Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ:
Այդ միջոցառումների շրջանակում վարչության 8-րդ բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Կրպակ» ՍՊԸ-ն թեպետ հիմնականում խանութների ցանցի միջոցով իրականացնում է սննդամթերքի և այլ ապրանքների մանրամեծածախ առևտուր, նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում. Երևանի Նոր-Նորք 7-րդ զանգվածում և Հրազդան քաղաքում վարձակալված առևտրի կետերում, բացի մանրամեծածախ առևտրից, նաև ենթավարձակալությամբ տաղավարներ է տրամադրում տարբեր տնտեսվարող սուբյեկտների, որոնք պայմանագրի հիման վրա նույնպես իրականացնում են մանրածախ առևտուր:
Ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորելու նպատակով «Կրպակ» ՍՊԸ-ում ՕՀՎ 8-րդ բաժնի և Հրազդանի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում` ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորվել են:
Համաձայն օրենսդրության «առևտրի իրականացման վայրի կազմակերպում»-ը լիցենզավորման ենթակա գործունեություն է, մինչդեռ «Կրպակ»-ը վերոհիշյալ հասցեներում նմանատիպ գործունեությունն իրականացնում է առանց լիցենզիայի, ինչի համար ընկերությանն առաջադրվել է տուգանք` համապատասխան պետական տուրքի տասնապատիկի չափով` կազմելով 15 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Վերականգնման ենթակա է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքը` 1.5 միլիոն դրամի չափով:
Դեպքի առթիվ կազմված նյութերը ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու նպատակով:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին