Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Արտակարգ իրավիճակների նախարարությունում էր: Սա վարչապետի առաջին այցն էր ԱԻՆ:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետին այսօր ներկայացրեց նախարարության ենթակայության տակ գտնվող տեխնիկան՝ զրահապատ մեքենաները, փրկարարական մեքենաները, բժշկական սարքավորումները: Նաեւ հատուկ վարժանքների միջոցով վարչապետին ներկայացվեցին հրդեհաշիջման եւ այլ փրկարարական աշխատանքները: Վարչապետը եղավ ԱԻՆ թանգարանում, ճգնաժամային կետրոնում, ներկա գտնվեց սերվերային կենտրոնի բացմանը: Իր այցի վերջում վարչապետը պարգեւատրումներ եւ կոչումներ շնորհեց նախարարության աշխատակիցներին:
ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ներկայացրեց սերվերային կենտրոնի հնարավորությունները. «Աղետի դեպքում, երբ մի նախարարություն շարքից դուրս գա, սերվերային կենտրոնի միջոցով հնարավոր կլինի ղեկավարել բոլոր նախարարությունները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պարոն Երիցյանը ներկայացրեց, որ այս տարի Գառնիում բացվելու է միջազգային սեյսմիկ կենտրոնը, որտեղ տեղադրված է լինելու 365 մետր երկարությամբ դեֆորմոգրաֆ. «Որքան երկար է դեֆորմոգրաֆը, այդքան ճշգրիտ կարող է ցույց տալ երկրի կեղեւի շարժը, որը գտնվում է վաթսուն մետր խորության վրա»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Վարչապետն էլ իր հերթին դրական գնահատեց ԱԻ նախարարության կողմից տարված աշխատանքները եւ նշեց, որ ոգեւորված է պատրաստակամությունից, տեխնիկակական հագեցվածությունից. «Իրոք հպարտ եմ, որ ունենք նման նախարարություն, որ ամեն վայրկյան մեր քաղաքացիների կողքին է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Վարչապետին այցի ժամանակ ուղեկցում էին կառավարության անդամները՝ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եւ այլոք:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ