Եվ այսպես, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 177, կանանց պայքարին՝ 136 հավաքական: Երկու մրցաշարերում թիմերը շվեյցարական մրցակարգով անցկացրին 11-ական տուր:
Երեկ կայացած եզրափակիչ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Չեխիայի Հանրապետության ընտրանուն: Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին: Տասնմեկ տուրում վաստակելով թիմային 16,0 միավոր՝ մեր տղաները ոչ միայն վայր դրեցին երկու տարի առաջ Ստամբուլում նվաճած համաշխարհային օլիմպիադայի հաղթողի լիազորությունները, այլեւ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեցին ութերորդ տեղում: Այնպես որ, մեր տղամարդկանց մրցելույթը Նորվեգիայում կարելի է համարել չհաջողված: Իսկ անհատական ցուցանիշներով մեր թիմում կայուն խաղով եւ բարձր արդյունքով առանձնացան 2-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Գաբրիել Սարգսյանը եւ 4-րդ խաղատախտակի առջեւ՝ Վլադիմիր Հակոբյանը: Նրանք մասնակցեցին բոլոր՝ 11 տուրերին եւ վաստակեցին անհատական՝ 7,5-ական միավոր:
Այնպես որ, անվարան կարելի է ասել, որ Տրոմսյոյում մեր հավաքականի առաջատարները հենց այս երկու գրոսմայստերներն էին: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հանդես եկավ տասը տուրում եւ իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր, իսկ Սերգեյ Մովսիսյանը, որ խաղում էր երրորդ խաղատախտակի առջեւ, 11 տուրերում իր թիմի հաշվարկին բերեց 6,0-ը: Հավաքականի հինգերորդ անդամը՝ Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը, պայքարի մեջ մտավ միայն մեկնարկային տուրում եւ հաղթանակ տարավ:
Կարդացեք նաև
Հակառակ տղաների, Հայաստանի կանանց ազգային հավաքականը թիմային պայքարում երեք կետով բարելավեց երկու տարի առաջ Ստամբուլում կայացած օլիմպադայի ցուցանիշը՝ թիմային 17,0 միավորով գրավելով 5-րդ պատվավոր տեղը: Վերջին տուրում մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին իսպանուհիներին:
Ամբողջ մրցաշարում իրեն գերազանց դրսեւորեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը՝ ցուցադրելով ինչպես անհատական բարձր արդյունավետություն, այնպես էլ՝ իսկական թիմային ոգի: Լիլիթը առանց փոխարինման մասնակցեց բոլոր տուրերին եւ արձանագրեց մեր թիմում լավագույն արդյունքը՝ 8,0 միավոր: Հավաքականի համար անչափ օգտակար աշխատեց նաեւ Մարիա Կուրսովան (չորրորդ խաղատախտակ), որը նույնպես իր ուսերին տարավ պայքարի ողջ բեռը՝ վաստակելով 7,0 միավոր: Էլինա Դանիելյանը պայքարի մեջ ներգրավվեց միայն երրորդ տուրից եւ առաջին խաղատախտակի առջեւ վաստակեց 6,0 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ անկայուն հանդես եկած Լիլիթ Գալոյանը, սակայն 11 պարտիայում:
Ամենայն դրվատանքի է արժանի մեր կանանց թիմի հինգերորդ անդամը՝ Շուշաննա Սարգսյանը: Հայաստանի այս տարվա չեմպիոնը մասնակցելով օլիմպիադայի մեկնարկային երկու տուրերին՝ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց ու կարեւոր ներդրում ունեցավ թիմի հաջողության մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.08.2014 թ.