Գերմանաբնակ հայազգի արվեստագետ Միշա Բադասյանն իր նոր նախագծի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ամեն օր տարբեր մարդկանց հետ սեռական հարաբերություններով կզբաղվի՝ ուշադրություն հրավիրելով միայնության և սեքսի միջև կապին, գրում է «Վոքաթիվ» լրատվականը:
«Փրկիր օրդ» կոչվող նախագծի շրջանակներում Բադասյանն իր փորձառության մասին ինստալացիա կանի՝ լուսանկարների և տեսանյութերի հիման վրա, ինչպես նաև վավերագրական ֆիլմ կնկարի, իսկ սպիտակեղեններով, որոնց վրա սեռական գործողություններն է կատարելու, քանդակ կսարքի:
«Հոգեկան առողջության տեսանկյունից սա լինելու է իմ ամենաբարդ և վտանգավոր արվեստի գործը: Այո, այն բավականին դժվար է լինելու: Անկեղծ ասած՝ ես փոքր-ինչ վախենում եմ», – ասել է արվեստագետը լրատվականի հետ զրույցում:
Ծրագրի մաս է կազմում «անորոշ վայրեր»-ում (ֆրանսերեն՝ non-lieux) միայնության և կապ հաստատելու դժվարությունները բացահայտելը:
«Անորոշ վայրեր»-ն են՝ սուպերմարկետները, առևտրի սրահները, օդանավակայանը և այլ վայրեր, որտեղ մարդիկ կորցնում են իրենց ինքնության զգացողությունը և չեն զգում իրենց: Այս վայրերում դու չես խոսում ոչ ոքի հետ կամ՝ զգում ինքդ քեզ: Դա էլ միայնություն է ստեղծում», – բացատրում է Բադասյանը, – «Հավաքելով 365 մարդկանց մասին պատմություններ՝ ինձ կօգնի ստեղծել հավաքական մարմնի ինստալացիա և բոլոր անորոշ վայրերը դարձնել որոշակի»:
26-ամյա Միշա Բադասյանը ծնվել է Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել է Դրեզդեն՝ ուսումը շարունակելու: Եվրոպայում նա հայտնի է հակագովազդային իր նախագծով, որի շրջանակներում տարբեր քաղաքների մետրոներում իջեցնում էր շալվարը և երևում էր գոտկատեղից կախված այփադ-ը, իսկ շապիկին գրված էր, որ այփադի վրա կարող է լինել ձեր գովազդը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ