«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Հյուսիսային Իրաքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդիների ցեղասպանության կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում եզդի ժողովրդի ներկայացուցիչներին: Հայաստանում բնակվող եզդիները միշտ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Հայաստանի ու հայության նկատմամբ՝ թե՛ 1918թ. թուրքական ներխուժման ժամանակ՝ փայլելով Սարդարապատի ճակատամարտում, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ մեր օրերում:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը միաժամանակ դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծման ու ֆինանսավորման մեջ մասնակցություն ունեցած երկրներին՝ փաստելով, որ այս երկրները նույնպես մասնակից են եզդիների ցեղասպանությանը:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հստակ արտահայտվել Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության կապակցությամբ: Կուսակցությունն առաջարկում է Արցախի կառավարությանը եզդիական կազմակերպությունների հետ ճշտել անհրաժեշտ կարիքները, ցույց տալ մարդասիրական և այլ անհրաժեշտ օգնություն:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն