«Չկան նման փոփոխություններ, նույնիսկ կառավարությունը նման հարց չի քննարկել»,-Aravot.am-ի հարցին՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում տեղ գտած փոփոխությունները լրացուցիչ սահմանափակումներ չե՞ն առաջացնի անձի հավաքների անցկացման ազատության իրավունքի իրացման համար, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հիշեցնենք, որ «Փաստինֆոն» տեղեկություն էր տարածել, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 14-ի նիստում հավանության է արժանացրել նշված նախագիծը: Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այս առնչությամբ մտահոգություն էր հայտնել, որ «Սա եւս մեկ անորոշություն է, որ մտցված է օրենքում»:
Հիշեցնենք, որ առաջարկվում է լրամշակել գործող օրենքի 30-րդ հոդվածը, որով սահմանվում են հավաքի մասնակիցների պարտականությունները: Այս փոփոխությամբ նախատեսվում է դրանց ավելացնել ևս մեկը, այն է` «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները և ազատությունները կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»:
Սակայն Հովհաննես Մանուկյանը մեզ հետ զրույցում պնդեց, թե «ոչ մի փոփոխություն էլ չի արվել» ու եզրափակեց. «Կառավարությունն ընդհանրապես նման հարց չի էլ քննարկել, նման որոշում չի կայացվել, ոչ մի փոփոխություն չի արվել: Ովքեր հայտարարություն են արել այդ մասին, հարցրեք նրանց՝ այդ ե՞րբ է կառավարությունն այդ հարցը քննարկել, ե՞րբ են նման փոփոխություններ կատարվել»:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքից այդպես էլ պարզ չդարձավ, այնուամենայնիվ, «Հավաքների մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը դեռ օրակարգո՞ւմ է, առաջիկայում փոփոխություններ ակնկալվե՞ն, թե՝ ոչ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ