Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներին հորդորել են սատկացնել ոստիկաններին

Օգոստոս 15,2014 14:13

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ասաց, որ ինքը քաղբանտարկյալ է ու նոյեմբերի 5-ի դեպքով իրեն մեղավոր չի ճանաչում:

Հետո թվարկեց ընկերների անունները եւ պատմեց՝ ում հետ որտեղ ու երբ է ծանոթացել: Ասաց շատ ուրախ է, որ ընկերացել է նրանց հետ, որովհետեւ նրանք ունեն ձեւավորված արժեհամակարգ, ազնիվ, բարի ու պարկեշտ անձնավորություններն են:

Նա իրեն համարեց օրինապաշտ քաղաքացի ու պատմեց, որ սպա է ու արդեն քսան տարի է ծառայում է հայրենիքի համար.«Այդ ընթացքում հասկացել եմ, որ ավելի նենգ թշնամին մեր թիկունքում է, ոչ թե մեր դիմաց: Այդ թշնամին թալանում է մեր երկիրը, նվաստացնում իմ երկրի քաղաքացիներին»:

Նրա խոսքով, «Իմ ծառայության ընթացքում վաստակել եմ արժանապատիվ ապրելու իրավունքը եւ չեմ ուզում հեռանալ իմ երկրից: Այդ է պատճառը, որ տեղեկանալով, որ Շանթը արժեքների հեղափոխություն է սկսել, մարզից եկել միացել եմ նրան: Նոյեմբերի մեկից հինգը ընկերների հետ նստել եմ Ազատության հրապարակում: Սովորական քաղաքացիներ էին հետաքրքրվում մեր գաղափարներով, մեր անելիքներով, բայց նրանց հետ մեզ էին մոտենում նաեւ քաղաքացիական հագուստով սադրիչներ, զրուցում էին մեզ հետ ու հորդորում, որ խաղաղ երթի ժամանակ բախում կազմակերպենք ոստիկանների հետ՝ վստահեցնելով, որ դա ճիշտ տարբերակն է, ասում էին՝ սատկացրեք ոստիկաններին, այդ դեպքում ժողովուրդը ձեզ կմիանա:

Մենք իրենց պատասխանել ենք, որ մեր ակցիան քաղաքական նպատակներ է հետապնդում եւ մենք չենք ուզում բախումներ ոստիկանների հետ, բայց եթե բռնություններ կիրառեն մեր նկատմամբ՝ պաշտպանվելու ենք: Ազատության հրապարակում երկու հոգի մոտեցել են մեզ, եթե միանգամից մտածել եմ, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, ասում էին, թե հարյուր հոգով են, ու էլի կշատանան ու կմիանան մեզ, միայն թե բախում կազմակերպենք: Երբ ասացի՝ իրենց դեմքը ծանոթ է ինձ, նրանք փախան»:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով, նոյեմբերի 5-ին ինքը ուներ ինքնաշեն հրատեխնիկական միջոց ու բահ, երբ մոտեցել է օպերայի ծառայողական մուտքին, Շանթի հետեւից է քայլելիս, տեսել է, որ ոստիկանները շարված էին մայթեզրին, իսկ փողոցի երթեւեկելի հատվածում արդեն նկատել է քաղաքացիական հագուստով մարդկանց, «Երբ Շանթը մոտեցավ մայթեզրին, ոստիկաններն առանց հորդորների կողք անցան ու ճանապարհ տվեցին, որ Շանթը դուրս գա երթեւեկելի մաս:

Հենց Շանթը դուրս եկավ երթեւեկելի մաս, ոստիկան Գեղամ Խաչատրյանը հետեւից մոտեցավ ու քաշեց ձեռքից: Նրա արածը ոչ թե վիրավորական էր, այլ իր քաշելով, Գեղամը սարքեց այդ բախումը: Ոստիկանները սկսեցին բռնություններ կիրառել մեր նկատմամբ ու սկսեցի պաշտպանվել համաչափ ձեւերով: Ինձ մեղավոր չեմ ճանաչում, մենք խուլիգաններ չենք, պաշտպանել ենք մեր արժանապատվությունը, պաշտպանվել եմ ոստիկանների բռնություններից: Թե տուժողները, թե վկաները պնդում են, որ քաղաքացիական հագուստով ընկած ոստիկանը ներկայացել է, հետո ասում են՝ գոռում էր, թե ոստիկան է, իսկ ինչ-որ մեկը գոռացել է, թե խփեք, միլիցա է: Ես այդ ոստիկանի մոտ եմ եղել ու չեմ տեսել, որ այդ անձը ներկայանա կամ չեմ լսել, որ ասել է ոստիկան եմ մի խփեք, չեմ էլ լսել, որ ասել են՝ միլիցա է խփեք: Զարմանալի, է որ դա լսել են միայն տուժող ու վկա ոստիկանները»:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ հետաքրքրվեց՝ մեղադրանքի մեջ նշված է, որ հրել եք երկու ոստիկանների, վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ, իրականությանը համապատասխանո՞ւմ է:

Ի պատասխան ամբաստանյալն ասաց՝ ոչ. «Իմ սպայի արժանապատվությունը թույլ չի տալիս ստել, ոչ մեկի չեմ հրել ու ֆիզիկական ցավ չեմ պատճառել»:
Շանթ Հարությունյանն էլ հարցրեց, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ առանձնազրույցից հետո ձեզ տեղեկացրե՞լ եմ, որ Օսիպյանն ասած լինի մայթով կքայլեք;

«Նման բան չի եղել, Շանթը չի ասել, որ Օսիպյանը զգուշացրել է մայթերով քայլել»,- պատասխանեց Արմեն Հովհաննիսյանը:

Մեղադրող Գեւորգյանն էլ հարցրեց երթի ուղղությունը հայտնի՞ էր նրան, թե՞՝ ոչ:
«Ինձ համար կարեւոր չէր երթուղին, ոչ մի անգամ Շանթից չեմ էլ հարցրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031