Օգոստոսի 2-ին Վրաստանի Թեքալի գյուղում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ կայացած խաղաղասիրական ճառերի փառատոնի ժամանակ հարցազրույց ունեցանք ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հետ: Նրան ասացինք, որ վերջին շրջանում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ են ձերբակալվել, որի պատճառով ԱՄՆ-ը խիստ քննադատում է Ադրբեջանի իշխանություններին: Այդ քննադատությունը ձեւակա՞ն բնույթ է կրում, թե՞ իսկապես ԱՄՆ-ը Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություններ չունի:
Ալիզադեն ասաց. «ԱՄՆ-ը իսկապես քննադատում է: Բայց եկեք իրատես լինենք, Ամերիկան Ադրբեջանի վրա ազդելու ի՞նչ հնարավորություններ ունի: Նա զորքեր չի մտցնի, հույս ունեմ ` ոչ ոք դրան չի հավատում, ինչ վերաբերում է ֆինանսական լծակներին՝ Ադրբեջանը ֆինանսական առումով ինքնաբավ երկիր է, նույնիսկ ավելի քան 50 միլիարդ դոլար ավելցուկներ ունի, կարիք չունի ֆինանսների եւ վարկերի: Իսկ բարոյական ասպեկտները Ադրբեջանի ղեկավարության համար քիչ բան են նշանակում: Այդ պատճառով Ամերիկան փաստացի անզոր է Ադրբեջանի գործողությունների նկատմամբ եւ ոչ մի լծակ չունի, բացի բարոյական կոչերը:
Ադրբեջանական իշխանությունները, այո, ճնշում, լռեցնում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Ի՞նչ նպատակով, նրանց մոտակա նպատակն է անցկացնել եվրոպական խաղերը, որպեսզի ոչ ոք նրանց չխանգարի անցկացնել այդ մեծածախս միջոցառումները, որը նրանց թույլ կտա հարստանալ, իսկ հետո, հնարավոր է, Աստված տա, օլիմպիական խաղեր կանցկացնեն եւ 50 միլիարդ իրենց գրպանը կդնեն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև