերին օգնելուն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը շարունակական են լինելու: Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ հանրապետության մարզերի մի շարք` Սպիտակ, Թալինի, Գավառի բժշկական կենտրոններում, սիրիահայ բժիշկներն հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը:
Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը սիրիահայերի անունից Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնեց Հալեպի Կրթասիրաց մշակությաին միության «Մեսրոպ Մաշտոց» արծաթե հուշամեդալը, որը խորհրդանշում է ոչ միայն նախարարի, այլև գերատեսչության ամբողջ անձնակազմի կողմից սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը:
ՀՀ առողջապահության նախարարություն